Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ դարից երկար ձգվում է օրը

Մայիս 25,2026 09:30 Share

«Զոր գիրդ ընդ մարմնոյս և բանդ ընդ հոգւոյս»։

Գրիգոր Նարեկացի

Որքան էլ մեծ է ճամփորդական այս փոքրիկ նոթը գրքային վառ դրվագներով հարստացնելու գայթակղությունը, ես այդպիսի զանցանք չեմ գործի այն ընթերցողի նկատմամբ, որը դեռ չի կարդացել ղրղզ մեծ գրող Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպը։

Երբ իմացա Ղրղզստան մեկնելու հնարավորության մասին, առաջինն, ով միտքս եկավ, հենց նա էր, որի ամենահայտնի գործերից մեկը կարդացել էի շատ տարիներ առաջ, երբ մեր դասախոսը սպառնաց մեզ մանկուրտ անվանել իր ասածները չհիշելու դեպքում, իսկ հետո էլ թուխ ամպի նման մռայլվեց, երբ հասկացավ, որ մենք պատկերացում անգամ չունենք, թե ինչ է մանկուրտը։ Նրա տրամադրության այդ կտրուկ տատանումները մեզանից շատերի համար լուրջ խթան դարձան ղրղզ գրողի գիրքը 2-3 օրում կարդալու համար։

Այսօր ես շատ լավ գիտեմ այթմատովյան մանկուրտ բառի թե՛ ուղիղ, և թե՛ ընդհանրական-փոխաբերական իմաստները, ու որքան էլ բառի ուղիղ բացատրությունն ահասարսուռ է նախևառաջ իր ֆիզիկական դրսևորմամբ, փոխաբերականն էլ ավելի զազրելի է ու շատ մոտ այն ամենին, ինչ կատարվում է  այսօր մեր իրականությունում։

Ճամփորդության օրը հստակեցնելուց հետո նորից ձեռքս վերցրեցի այս գիրքը՝ այս անգամ էլեկտրոնային տարբերակով։ 2-3 օրը շատ քիչ էր այն ավարտելու համար, ու չէի էլ ուզում շուտ ընթերցել-վերջացնել․ հաճելի է, երբ պատմությունը քեզ հետ երկար ճանապարհ է գնում, մանավանդ որ այն պատմություն է հենց ճանապարհի մասին՝ նորից բառի ուղիղ ու փոխաբերական իմաստներով։ Բայց առաջին հերթին «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպը պատմություն է հիշողության մասին ու նաև՝ ինքնության պահպանման․․․ Պատմություն իրենից հետո ինչ-որ հետք թողնելու ու, վերջապես, մարդկային հավերժ երազանքի մասին՝ տեսնելու, թե ինչ կա այնտեղ՝ հորիզոնից այն կողմ։

Երբեմն, երբ փորձում ես շատ հեռուն նայել ու ճանապարհին ոչ մի լեռ չի կոտրում դեղին տափաստանների անվերջությունը, աչքերդ նեղանում-նեղանում, դառնում են գենետիկ առանձնահատկություն։ Հետո հայտնվում են լեռները, որտեղ ազատորեն ապրում են հզոր եղջյուրներով կենդանիներ՝ արխարներ։ Ու սկսում ես մտածել, թե ինչ կա լեռներից այն կողմ, բայց և ինչպես պահել լեռներում այն, ինչ քոնն է․․․

Չինգիզ Այթմատովի տուն-թանգարանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում

«Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի՝ հայերեն թարգմանությունում Չինգիզ Այթմատովը դիմում է հայ ընթերցողին․

«Անցյալ տարվա ամռանը իմ բարեկամ Լևոն Մկրտչյանն ինձ էր ուղարկել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, իր գրած փայլուն առաջաբանով: Եվ այդ ժամանակվանից ես գտնվում եմ անմոռանալի հայտնագործության տպավորության տակ: Եթե հազար տարի առաջ մարդիկ կարող էին այդպես մտածել, տառապել և հոգով վսեմանալ, չարչարանոք ձգտել հասու լինելու մարդկային էությանը, ապա մենք, 20-րդ դարում ապրողներս, մի՞թե չափից ավելի բարձր կարծիքի չենք սեփական անձի մասին․․․»:

Ապա հավելում է․ «Անհրաժեշտ է կարողանալ Նարեկացու դարաշրջանի փորձին ավելացնել նաև քո, ոչ պակաս նշանակալից փորձը: Դա շատ դժվար է: Իսկ գրականությունը կոչված է պատասխանելու այդ հարցերին, որքան դա հնարավոր է: Յուրաքանչյուր գրականություն՝ իր ժամանակի համար»։

Կարծում եմ՝ սպասելի էր, որ Չինգիզ Այթմատովի տուն-թանգարանում՝ նրա բազմաթիվ գրքերի մեջ սկսեցի հայացքով փնտրել «Նարեկը», չգտա, գուցե ժամանակն էր քիչ, բայց փոխարենը հայկական խաչքարերի ու ձեռագիր մատյանների վերաբերյալ 3 ընտիր հրատարակություն տեսա, ուրեմն Նարեկացին էլ կլինի՝ մտածեցի ես՝ փորձելով գրողի տան սենյակները զարդարող ռումինական շքեղ, քանդակազարդ կահույքից, ճենապակուց ու մեծաթիվ մեդալներից ու մրցանակներից զատ տեսնել մտքերս զբաղեցնող գրքի հերոսներին՝ Եդիգեյին, Ղազանղապին, Աբութալիպին, որը ոչինչ չուներ իր երեխաներին թողնելու համար՝ իր գրառումներից բացի․․․

Ու թեև Այթմատովի տունն ամենևին էլ նման չէր գրքային Բորանլի կիսակայարանի աղքատիկ կառույցներին, այլ տեղակայված էր երկրի պետական նստավայրում ու բակում էնպիսի մի լողավազան ուներ, որ այնտեղ հանգիստ լողի մրցումներ կանցկացվեին, իր գրվածքի տրամադրությունն ամենուր էր՝ անգամ զբոսավարի համեստ հայացքի մեջ, ուր ամեն անգամ ժպիտ էր հայտնվում, երբ մի հետաքրքիր հարցով ընդմիջվում էր իր պատմությունը սիրելի գրողի մասին։

Չինգիզ Այթմատովը Ղրղզստանում այսօր էլ անխախտ հեղինակություն է, ու նրա անունն ամենուր է, օրինակ՝ Բիշքեկից ոչ այնքան հեռու՝ Տյան Շան լեռնաշղթայի ստորոտում գտնվող «Արխար» հանգստյան գոտում մի մեծ տարածք հատկացված է «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի մոտիվներին։ Նայում ես շուրջ բոլորը հպարտորեն վեր խոյացող լեռներին, ու ապա մարդու՝  իր պատկերացմամբ, ճաշակով ստեղծած այս միջավայրին, որտեղ նաև  տիեզերանավի պատճառով ցանկապատված տոհմական գերեզմանատան խորհրդանիշն է ներկայացված ու մտածում ես՝ տեսնես այսօր այստեղ մարդկանց հուզո՞ւմ է ինքնության պահպանման խնդիրը, ու նույն վայրկյանին հիշում, որ ավտոբուսում զրույցի ես բռնվել մի ղրղզ աղջկա հետ, որն արագ-արագ հասցրեց պատմել՝ «մեր դրոշի վրա յուրտայի գմբեթի վերին շրջանակն է՝ շրջապատված արևի 40 ճառագայթներով, որոնք էլ խորհրդանշում են Մանասի (ղրղըզական ժողովրդական էպոսը՝ Ա․ Մ․) «քառասուն ցեղերը»․․․

«Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպին նվիրված անկյունը «Արխար» հանգստյան գոտում

«Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպին նվիրված անկյունը «Արխար» հանգստյան գոտում

Վեպի վերընթերցումն ավարտեցի Հայաստան ետդարձի ճանապարհին՝ ինքնաթիռի մեջ։ Լավ է՝ էլեկտրոնային ընթերցիչիս լիցքավորումը 4 օր բավականացրեց։ Ես այսօր կարող եմ մի ամբողջ գրադարան պահել բրոշյուրից էլ բարակ այս սարքի մեջ ու նաև կարող եմ առցանց հետևել լուսնից իջնող «Արտեմիս II» առաքելությանը, բայց իրականում շատ բան չի փոխվել 1980-ականների սկզբից ի վեր, երբ Բայկանուր տիեզերակայանն իր գրքի կիսակայարանի նախատիպ ընտրած  Այթմատովը հիշեցնում էր՝ պետք է կարողանալ «Նարեկացու նման ամենատես աչքով նայել քո ներսը․․․»։  

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031