Լրահոս
Օրվա լրահոսը

Հում կամ ընտրովի հումանիզմ. «Հայոց Աշխարհ»

Հունվար 13,2017 12:43

Այս օրերին շատերին է վրդովեցրել ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների վերջին հայտարարության այն ձևակերպումը, որով կոչ է արվում, այսպես ասած, հումանիզմ դրսեւորել եւ ադրբեջանական կողմին վերադարձնել նրանց դիվերսանտի դին, որ ընկած է մեր զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հարցը, իհարկե, ադրբեջանական ելուզակի լեշը վերադարձնելը չէ, այլ այն ընտրողական մոտեցումը, որ այս դեպքում դրսեւորվել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Երեկ, ի դեպ, Արցախի հակամարտության կարգավորման հարցում աջակցություն հայտնելով ՄԽ համանախագահներին՝ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը: Տարածված հաղորդագրության համաձայն՝ նա նշել է. «Եվրոպայի խորհուրդն ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում եւ մշտապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնուամենայնիվ մենք մտահոգված ենք հակամարտության հումանիտար ասպեկտների առնչությամբ»:

Նա նաեւ հայտնել է, որ տեղյակ է 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հրադադարի ռեժիմի խախտման փաստին, որի հետեւանքով «եղել են զոհեր», իսկ սպանված ադրբեջանցի զինծառայողի դիակը շարունակում է մնալ հայկական կողմում:

Յագլանդը մասնավորապես հայտարարել է. «Ես հորդորում եմ կողմերին հարգել հրադադարի ռեժիմը եւ լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ դիակը վերադարձնելու կոչին՝ համաձայն 2010 թվականի Աստրախանի գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածության եւ հաշվի առնելով խնդրի հումանիտար բնույթը»:
Շատ հումանիստական կոչ, հորդոր, հայտարարություն է, այնպես չէ՞: Կոնկրետ իրողություններին քաջածանոթ լինելով՝ անհնար է չվրդովվել նման երկերեսանիությունից, որի հարուցած հույզերը մի շարք արտահայտությունների տեղիք են տալիս:

Այնուամենայնիվ, զսպելով հույզերը, անհնար է չհարցնել՝ պարոնա՛յք հումանիստներ, իսկ որտե՞ղ էիք դուք, երբ ադրբեջանական կողմը խոցել էր ուսումնական թռիչք կատարող ԼՂՀ զինված ուժերի ուղղաթիռը եւ տեւական ժամանակ կրակի տակ պահելով թռչող սարքի անկման տարածքը, թույլ չէր տալիս այնտեղից դուրս բերել զոհված հայ օդաչուների մարմինները: Ինչո՞ւ այն ժամանակ, օրինակ, նույն Յագլանդը կամ Մինսկի խմբի համանախագահները այդպես կոնկրետ կոչեր ու հորդորներ չուղղեցին ադրբեջանական կողմին:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031