Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռաֆիկ Գրիգորյանի բուժզննման արդյունքում որեւէ հետք չի հայտնաբերվել». ՕԵԿ-ից կտրուկ հերքում են Փելեշյանի ծեծելը

Հոկտեմբեր 10,2016 21:35

Վանաձորում ՕԵԿ-ի ավագանու թեկնածու Արկադի Փելեշյանի՝ Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծելու միջադեպն  այս օրերին հակասական եւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Չնայած տարածվեց տեսանյութ, թե ինչպես է Արկադի Փելեշյանը մի խումբ մարդկանց ուղեկցությամբ մտնում եկեղեցի, Ռաֆիկ Գրիգորյանը մի շարք ԶԼՄ-ների պատմել էր, թե ինչպես է Փելեշյանը հարվածել իր գլխին, ՕԵԿ պատգամավորները, միեւնույն է, չեն ընդունում, որ առհասարակ որեւէ միջադեպ է եղել:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը այսպես բացատրեց եղելությունը. «Արկադի Փելեշյանը գնացել է Ռաֆիկ Գրիգորյանի մոտ, որովհետեւ խոսակցություններ կային, որ նա ընտրակաշառք է բաժանել՝ ձայներ գնելու համար: Արկադի Փելեշյանը, քանի որ ժամանակին բազմիցս աջակցել է իր հնարավորությունների շրջանակներում այս կազմակերպությանը եւ տվյալ անձնավորությանը, իրենց հավատացյալներին, նա գնացել է,  տեղի է ունեցել խոսակցություն: Միգուցե՝ ավելի բարձր տոներով, բայց եղել է պարզաբանման ցանկություն, եթե ընտրակաշառք է բաժանել, ապա ինչո՞ւ է տվյալ եկեղեցին մասնակցել դրան»:

Մենք ճշտեցինք, այսինքն՝ ծեծ չի՞ եղել՝ նա պատասխանեց. «Եղել է բարձր տոներով խոսակցություն»:

Մեր դիտարկմանը, որ եկեղեցու հովիվը բազմաթիվ ԶԼՄ-ների է պատմել, թե ինչպես է գլխի շրջանում հարվածներ ստացել՝ նա պատասխանեց. «Մինչ այդ բազմաթիվ տեսակետներ կար, որ հոսպիտալացվել է, այնուհետեւ դա հերքվեց: Հետո ասացին, որ բուժզննման է ենթարկվել: Եթե որեւիցե խնդիր լիներ, իրեն բուժհաստատությունից բաց չէին թողնի հենց այնպես: Բուժզննման արդյունքում ոչ մի հետք չի հայտնաբերվել, ես ուզում եմ, որ սա պարզ բոլորդ հասկանաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31