Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյան. Վարչապետի բնակության վերաբերյալ սահմանադրական դրույթն ուժի մեջ կմտնի 2018 թվականից. «168 ժամ»

Հունվար 19,2017 12:54

Ամանորյա տոներից առաջ և հետո լայն քննարկման առարկա է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։ Սահմանադրության պահանջով պատգամավոր կարող է դառնալ այն անձը, ով վերջին 4 տարիներին բնակվել է Հայաստանում։ Կարեն Կարապետյանը 2011-2016 թթ. եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը, 2012 թվականից էլ՝ «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը։ Եթե համապատասխան իրավական ընթացակարգով պարզվի, որ Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, նա չի կարող նաև ընդգրկվել ՀՀԿ-ի ցուցակում։ Դե յուրե 2018 թ. ապրիլին նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, և վարչապետը կդառնա երկրի առաջին դեմքը։ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի քննարկման առարկա դարձած դրույթները խնդրեցինք մեկնաբանել ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական նախկին հանձնաժողովի անդամ, նոր Սահմանադրության համահեղինակ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանին։

– 2018 թվականին վարչապետի թեկնածուին ներկայացվող պահանջներն ի՞նչ են ենթադրում, կխնդրեի մանրամասնել 731 օրվա, այլ ոչ՝ 4 տարի մշտապես բնակվելու պահանջը։ Դա ինչպե՞ս է կարգավորվելու։

– Ի տարբերություն 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրության, որը վարչապետի և նախարարների համար սահմանում էր միայն ՀՀ քաղաքացիության պահանջ, 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը վարչապետի և կառավարության մյուս անդամների վրա տարածում է պատգամավորին ներկայացվող պահանջները (Սահմանադրության 148-րդ հոդված)։ Սահմանադրական այդ դրույթն ուժի մեջ կմտնի 2018 թվականից, այսինքն՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու պահից։ Իսկ պատգամավորին ներկայացվող պահանջները սահմանված են Սահմանադրության 48-րդ հոդվածով, որը, ի թիվս այլոց, նախատեսում է վերջին չորս տարում ՀՀ-ում մշտական բնակության ցենզ։ Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված է, որ մշտական բնակության ցենզի պահանջին բավարարելու համար պարտադիր չէ ամբողջ 4 տարին անընդմեջ ապրել Հայաստանի Հանրապետությունում, այլ բավարար է 4 տարվա ուղիղ կեսից մեկ օր ավելի բնակվելը։ Եթե այդ պահանջներին որևէ թեկնածու բավարարում է, իհարկե 48-րդ հոդվածի նշված մյուս պահանջները հաշվի առնելով, ուրեմն՝ նա իրավունք ունի առաջադրվել՝ որպես պատգամավորության թեկնածու։ Այսինքն՝ ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք իրեն կարող է ընդգրկել ընտրական ցուցակում։

– Իսկ 731 օրվա պահանջն ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում։

– Ընտրական օրենսգիրքը դա չի մանրամասնում, բայց քանի որ խոսքն օրերի մասին է, դա նշանակում է, որ հաշվարկվում են ինչպես աշխատանքային, այնպես էլ՝ ոչ աշխատանքային օրերը։ Հաշվարկի սկիզբը լիազոր մարմնին դիմում ներկայացնելն է։ Պատգամավորության թեկնածուն պետք է դիմի լիազոր մարմին, այսինքն՝ Ոստիկանության համապատասխան բաժին, և այդ դիմումի ներկայացման օրվանից սկսած հաշվարկ է կատարվում, թե արդյո՞ք նախորդող 1461 օրերի ընթացքում նա 731 օր ֆիզիկապես գտնվել է ՀՀ-ում։ Այդ օրերին գումարվում են նաև այն օրերը, երբ հանրապետությունից բացակայությունը պայմանավորված է եղել հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրի որևէ բուհում ուսումնառության հանգամանքներով։ Մնացած բոլոր դեպքերում 731 օրվա պահանջն անհրաժեշտ է։ Եթե թեկնածուն բավարարում է այդ պահանջը, ուրեմն՝ Ոստիկանությունը պարտավոր է համապատասխան տեղեկանք տրամադրել, որ թեկնածուն վերջին 4 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում։

Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031