Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «Միայն ՌԴ-ն է շահագրգիռ Հայաստանում արդյունաբերության զարգացմամբ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2016 13:51

Անցնող 2016 թվականի համար «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանը երեք ցուցանիշ է առանձնացնում`տարին շատ ծանր էր Հայաստանի համար, ինչպես ԵԱՏՄ եւ աշխարհի շատ երկրների համար, տարին աչքի ընկավ քաղաքակրթությունների բախումով եւ հանքահումքային ապրանքների գնի անկմամբ:

Այնուհանդերձ, Արամ Սաֆարյանը լավատեսական ցուցանիշներ էլ է առանձնացրել: Դրանք երեքն են, երեքն էլ պայմանավորված են ՀՀ-ի`ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տարին վերլուծելով այս համատեքստում, Արամ Սաֆարյանը նկատեց, որ ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալների աճ է գրանցվել. գյուղմթերքի արտահանումը գերազանցել է 87 տոկոսը: Սա բանախոսին լավատեսության հիմք է տալիս: Իր համոզմամբ՝ եկող տարի էլ այս աճը կշարունակվի, քանի որ ՌԴ-Արեւմուտք հակամարտությունը շարունակվելու է եւ ռուսական շուկան հայկական գյուղմթերքների կարիքը շարունակելու է ունենալ:

Երկրորդ ցուցանիշը`արդյունաբերական ծավալների աճն է. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տասն ամիսների կտրվածքով այս ճյուղում էլ է աճ գրանցվել: Արամ Սաֆարյանը կարծում է, որ աշխարհում միակ պետությունը, որը շահագրգիռ է Հայաստանում արդյունաբերության զարգացմամբ, ՌԴ-ն: Դա լա՞վ է, թե`վատ, չգիտի: Փաստն է արձանագրում`հավելելով, որ Հայաստանում դրական սպասումներ կան՝ ռուսական շուկան հայկական արտադրական ապրանքներով հարստացնելու առումով: Երրորդ ցուցանիշը`ծառայությունների աճն է:

Մանրամասները`տեսանյութում

«Վերջին երկու ամսում նոր կառավարությունը դրական սպասում է առաջացրել, հանրությունն ակնկալում է, որ կառավարության գործունեության արդյունքում դրական տեղաշարժ կլինի»,- ասաց Արամ Սաֆարյանը`հավելելով, որ իրենց կարծիքով դրական տեղաշարժեր հնարավոր են երկու դեպքում. եթե գարնանը, նոր ընտրակարգով կայանալիք ընտրությունները չխարխլեն երկրի կյանքը, եթե հաջողվեց կայունության մթնոլորտ ապահովել այնպիսի ընտրություններով, որոնք թե ներսի, թե դրսի համար ընկալելի եւ ընդունելի կլինեն, ապա ներդրումների ներհոսք կլինի Հայաստան: Այս պահին դեռ Հայաստանից կապիտալի արտահոսք կա: Այս վիճակը կայունացնելու համար մակրոտնտեսական մթնոլորտի եւ քաղաքական կայունություն ապահովումն է: Երկրորդ`այս վիճակում, երբ երկիրը ներդրումների կարիք ունի, տնտեսական ցուցանիշները դեռ հույս չեն ներշնչում, դեռ դրական սպասելիքները մշուշոտ են, Եվրասիական փորձագիտական ակումբում եկել են այն եզրակացության, որ ճիշտ է, եթե ՀՀ կառավարությունը տնտեսական զարգացման գործընթացները վերցնի իր ձեռքը եւ մասնակիցը դառնա ՀՀ-ում տնտեսական զարգացումներին`հանդես գալով տնտեսավարողի եւ ոչ թե կարգավորողի դերում: Խոսքը հատկապես գյուղատնտեսության եւ ռազմաարդյունաբերական ոլորտի մասին է: Մասնակցության ձեւերը քննարկելի են:

«Հայաստանի`երկու տարվա անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ցույց տվեց, որ այդ քաղաքական որոշումը ճիշտ էր: Նախ`դրական տենդենց կա, եւ ինչպես նախագահն ասաց`մեր խնդիրները շատ ավելի շատ կլինեին, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին»,- ամփոփեց Արամ Սաֆարյանը`քաղաքական ուժերին կոչ անելով քաղաքակրթությունների այս բախման փուլում զգույշ լինել իրենց հայտարարություններում, որպեսզի Հայաստանը չդառնա քաղաքական թատերաբեմ: Եվրոպայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում, բանախոսը որեւէ խնդիր չի տեսնում: Բայց, կարծում է, դա աստիճանաբար պետք է լինի, որ մեր ապրանքները եվրոպական շուկայում մրցունակ լինեն: Հավատացած է, որ կտրուկ քայլերը ուղղակի անմրցունակ կդարձնեն մեր ապրանքները Եվրոպայում`տապալելով համագործակցությունը:

Ամփոփելով տարին Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանն էլ արձանագրեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները վեց փուլով շարունակվելու են: Քաղաքական բաղադրիչն արդեն համաձայնեցված է եւ քաղաքական առումով ՀՀ -ԵՄ հարաբերությունները փոփոխություն չեն կրելու, ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցելը ոչնչով դրան չի խանգարի: Տնտեսական բաղադրիչի շուրջ բանակցությունները կավարտվեն գարնանը: Ակնկալվում է, որ տնտեսական փաստաթուղթն արդեն կստորագրվի:

Բանախոսը կարեւորեց նաեւ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները, «Հորիզոն 20-20» ծրագրին Հայաստանի միանալը, նաեւ, շուտով մեկնարկելիք բանակցությունները` ԵՄ-ի ավիացիոն տարածքին միանալու շուրջ: Եվրոպական հանձնաժողովը, հիշեցնենք, համապատասխան մանդատը տվել է: «Եթե գարնանը հաջողվի ստորագրել ԵՄ-ի հետ նոր համագործակցության պայմանագիրը, ապա Հայաստանի հռչակած «եւ-եւ»-ի քաղաքականությունը իր նպատակին հասել է»,- ասաց Աննա Կարապետյանը`հավելելով, որ այս պահին եւ ԵՄ-ն, եւ ՀՀ-ն ունեն այդ քաղաքական կամքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031