Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ հաջողվել է փաստել ընտրակաշառքի ամենախոշոր դեպքը՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ». Փաշինյան

Մայիս 12,2017 12:44

Երեկ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ահազանգ էր ստացել, որ Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակաշառք են բաժանում: «Ելքի» անդամներն այցելել էին այդ շտաբ եւ տեւական ժամանակ չէին կարողանում ոստիկանության հետ մտնել տարածք՝ իրենց կասկածները փարատելու:

Այդ առնչությամբ այսօր «Ելքը» հրատապ ասուլիս էր հրավիրել: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Երեկ մեզ հաջողվել է փաստել ընտրակաշառքի ամենախոշոր դեպքը՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ: Մենք ամենաշատ փաստական նյութն ունենք տվյալ իրավիճակի մասին»:

Նա ասաց, որ տեսանյութում կան անուն-ազգանուններ. «Մարդիկ կանչվում են, գումարը ստանում են եւ դուրս են գալիս: Քվեաթերթիկի շատ նման թղթի կտորներ են տալիս, կտրոններ: Հիմա նաեւ գումար է բաժանվել: Փաստված է՝ դա Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն է, լրագրողի տեսանյութից հետո շտաբի ցուցանակը հանվել է»:

Փաշինյանն ասաց, որ պատգամավորի նախկին թեկնածու Վարդան Վարդանյանը հարվածել է «Ելք»-ի վստահված անձ Հայկ Սարգսյանին՝ իր աչքի առաջ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նա Սամվել Ալեքսանյանի կողմից առաջադրվել էր՝ որպես «ֆեյք թեկնածու. «Մալաթիայում ոստիկանություն գոյություն չունի, գոյություն ունի Սամվել Ալեքսանյանի անձնական խումբ: Այդ ոստիկանության բաժինը պետք է ցրվի: Ոստիկանությունը գալու պահից առաջին խնդիրն է եղել, որ այդտեղից տեղափոխվենք բաժին: Թե բա՝ պարոն Փաշինյան, գնանք, սուրճ կխմենք հանգիստ պայմաններում, թե բա՝ սազո՞ւմ ա փողոցում ԱԺ պատգամավորին….Հասկացանք, որ ուզում են խուսափել շտաբը զննության ենթարկելուց: Ուզում էին զննության ենթարկել առանց մեր եւ լրագրողների ներկայության: Կմտնեին, ինչ կարձանագրեին, կարձանագրեին՝ դա կլիներ քննության գաղտնիք: Նրանք որոշեցին, որ սեփականատիրոջ քունը տանում է եւ նա պետք է գնա քնելու: Քրեական հետախուզության պետը, հսկող դատախազը, բոլորը ներկա են՝է էդ մարդն ասում է՝ ես առավոտ գործի եմ, գնում եմ քնելու, ունեմ քնելու իրավունք: Ոստիկանությունը կնքեց տարածքը, մենք էլ մեր կնիքը դրեցինք: Գիշերը մենք այնտեղ հերթապահություն ենք իրականացրել: Ես չեմ կարող վստահ լինել, որ ներսում ինչ-որ բան կա, բայց այս գործելակերպը ցույց է տալիս, որ այն տեղ կա թաքցնելու բան»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չնայած լրագրողի ձեռքից հեռախոսը վերցրել են եւ տեսանյութերը ջնջել, բայց պատահաբար մի տեսանյութ հավանաբար այլ «folder»-ի մեջ է ընկած եղել ու պահպանվել է: Ուստի պատգամավորն ասաց. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Տարոն Մարգարյանը ընտրակաշառք է բաժանել իր շտաբից: Այս իրավիճակից մենք ունենք 2 հետագա գործողություն՝ պետք է դիմենք ԿԸՀ եւ դատարան: Դիմենք, որ ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի անունը հանվի քվեաթերթիկից ընդհանրապես, նրանց գրանցումը չեղյալ հայտարարվի: Այն ծրարները, որտեղ որեւէ օտար բան կլինի, բացի քվեաթերթիկից, դրանք պետք է համարվեն անվավեր եւ պետք է մարվեն: Այդ հարցում նույնպես պետք է դիմենք ԿԸՀ»:

«Ելքը» պետք է ԿԸՀ-ից պահանջի, որ կանաչ, կարմիր գրիչներով քվեարկած քվեաթերթիկները նույնպես համարվեն ոչ սահմանված նմուշի. «Քանի որ քվեաթերթիկներ են դուրս բերվել, քվեաթերթիկների վրա պետք է կնքեն նաեւ մեր հանձնաժողովականները: Դրոշմակնիքներից հետո չէին կնքվում, բայց պետք է կնքվեն»:

Հարցին, ԿԸՀ-ն, եթե նման որոշում կայացնի, հակասության մեջ չի՞ լինի «Ընտրական օրենսգրքի» հետ՝ Էդմոն Մարուքյանն ու Փաշինյանը վստահեցրին, որ՝ ոչ: Ընտրական օրենսգրքում ամրագրված է, որ ոչ սահմանված քվեաթերթիկի նմուշը չի համարվում վավեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031