Լրահոս
Օրվա լրահոսը

Տխուր մտորումներ կրթության հարցի շուրջ

Մարտ 03,2017 14:00

ՈՉ մի հասարակարգ չի կարող գոյատեւել եւ զարգանալ առանց արժեհամակարգի, իսկ դրա ձեւավորման գործում անուրանալի է կրթական կառույցների դերը: Պարզ օրինակը թույլ կտա ընդգծել այդ ասպարեզում զարգացման ուղղությունները: Դեռ 40-50 տարի առաջ շրջանավարտների երազանքը Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Վիկտոր Համբարձումյան, իսկ առավել համարձակներինը` Յուրի Գագարին, դառնալն էր:

Այսօրվա շրջանավարտների ստվար հատվածի երազանքը առեւտրի ոլորտն է, շոու-բիզնեսը, կամ թիկնապահական ծառայությունները: Չթերագնահատելով այդ ոլորտների կարեւորությունը՝ շեշտենք, սակայն, որ ցանկացած անոմալ վերաբաշխումը հետեւանք է տարվող սխալ քաղաքականության, եւ աղետածին է հասարակության համար, եթե նպատակը կառավարելի մանկուրտների հասարակություն ձեւավորելը չէ: 2017 թվականը սկսվեց կրթական համակարգի վերաբերյալ բոթաբեր լրատվությամբ:

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ներկայացված զեկույցում սեւով սպիտակի վրա գրված էր. «Հայաստանն ընդհանուր կրթական ցուցանիշներով 118 երկրների մեջ զբաղեցնում է 109-րդ «պատվավոր» տեղը: Ընդ որում՝ մեզնից ետ ենք թողել Բուրկինա Ֆասոյին, Մադագասկարին, Մոզամբիկին, Զիմբաբվեին եւ Բանգլադեշին: Ոչ պակաս մտահոգիչ էր նաեւ կրթական համակարգի «զարգացման» տենդենցները՝ 74-րդ տեղ 2014 թվականին, 102-րդը՝ 2015-2016 թվականներին»: Իսկ պատկան մարմիններից որեւէ մեկի մտքով չանցավ կա՛մ հերքել այս լուրը, կա՛մ «բուխենվալդյան ահազանգ» հնչեցնել այս հարցի վերաբերյալ: Փոխարենն այդ նույն պատկան մարմինները հազար շեփոր են հնչեցնում միջազգային օլիմպիադաներում վաստակած մեդալների համար՝ միարժեքորեն կապելով այդ ձեռքբերումները կրթական համակարգի ձեռքբերումների հետ: Թումանյանը կասեր. «Սուտ է, եղբայր, դու մեզնից մեկն, Ինչ թաքցնեմ ես քեզանից…»:

Դե ինչ, ինչպես ասել է Ջոն Քենեդին. «Հաղթանակը շատ ծնողներ ունի, իսկ պարտությունը որբ է»: Սկսած 2011 թվականից մամուլում բազմիցս անդրադարձել ենք կրթական համակարգում առկա խնդիրներին, նրանց արմատներին եւ հանրության քննարկման ներկայացրել հնարավոր լուծման ճանապարհները: Եվ, ինչպես ընդունված է ասել, ձայն բարբառո հանապատի: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Սակայն չարախնդալու ժամանակը չէ: Ուստի մեկ անգամ եւս ուզում ենք անդրադառնալ այդ համակարգում արդեն, ցավոք սրտի, արմատացած սխալներին: Կրթական համակարգին ծանր եւ քայքայիչ հարված հասցվեց կրթության ձեւը առաջնային հռչակելը` բովանդակային հարցերը թողած (Ձեւ եւ բովանդակություն, Ռ. Ավագյան, Հ. Կարայան, Լ. Ասլանյան:

News.am. 13.12.2013): Բավական է կարդալ շրջանավարտների գիտելիքներին ներկայացվող պահանջները եւ պարզ կդառնա, որ նույնիսկ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող եւ նման փաստաթղթեր գրող չինովնիկներն իրենք չեն բավարարում հենց այդ պահանջներին եւ արդարացի կլինի նրանց ձեռքերից ատեստատները եւ դրանից հետո ստացած բոլոր դիպլոմները ետ վերցնելը: Իսկ թե որքանով է աճել փաստաթղթաշրջանառությունը եւ որքան ժամանակ է ծախսվում նման անիմաստ եւ դատարկ ձեւաթղթերը լրացնելու վրա, հնարավոր չէ նկարագրել: Ուսուցիչների (նաեւ դասախոսների) թվաքանակը միջոցների խնայողության նպատակով (բարձրացնել աշխատավարձը՝ աշխատավարձի ֆոնդը թողնելով անփոփոխ) ձգտում է նվազագույնի, փոխարենն աղետալի արագությամբ աճում են չինովնիկների, վարչական բաժինների թիվը եւ յուրաքանչյուրի համար պահանջվող ձեւաթղթերը լրացնելու անհրաժեշտությունը՝ շատ անգամ իդենտիկ ինֆորմացիայով, բայց այլ ձեւաչափով: Արդյունքում ստեղծվում են կրթական համակարգի արդյունավետությունը գնահատող բազմաթիվ կասկածելի փաստաթղթեր, որոնք, անկեղծ ասած, որեւէ աղերս չունեն կրթության իրական որակի հետ:

Դե, էլ չասենք, թե նման փաստաթղթային հեղեղով խեղդված ուսուցչի համար որքան ժամանակ է մնում ինքնակրթությամբ եւ ինքնազարգացմամբ զբաղվելու համար: Ոչ պակաս կործանարար է կրթական համակարգի նման պահպանողական կառույցի վերաբերյալ արմատական փոփոխությունները լայն քննարկման ենթարկելու փոխարեն փակ դռների ետեւում ընդունելը՝ ինչպես եղավ ավագ դպրոց ստեղծելն առանց լուրջ քննարկումների եւ նախապատրաստական աշխատանքի: Հանրակրթական դպրոցի «բարեփոխման» ծրագրին եւ արդյունքներին արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում (օրինակ, «Առավոտ» օրաթերթ, 17.05.2011): Ճիշտ եզրահանգումներ անելու փոխարեն՝ նույն մոտեցումները շարունակում են մնալ գերակա: Այսպես, օրինակ, 2011-2012 ուս. տարվանից շախմատը Հայաստանի հանրակրթական դպրոցներում դարձել է պարտադիր առարկա՝ չնայած լուրջ մասնագետների առարկության: Ընդգծենք, որ այդ որոշումը դարձյալ կայացվել է փակ դռների ետեւում: Շատ երկրների ներկայացուցիչներ գովեցին այդ նախաձեռնությունը՝ որպես օրինակելի քայլ, սակայն ինչպես եղանք առաջինը, այնպես էլ, մեր տեղեկությամբ, մնացինք միակը: Եզրակացությունն ակնհայտ է:

Թարմ օրինակ է օտարածին եւ իմաստազուրկ «կրթության գերազանցության ազգային ծրագիր» անվամբ մեծամասշտաբ կրթական նախաձեռնությունը նման ճանապարհով կրթական համակարգի վզին փաթաթելը (2014 թվական) եւ հսկայական գումարներ հատկացնելն ու արարատյան բակալավրիատին (դարձյալ առանձնապես ոչինչ չասող անվամբ) արտոնություններ տալու վերաբերյալ կառավարության որոշումը (2016 թվական): Այստեղ տեղին է հիշել Էյնշտեյնի հայտնի խոսքերը. «Մեծագույն հիմարություն է անել նույն քայլերը եւ սպասել այլ արդյունք»:

Կարելի է ավելացնել միայն, եթե նույն քայլերը անելու ետեւում թաքնված չէ դավաճանական ներանձնական շահը: Չանդրադառնանք ՀՀ բուհերի ընդունելության քննություններում թեստային համակարգի ներդրման պատճառներին, սակայն հիշեցնենք այդ համակարգի առաջացման արմատները: Այն առաջին անգամ ներդրվել է Ֆրանսիայում այն բանից հետո, երբ Աֆրիկայում ֆրանսիական նախկին գաղութներն անկախություն ստացան եւ երկիրը հեղեղվեց աֆրոգաղթականներով: Նրանց կրթության մակարդակն այնպիսին էր, որ նրանք հոդաբաշխ կարող էին արտաբերել «այո»-ն եւ «ոչ»-ը եւ մի կերպ հաշվել մինչեւ տասը: Հենց նրանց համար է ներդրվել միասնական քննությունները եւ թեստային համակարգը: Հարցին, թե որքանով է թեստային համակարգը նպաստում իրական գիտելիքի բացահայտմանը եւ օգնում լավագույններին ընտրելուն, ինչպես նաեւ խթանում գիտելիք ձեռք բերելու ձգտումը, մենք անդրադարձել ենք «Թեստային համակարգը եւ մեր մտավոր պոտենցիալի ապագան» հոդվածում (տես «Առավոտ» օրաթերթ, 06,05,2011թ.):

Իսկ սայլը դեռ տեղում է մինչ օրս: Եվ վերջապես՝ փետրվարի 15-ին, ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպում-քննարկմանը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ասել է. «Ավագ դպրոցները չպետք է դառնան հիմնական դպրոցի կրկնությունը, իսկ ուսուցիչները` կրկնուսույցներ»։ Միարժեքորեն համաձայնելով այս պնդման հետ` հարկ ենք համարում, սակայն, հիշեցնել: Համաձայն հանրակրթական պետական կրթակարգի՝ 2006-2007 ուսումնական տարվանից ՀՀ-ում ներդրվել է 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթություն՝ եռաստիճան համակարգով. Տարրական դպրոց՝ 1-ից 4-րդ դասարաններ, միջին դպրոց՝ 5-ից 9-րդ դասարաններ, եւ ավագ դպրոց՝ 9-ից 12-րդ դասարաններ: Ցավով պետք է նշել, որ նախարարի ինքնախոստովանությունը վկայությունն է առ այն, որ ուղիղ մեկ տասնամյակ անց կրթության չինովնիկները տեղյակ չեն, թե ինչպես կազմակերպել կրթությունն ավագ դպրոցում: Եվ դա պատահական չէ: Կրթության բովանդակությունը հստակ եւ կոնկրետ հարց է, որը լուծվում է ոչ թե քաղաքական որոշումներով, այլ պրոֆեսիոնալ մակարդակում: Այստեղ մենեջերները, կուսակցական չինովնիկները եւ հոգեւորականներն անելիք չունեն: Այստեղ կրթական համակարգի մասին ոչ թե մակերեսային գիտելիք եւ հավատ է պետք, այլ պրոֆեսիոնալություն:

Կրթության եւ գիտության նախորդ նախարար Արմեն Աշոտյանը պնդում էր, որ ինքը կրթական եւ գիտական համակարգերի գիտակ չէ, բայց տիրապետում է այդ ոլորտների աշխատանքները կազմակերպելու արվեստին: Պնդումն այնքան «հանճարեղ է», որ մեկնաբանություններն ավելորդ են: Մեկ անգամ եւս հիշեցնենք հանճարեղ երգիծաբան Երվանդ Օտյանի հայտնի արտահայտությունը «Ընկեր Փանջունի» վեպից. «Հաղթություն, հաղթություն… Վերջապես մեր կորովի գաղափարային ազնիվ պայքարը անպայման տարավ հաղթանակը, անկեղծ հեղափոխական սկզբունքը փրկվեցավ, թեեւ Ծապլվար ավերվեցավ…»: Միգուցե ժամանակն է քարը փեշից թափելու եւ կրթական համակարգի խնդիրները պրոֆեսիոնալների հայեցողությանը թողնելու:

 

ՌՈԼԱՆԴ ԱՎԱԳՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆ.մ.գ.դ, պրոֆեսոր
ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆ.մ.գ.դ, պրոֆեսոր
ՌՈՄԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ֆ.մ.գ.դ, պրոֆեսոր
ԼԵՎՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ
ֆ.մ.գ.դ, պրոֆեսոր

 

«Առավոտ»

02,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031