Իրանի մշակույթի խորհրդականը՝ Հայաստանում «Շահնամեի» թարգմանության ավարտի և պարսկերենի ուսուցման ընդլայնման մասին
Հայաստանում ավարտին է հասցվել պարսից գրականության մեծագույն ստեղծագործություններից մեկի՝ Ֆիրդուսու «Շահնամեի» ամբողջական արձակ հայերեն թարգմանության նախագիծը։ Միաժամանակ ընդլայնվում է Հայաստանում պարսկերենի ուսուցման աշխարհագրությունը․ ներկայումս շուրջ 5000 մարդ պարսկերեն է սովորում, իսկ լեզուն դասավանդվում է Հայաստանի 20 դպրոցներում։
Հայաստանում Իրանի մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդն անդրադարձել է հայ-իրանական մշակութային համագործակցության ընթացքին, «Շահնամեի» թարգմանության նշանակությանը և Հայաստանում պարսկերենի տարածման հեռանկարներին։
Նրա խոսքով՝ «Շահնամեի» արձակ հայերեն թարգմանության նախագիծը մեկնարկել է 2021 թվականին՝ Գառնիկ Ասատրյանի նախաձեռնությամբ, և երեք տարվա շարունակական աշխատանքի արդյունքում ավարտին է հասցվել 2025 թվականի սկզբին։ Մովահեդն ընդգծել է, որ ստեղծագործության գրական բարդությունն ու ոճական առանձնահատկությունները թարգմանչական աշխատանքից պահանջել են մասնագիտական մեծ պատրաստվածություն և համբերություն։
Կարդացեք նաև
Նա նշել է, որ «Շահնամեի» թարգմանությունը պարզապես գրական ստեղծագործության հայերեն ներկայացում չէ, այլ երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդման կարևոր միջոց։ Նախագծի նպատակներից մեկն էլ հայ երիտասարդ սերնդին իրանական գրական ժառանգությանը և Ֆիրդուսու ստեղծագործության մեջ ամփոփված իմաստությանը հնարավորինս մատչելի ձևով ծանոթացնելն է։
Անդրադառնալով Հայաստանում պարսկերենի ուսուցման զարգացմանը՝ Մոհամմադ Ասադի Մովահեդը հայտնել է, որ ներկայում շուրջ 5000 մարդ պարսկերեն է սովորում Հայաստանի 20 դպրոցներում։ Նրա ներկայացրած տվյալներով՝ դպրոցներում աշխատում է նաև պարսկերենին տիրապետող 22 հայ ուսուցիչ։
Մշակույթի խորհրդականի գնահատմամբ՝ պարսկերենի նկատմամբ հետաքրքրության աճը դրսևորվում է ոչ միայն դպրոցական կրթության, այլև համալսարանական և գիտական միջավայրում։ Նա առանձնացրել է Հայաստանի երկու կարևոր համալսարաններում գործող իրանագիտական ամբիոններն ու մասնագիտությունները, ինչպես նաև Երևանի Կապույտ մզկիթում և այլ մշակութային կենտրոններում կազմակերպվող պարսկերենի դասընթացները։
Մովահեդի խոսքով՝ Իրանի մշակութային գործունեությունը Հայաստանում չի սահմանափակվում լեզվի ուսուցմամբ։ Մշակութային ծրագրերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև պարսից գրականության մեծանուն ներկայացուցիչների՝ Հաֆեզի, Մոլավիի, Նիզամիի և Շահրիարի ստեղծագործությունները։ Այս նախաձեռնությունների նպատակն է հայ հասարակությանը ներկայացնել իրանական քաղաքակրթության բազմակողմանիությունը՝ լեզվից ու գրականությունից մինչև պոեզիա և փիլիսոփայական միտք։
Նա ընդգծել է, որ Իրանի մշակութային ներկայացուցչության երկարաժամկետ նպատակներից է Հայաստանը տարածաշրջանային իրանագիտական կարևոր կենտրոններից մեկը դարձնելը՝ զարգացնելով գիտական ուսումնասիրությունները, կրթական ծրագրերն ու մշակութային համագործակցությունը։
Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ Մոհամմադ Ասադի Մովահեդը կարևորել է կրթական և մշակութային կառույցների ամրապնդումը, ինչպես նաև հայ-իրանական ընդհանուր մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանն ուղղված նախաձեռնությունների շարունակականությունը։ Նա առանձնահատուկ ընդգծել է նաև Գառնիկ Ասատրյանի նման մասնագետներին աջակցելու անհրաժեշտությունը։
Հայերեն «Շահնամեի» ամբողջական թարգմանության ավարտը և Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնումը հայ-իրանական մշակութային համագործակցության կարևոր ուղղություններից են՝ նպաստելով երկու ժողովուրդների գրական, կրթական և քաղաքակրթական կապերի զարգացմանը։


















































