Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Ոմանց թվաց տուն-տունիկ են խաղում»

Մայիս 12,2017 14:55

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահ է` երեւանցին ճիշտ եւ լրջմիտ ընտրություն կկատարի

-ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն երեկ կոալիցիոն հուշագիր կնքեցին: Սա նման է դեժավյուի. ամեն տարի այս երկու ուժերը համատեղ աշխատելու հուշագիր են ստորագրում: Արդյոք այս անգամ հուշագիրը կլինի՞ արդյունավետ, հանուն ինչի՞ են այս երկու ուժերը ստորագրել հուշագիրը, ի՞նչ է տալու այն մեր հասարակությանը։

– Հուշագրեր ստորագրելը քաղաքական ուժերի համագործակցության քաղաքական եւ կարեւոր բաղադրիչներ են, երբ երկու կամ ավելի քաղաքական ուժեր ունեն հիմնական հարցերի շուրջ ընդհանուր տեսլական, գիտեն, որ կարող են միասին ճանապարհ գնալ եւ երկրում, տնտեսության ներսում, սոցիալական հարցերում, արդար հասարակություն ստեղծելու ճանապարհին կարող են գնալ միասին, մեկմեկու աջակցելով եւ արդյունքներ գրանցելով, հուշագիր են ստորագրում, սա շատ բնական եւ քաղաքակիրթ ճանապարհն է, փոխադարձ հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի ապացույց։

Հասարակությունը սովորաբար տարբեր ուժերի համագործակցությունից շահում է, քանզի ավելի արագ, տեսանելի եւ արդյունավետ են լինում խնդիրների լուծման ուղիները։ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին աշխատելու երկար տարիների փորձառություն ունեն, եւ այս դեպքում նույնպես կկարողանան աշխատել այնպես, որ հասարակությունը իր կյանքում սպասելի փոփոխությունները զգա առավել կոնկրետ եւ տեսանելի։

– Մի տեսակ տպավորություն չունե՞ք, որ այս երկու ուժերը նույն ջուրը մտնում են արդեն որերորդ անգամ։

-Ամենեւին, համոզված եմ, որ այս երկու ուժերի համագործակցությունից մեր պետությունը եւ մեր հասարակությունը միայն կշահեն, քանի որ մի խելքը լավ է, երկուսը՝ ավելի լավ, իսկ այն, որ եւ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն լուրջ քաղաքական ուժեր են, լուրջ քաղաքական ճանապարհ անցած եւ հիանալի տիրապետում են իրավիճակին, գիտեն առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները, կարծում եմ, դրանում նաեւ դուք եք համոզված, եւ մի մոռացեք, մեր երկրում արմատական, համակարգային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչու ոչ, նաեւ՝ որոշ անձերի, նոր համակարգով առավել արդյունավետ պիտի լինի առաջ գնալը։

Համագործակցության ռազմավարական նպատակները նշված են բավական հստակ, եւ դրանք հենց այն նպատակներն են, որոնք իր առջեւ խորհրդարանական ընտրություններից առաջ դրել է ՀՀԿ-ն եւ դրել է ՀՅԴ-ն, մասնավորապես նկատի ունեմ հետեւյալ կետերը՝ ապահովել հանրային իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը՝ ձևավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ, նպաստել քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացմանը, կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացմանը, երաշխավորել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը, արտաքին հարաբերություններում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերով:

-Երեւանի ավագանու ընտրությունները առաջիկա կիրակի կարծես լինելու են բարդ եւ լարված. մտահոգություն չունե՞ք որ իրադարձությունները չեն լինի իշխող ՀՀԿ-ի պատկերացումներին համահունչ։

-Նախընտրական եւ ընտրական ցանկացած գործընթացում սթափ մարդը պարզապես չի կարող մտահոգություններ չունենալ, անշուշտ, ընտրական գործընթացները որքան կանխատեսելի, նույնքան էլ անկանխատեսելի են մինչ այն պահը, երբ ընտրողը չի ասել իր խոսքը, ինքս համոզված եմ, որ ընտրողը կատարելու է ճիշտ եւ լրջմիտ ընտրություն եւ ընտրելու է փորձառություն եւ հանրային վստահություն ունեցող ուժին, ընտրելու է արդեն տեսանելի ճանապարհ անցած թեկնածուին, Երեւանի ընտրողը ճաշակով է, խելացի եւ գիտի, որ այս ընտրությունները իր ապագայի ընտրությունն է, եւ կընտրի Տարոն Մարգարյանին, չեմ կասկածում։

– «Ելք» դաշինքից ահազանգ եղավ, որ ընտրակաշառք են բաժանում։

– Չկա նման բան, մեր շտաբը անմիջապես հերքեց դա, ապատեղեկատվություն տարածելը ամոթալի երեւույթ է, քաղաքական հայտ ներկայացրած ուժի համար՝ կրկնակի ամոթալի, կեղծ լուրերի եւ կեղծ մարդկանց օրերը հայտնի են, չի կարելի անել դա, եթե լեզվիդ տակ ոսկոր չկա, չի նշանակում ինչ ուզես, կարող ես ասել։

Էլի եմ ասում, Երեւանի ավագանու նախընտրական այս փուլում երկու ուժ անցավ լրջմիտ լինելու բոլոր սահմանները, գուցե իրենց թվաց տուն-տունիկ են խաղում, թռչկոտելով, հեծանիվ քշելով, ապառիկ ընտրակաշառք խոստանալով, մնաց «ալա-բալանիցա» խաղան, սակայն ընտրությունը պատասխանատու գործընթաց է , իսկ կոնկրետ ավագանու ընտրությունը մեկուկես միլիոն բնակիչ ունեցող քաղաքի՝ որքան քաղաքային, նույնքան քաղաքական ընտրություն է։

Բարձր եմ գնահատում երեւանցու արժանապատվությունը, գրագիտությունը եւ երեւույթներն ու անձանց օբյեկտիվ գնահատելու կարողությունները, ուստի համոզված եմ, երեւանցին կընտրի երեւանցուն՝ Տարոն Մարգարյանին եւ նրա փորձառու թիմին։

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031