Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը կշարունակի ակտիվանալ. «Հայոց Աշխարհ»

Մայիս 19,2017 12:54
kentronakan bank

Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ գնաճը առաջիկայում կշարունակի ակտիվանալ։ Սպասվում է, որ այն ակնկալվածից ավելի շուտ կվերադառնա նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ։ Դա կլինի տարվա ընթացքում։

Հիշեցնենք, որ թույլատրելի գնաճը Հայաստանում 2,5¬5,5 տոկոս է։ Չնայած դրան, միշտ չէ, որ հաջողվում է այն ապահովել։
Խնդիրն առկա էր հատկապես վերջին երկու տարիներին։ Տնտեսական ու սոցիալական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը հայտնվել էր գնանկումային միջավայրում։ Տեւական ժամանակ իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունից հետո միայն ընթացիկ տարվա ապրիլին հաջողվեց հաղթահարել գնանկումը։ Այդ ամսին գնաճը կազմեց 1,2 տոկոս։ Կենտրոնական բանկը սպասում է, որ միտումը կպահպանվի նաեւ առաջիկայում, եւ այս տարվա ընթացքում գնաճը կրկին կվերադառնա նախատեսված միջակայք։

Գնաճի ակտիվացումը սպասվածից արագ է տեղի ունենում։ Մինչեւ վերջերս Կենտրոնական բանկը խոսում էր սպառողական գների շատ ավելի դանդաղ վերականգնման մասին։ Դրա հիմնական պատճառներից մեկը համարվում էր տարեսկզբից էներգակիրների սակագների նվազումը։

Ինչպես հայտնի է, հունվարի 1¬ից Հայաստանում գործում է գազի, իսկ փետրվարի 1¬ից՝ էլեկտրաէներգիայի ավելի ցածր սակագին։ Կենտրոնական բանկի գնահատումներով, դա զսպող ազդեցություն կթողնի գնաճի ակտիվացման վրա։
Այդ եւ այլ գործոնների հետեւանքով սպասումները շատ ավելի ցածր գնաճային միջավայրի ձեւավորման ուղղությամբ էին։ Սակայն ապրիլի դրսեւորումները փոխել են վիճակը։ Նույնիսկ էներգակիրների սակագների զսպողական ազդեցության պայմաններում սպառողական ապրանքների շուկայում նկատելի է գնաճային ճնշման ակտիվացում։ Դա տեղի է ունենում հիմնականում ի հաշիվ պարենային ապրանքների թանկացման։
Սննդամթերքի շուկայում արձանագրված գնաճային դրսեւորումները կապված են գյուղմթերքների հետ։ Խոսքը առաջին հերթին մրգի եւ բանջարեղենի մասին է։ Տասներկուամսյա հատվածում բանջարեղենը թանկացել է 28 տոկոսով։ Մրգի գնաճը նույն ժամանակահատվածում եղել է 22 տոկոս։

Գյուղմթերքների շուկայում դեռեւս նախորդ տարվանից նկատվում են գնաճային երեւույթներ, որոնք ակտիվացել են հատկապես վերջին մի քանի ամիսներին։ Միայն ապրիլին բանջարեղենի գնաճը եղել է 8 տոկոս։ Մրգերը թանկացել են 3,4 տոկոսով։ Հաշվի առնելով պարենային ապրանքների տեսակարար կշիռը գնաճի ցուցանիշների ձեւավորման հարցում, վերջին շրջանում տեղի ունեցող դրսեւորումները պատահական չեն։ Այլ հարց է, թե ինչով է պայմանավորված գյուղմթերքների թանկացումը։ Պատճառները բնականաբար տարբեր են։

Ինչպես գյուղմթերքների, այնպես էլ ընդհանրապես պարենային ապրանքների գնաճային դրսեւորումները կարող են կապված լինել երկու հիմնական գործոնի հետ. որպես այդպիսին, առաջինը արտադրության ծավալներն են։ Ինչպես հայտնի է, գյուղատնտեսությունը նախորդ տարի անկում արձանագրեց։ Միտումը շարունակում է պահպանվել։
Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, նշենք, որ այս տարի մրգի եւ բանջարեղենի շուկայի հետ ուղղակիորեն կապված բուսաբուծության ոլորտի արտադրության ծավալները նվազել են 45 տոկոսով։ Սա կտրուկ անկում է, ինչը չէր կարող չարտահայտվել այդ ապրանքատեսակների գների վրա։ Առաջարկը շուկայում գրեթե կիսով չափ նվազել է։ Դա էլ դարձել է գների բարձրացման եւ գնաճի ակտիվացման հիմնական պատճառներից մեկը։

 

Ն. Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031