Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը՝ ամբաստանյալին. «Ամուսնանալու ժամանակն է»

Դեկտեմբեր 21,2016 17:42

Դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Գագիկ Պողոսյան) կայացավ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Գագիկ Միքայելյանի, Արսեն Մկրտումյանի եւ Սոսո Մարգարյանի գործով հերթական դատական նիստը: Երիտասարդները մեղադրվում են ՊՊԾ գնդի մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդություն էր ներկայացրել՝ դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին, կարճատեւ ընդմիջումից հետո նիստը շարունակվեց:

Դատարանը ծանոթացավ ամբաստանյալների վերաբերյալ դրական բնութագրերին ու փաստաթղթերին: Սոսո Մարգարյանի վերաբերյալ երկու բնութագիր կար՝ տրված Ռուս-հայկական Սլավոնական համալսարանից, որտեղ պրոֆեսորները երիտասարդին բնորոշել էին մտքի բացառիկ ճկունությամբ օժտված, գիտությամբ, տարբեր օտար լեզուներով՝ ներառյալ ճապոներենը, հետաքրքրված մեկը, իսկ Բերդավանի գյուղապետի տված բնութագրում խոսվում էր սահմանամերձ գյուղին Սոսոյի կողմից տարած օգնության մասին:

dati-2

Դատավորը տարակուսանք հայտնեց. «Ի՞նչ է նշանակում մտքի բացառիկ ճկունություն»: Իմիջիայլոց, Սոսո Մարգարյանն արդեն ավարտել է Սլավոնական համալսարանը եւ այժմ նաեւ Բժշկական համալսարանի ուսանող է: Դասախոսներից մեկն այսպես էր բնորոշել Սոսո Մարգարյանին. «Եթե կարծում է իր որոշումը ճիշտ է, ապա ամբոխին դեմ կգնա»: «Շատ տպավորիչ ու ճշգրիտ բնութագրում է»,-ասաց դատավոր Պողոսյանը:

Պարզվեց, որ ամբաստանյալ Գագիկ Միքայելյանն էլ գիտական հոդվածի հեղինակ է, պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով : Ըստ պաշտպանի, նա նաեւ մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, որը վկայող գրությունը պաշտպանը խոստացավ ներկայացնել հաջորդ նիստին: Գագիկը ամուսնացած է, խնամքին ունի անչափահաս երեխա:

Ինչ վերաբերում է կրկին դրական բնութագրված Արսեն Մկրտումյանին, նա ամուսնացած չէր, ինչի առիթով նախագահողը ռեպլիկ արեց. «Արդեն ժամանակն է»: Երեք երիտասարդներն էլ նախկինում դատապարտված չեն եղել:

Մեղադրական ճառի նախապատրաստության համար մեղադրող դատախազ Պետրոսյանը մի քանի օր ժամանակ խնդրեց: Դատարանը տվեց այդ ժամանակը, եւ հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 27-ին, ժամը 15-ին:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031