Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձեք երեք անգամից գուշակել, որն է աղբյուրը այն հրապարակման, որի վերնագրում իսկ նշված է՝ «Ելք» դաշինքի, ու ներքեւում էլ նշում կա, թե դա հաղորդագրություն է

Մայիս 16,2017 15:00

Որոշ բաներ երբեք չեն փոխվում: Այդ «բաների» շարքում է նաեւ իրավապահների պահվածքն ընտրություններից հետո, երբ հարցումներով հեղեղում են լրատվամիջոցները պնդումների վերաբերյալ, որոնք իրականում արվել են մամուլի ասուլիսներում կամ հրապարակվել են ԶԼՄ-ում՝ որեւէ կազմակերպության հաղորդագրությունը զետեղելու հետեւանքով:

Ահա այս անգամ էլ «Հովո Հալաբյան» էլեկտրոնային հասցեից ստացել ենք նամակ, որին կցված է ոստիկանության ձեւաթղթի վրա հետեւյալ ծանուցումը. «Հայտնվում է Ձեզ, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում 14.05.2017թ. ժամը 18.46–ին www. Aravot.am կայքում հրապարակված «Ժամը 08.00-ից մինչև 19:00-ը  ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևյալ ընտրախախտումները եւ գործողությունները», մասնավորապես, թիվ 7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը, վերտառությամբ հրապարակման կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր:

Խնդրվում է Ձեզ հնարավորինս սեղմ ժամկետում ոստիկանության Մալաթիայի բաժին տրամադրել վերոգրյալ հրապարակման աղբյուրը, ինչպես նաև Ձեր կողմից լիազորված անձի՝ նշված հրապարակման փաստով պարզաբանումներ տալու համար:

Կանխավ շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքով՝

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ,

ոստիկանության ավագ լեյտենանտ  Հ. Պ. Հալլաբյան»

Նույն հրապարակման վերաբերյալ նաեւ ոստիկանություն Նոր Նորքի բաժնից ենք հարցում ստացել:

Փորձեք երեք անգամից գուշակել, որն է աղբյուրը այն հրապարակման, որի վերնագրում իսկ նշված է՝ «Ելք» դաշինքի, ու ներքեւում էլ նշում կա, թե դա հաղորդագրություն է:

Մինչ իրավապահները գլուխ կջարդեն այս հարցի պատասխանը գտնելու համար՝ նշենք նաեւ, որ մինչ օրս նրանք այդպես էլ չեն արձագանքել, ու ոչ մի գրություն չենք ստացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանի՝ մեր թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին սպառնալիքների եւ վիրավորանքների առնչությամբ քննություն սկսելու վերաբերյալ:

Փոխարենը նույն Հովո Հալաբյան հասցեից մեկ այլ գրություն ենք ստացել, որով խնդրում են բացահայտել Արայիկ Գեւորգյանի վերաբերյալ մեկ այլ հրապարակման աղբյուր, որով նա սպառնացել էր գործից հանել տալ «Առավոտի» թղթակցին:

Մի կողմ թողնենք, որ բոլոր այս հրապարակումներին կից ներկայացված են տեսագրություններ, եւ առանձնապես պարզաբանում տալու խնդիր էլ չկա:  Բայց նաեւ զավեշտ էր հայտնագործելը, թե «մռութդ կջարդեմ», «թուլա» ու նման բաներ ասելը հետապնդման ենթակա չէ, բայց այ աշխատանքից ազատելու սպառնալիքն արդեն լուրջ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031