Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկո՞լն է ասողը, թե՞ օրենքը

Ապրիլ 04,2017 18:55

Եթե ընտրական հանձնաժողովի նախագահը, քարտուղարը, անդամները գոնե մեկ անգամ կարդացած լինեն իրենց համար նախատեսված ձեռնարկը, իմանան իրենց անելիքները, ընտրություններից հետո 1-2 ժամում կավարտեն իրենց աշխատանքն ու կամփոփեն արդյունքները:

Բայց, որպես կանոն, քչերն են իրենց տեղում լինում: Հանձնաժողովի նախագահը ընտրատեղամասը փակելուց հետո նոր բացում է ձեռնարկն ու սկսում ծանոթանալ, թե ինչ պետք է անի դրոշմակնիքների հետ, ընկնում է կասկածների մեջ՝ պիտի դնե՞մ պարկը, թե՞ չպիտի դնեմ, պիտի կնքե՞մ, թե՞ չպիտի կնքեմ, չօգտագործած քվեաթերթիկները ինչի՞ մեջ պիտի լցնեմ, ո՞վ պետք է ստորագրի դրա տակ եւ այսպես շարունակ, մինչեւ «մարսի» գրքում գրածը:

Հաճախ հանձնաժողովի նախագահները, անդամները չեն ունենում ընտրությունների կազմակերպման տարրական գիտելիքներ, չեն իմանում, թե որ քվեաթերթիկը պետք է համարել վավեր, որը՝ անվավեր:

Ընտրատեղամասերից մեկում, որտեղ այս անգամ մասնակցում էի քվեաթերթիկները հաշվելու գործընթացին, հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը, տեսնելով, որ ընտրողը լրիվ խաչ է քաշել ռեյտինգային թեկնածուների վրա, պնդում էր, թե «մարդը կուսակցությանն է ընտրել, պիտի ՀՀԿ-ի օգտին հաշվել»: Մեկ ուրիշ հանձնաժողովական վերցրել էր անվավեր քվեաթերթիկներից մեկը եւ իր համար սեւագրություն էր դարձրել, նշումներ էր անում:

Որպես լրագրող՝ վախենում էի ասել, որ ախր անվավեր քվեաթերթիկները հաշվառվում են, էս ի՞նչ եք անում, որովհետեւ նոր օրենսգրքով հանձնաժողովականները կարող են 2/3 ձայներով լրագրողին դուրս հանել ընտրատեղամասից՝ ասելով, որ միջամտում է մեր աշխատանքին:

Հանձնաժողովականները վավեր էին համարում այն քվեաթերթիկները, որտեղ V-աձեւ նշանը ոչ թե դրա համար նախատեսված վանդակի մեջ էր, այլ՝ քվեաթերթիկի տարբեր հատվածներում: Քվեաթերթիկի առաջին երեսին հստակ հայերենով նշված է, որ այս երեսին նշում չպետք է արվի, բայց հանձնաժողովը անվավեր չէր հանում այդ երեսին «պտիչկա» դրած քվեաթերթիկները՝ ամեն ընտրողի հոգեբանության մեջ մտնելով, թե՝ ուզել է ասի, որ կուսակցությանը կողմ եմ: «Ելքի» քվեաթերթիկներից մեկի վրա ընտրողը մի հսկայական «պտիչկա» էր դրել այն երեսին, որտեղ նշում չպետք է արվեր: «Ելքի» վստահված անձը հանձնաժողովի նախագահին հորդորեց, թե դա անվավեր չհանեք. «Հենց նոր Նիկոլին զանգեցի, Նիկոլն ասեց՝ եթե պտիչկա են դրել, ուրիշ նշան չի, դա վավեր է»:

Հանձնաժողովի նախագահն ընդունեց «Նիկոլի ասածը» ու բոլոր «պտիչկայով» քվեաթերթիկները համարեց վավեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930