Նոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնը։
Հանդիսատեսին կրկին սպասվում է հագեցած մեկ շաբաթ` անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններով, միջազգային ճանաչում ունեցող մասնագետներով, ցուցահանդեսներով, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներով և շատ այլ նոր ու հետաքրքիր իրադարձություններով։
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Կինոյի տանը, իսկ բացման ֆիլմն է ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ըմբոստ թռչնակը» (Viva Carmen!) անիմացիոն երաժշտական դրաման։
Մրցութային ծրագրում ընդգրկված են 2026 թվականի աշխարհի լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմերից մի քանիսը՝ ֆրանսիացի ռեժիսոր Լուի Կլիշիի «Երկաթյա տղան», ֆրանսիացի ռեժիսոր Օլիվիե Կլերի «Լյուսիին որոնելիս», ռեժիսորներներ Էրվին Հանի և Ռաուլ Գարսիայի «Ջութակահարուհին», Կոհեյ Կադովակի «Տարբեր աշխարհներից», Լիա Նելսոնի «Հանգույցներ», Ադրիա Գարսիայի «Բարուկադա գանձը», Ալբերտ Վասկեսի «Դեկորադո» եւ, իհարկե, ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ըմբոստ թռչնակը» ֆիլմը։
Փառատոնի այս տարվա պաշտոնական պաստառի հեղինակը լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի հայտնի անիմացիոն ռեժիսոր և իլյուստրատոր Զավեն Նաջարն է։ Պոստեռի հիմքում ընկած է հայկական դիցաբանության ամենակախարդական կերպարներից մեկը՝ թևավոր շուն Արալեզը։ Հայոց առասպելներում այս ոգիները հայտնի են իրենց կենարար ուժով. նրանք իջնում էին ռազմի դաշտ և լիզելով վերակենդանացնում ընկած հերոսներին։
ReA փառատոնն այս տարի առաջին անգամ Հայաստանում ներդրել է թվային ակրեդիտացիաների համակարգ, որը միջազգային փառատոններում ընդունված ձևաչափ է։ Այն հնարավորոթյուն է տալիս ավելի հարմար տարբերակով միանալ փառատոնին։
Փառատոնի բացման օրից Հայաստանի կինոգործիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում կարող եք վայելել ReAComics պատկերապատման ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ինչպես ոլորտում արդեն փորձառուների, այնպես էլ սկսնակ հեղինակների պատկերապատման աշխատանքները: Այս տարի ցուցադրությունը բաղկացած է լինելու ՌեԱ ազգային պատկերապատման 4-րդ մրցույթի մասնակիցների գործերից, ինչպես նաեւ տեղի կունենան անցյալ տարվա հաղթող Սոֆիա Միրզոյանի «Ժասմինն ու Բիմբիմը» գրքի շնորհանդեսը, Ջորդան Մեքների «Վերապրում» պատկերապատման պաստառների ցուցահանդեսը՝ իր ներկայությամբ և ստորագրության հնարավորությամբ, Պակո Ռոկայի «Խորշոմներ» գրքի շնորհանդեսը, Արթ Շփիգելմանի «Մաուս» պատկերապատման պաստառների ցուցահանդեսը և «Միմյանց մասին» խորագրով Գեղարվեստի Ակադեմիայի ուսանողների Պատկերապատման դասի ավարտական աշխատանքներով ցուցադրությունը։
Փառատոնի կարևոր բաղադրիչներից է ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսված «ՄարԱնի» (Market of Animation) ֆորումը, որը անիմացիոն կինոյի, կոմիքսների, խաղերի և վիզուալ արվեստների ոլորտի տարածաշրջանային խոշորագույն մասնագիտական շուկան և միջոցառումն է։ Կանցկացվի նոյեմբերի 9-ից 11-ը ՀԲԸՄ (AGBU)-ում։
CoReAct համարտադրության հարթակում այս տարի ներկայացված է հայաստանյան անիմատորների 12 նախագիծ, որոնք մասնակիցները կներկայացնեն միջազգային ժյուրիին՝ ունենալով աշխատանքային ու գաղափարային քննարկումներ։
Այս տարի առաջին անգամ ՌեԱ փառատոնը՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, անցկացնում է ReA Academy Lab-ը պրոդյուսերների, սցենարիստների և վիզուալ արվեստագետների համար։ Ծրագիրը նախատեսված է միջին փորձառություն ունեցող մասնագետների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները դեպի միջազգային մակարդակ։ Լաբորատորիայի նպատակն է խորացնել մասնագիտական կարողությունները, ծանոթացնել միջազգային արտադրական և համատեղ արտադրության գործելակերպերին և կապ ստեղծել Հայաստանի մասնագիտական միջավայրի ու միջազգային անիմացիայի ոլորտի միջև։
ReA Academy Lab-ի աջակիցն է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ սփյուռքահայ մասնագետների ներգրավման, նրանց մասնագիտական ներուժն ու փորձը Հայաստանի մասնագետներին փոխանցելու և փոխգործակցությունը խթանելու նպատակով։ Աջակիցն է hosq-ը, որը Երևանում հիմնված միջազգային մշակութային հիմնադրամ է, նպաստում է ստեղծագործական արդյունաբերությունների զարգացմանը՝ լաբորատորիաների, կրթական ծրագրերի և մասնագիտական ցանցերի միջոցով միավորելով արվեստագետներին ու տաղանդներին։
Հետաքրքիր նորություններն այսքանով չեն սահմանափակվում․ Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ Երևանի անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային «ՌեԱ» փառատոնի շրջանակում, ներկայացնում է ֆրանսահայ անվանի ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների շարքը։ Ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Նաիրի» կինոթատրոնում։ Բացման արարողությանը ներկա կլինի անձամբ Սերժ Ավետիքյանը։
Նոյեմբերի 8-ից 28-ը ReA փառատոնը՝ Rambalkoshe-ի հետ միասին, առաջին անգամ ներկայացնում է ARCANE-League of Legends ցուցահանդեսը Հայաստանում։ Այցելուները հնարավորություն կունենան հայտնվել հայտնի անիմացիոն սերիալի ստեղծագործական աշխարհի յուրահատուկ իրականության մեջ։
Փառատոնն այս տարի յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել նաեւ երաժշտասերներին․ նոյեմբերի 14-ին՝ Կինոյի տանը, տեղի կունենա «ՋԱԶ երեխաների համար» (JAZZ for KIDS) համերգը։ Այն իրականություն են դարձրել ՌեԱ Փառատոնը և ReAct production-ը՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա մուլտֆիլմերի պրոյեկցիա։ Փոքրիկների կողմից արդեն սիրված այս նախագծի հեղինակն է ջազ երաժիշտ Կարեն Գրիգորյանը:
Այս տարի ևս փառատոնը հագեցած է հետաքրքիր աշխատարաններով․ իրենց փորձով կկիսվեն իլյուստրատոր, կերպարների կոնցեպտ արտիստ և արտ դիրեկտոր Իգոր Հերաս Ֆերնանդեսը, գրաֆիկական վեպերի հեղինակ, նկարազարդող, սցենարիստ և լեգենդար Prince of Persia խաղերի ստեղծող Ջորդան Մեքները, անիմացիոն նկարիչ Արմին Թաղդիսիրադը։ Կանցկացվի անիմատոր Դեն Ֆրանկեի դասախոսությունը, իսկ նկարիչ Դիանա Եղիկյանը վարպետության դաս կանցկացնի։
«ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային 18-րդ փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Փառատոնին աջակցում են նաև ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը, Իսպանական մշակութային գործունեությունը (AC/E)։
18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնի թիմ


















































