Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցին սպանել սպառնացողը կազատազրկվի առավելագույնը 2 տարով

Հունիս 13,2017 13:58

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տուժող է ճանաչվել: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Սաքունցն իր դեմ սպառնալիքի գործով որոշ մանրամասներ ներկայացրեց: Նա նշեց, որ քննարկման է գալիս ոստիկանությունից. «Առավոտյան ժամը 10.00-ից գտնվել եմ ոստիկանությունում, որտեղ ինձ ներկայացրին քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումը, և ինձ՝ որպես այդ նույն քրեական գործով տուժող ճանաչելու վերաբերյալ որոշումը: Տվեցի հաղորդում և լրացուցիչ բացատրություն ինձ հայտնի փաստերի կամ հանգամանքների վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ hունիսի 2-ին իրավապաշտպան, Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ Facebook-ում ինչ-որ մեկը սպառնացել է սպանել իրեն այն բանից հետո, երբ ինքը հերթական քննադատական հայտարարությունն է արել կառավարության հասցեին:

Պարոն Սաքունցը հորդորեց ուշադրություն դարձնել նաև սպառնալիքի բառապաշարին ու մանրամասնեց. «Ասում են ադրբեջանական ագենտ, բոլորս էլ գիտենք, թե նման որակում ինչու են օգտագործում.: Դա օգտագործվում է նրա համար, որ ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների խախտման մասին դեպքերի մասին ենք բարձրաձայնում: Ասում են վահանմարտիրոսյաններ….այսինքն՝ պիտակավորում են անձին, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Սա հանրային ընկալման վրա ձևավորված որակում է: Այս որակավորումներն օդից չեն վերցվել, այլ իրավապաշտպանության նկատմամբ տարվող տարիների քարոզչության հետևանք են»:

Պարոն Սաքունցը հավաստիացրեց, որ, իհարկե, այդ որակումներին ուշադրություն չի դարձնում, բայց, երբ սպառնալիքներ հնչեցնող անձը խոսում է 9 միլիմետրանոց փամփուշտի մասին, երբ տալիս է կոնկրետ փամփուշտի նկարագրություն, դա նշանակում է՝ զենքի հետ առնչություն ունեցող մարդ է:

Արթուր Սաքունցը նաև հիշեցրեց, որ իրենց գրասենյակը 2003-ին հրդեհեցին, այդպես էլ չբացահայտվեցին հրդեհողները, 2012-ին, երբ ցույց արեցին, և հարձակում եղավ քարերով իրենց գրասենյակի վրա, կրկին ոչ ոք պատասխանատվություն չկրեց. հայտարարեցին, թե քար նետող կինը քարը վերցրել էր, որ տաներ տուն, դներ ծաղկամանի մեջ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ հիշեցրեց, որ լրագրողներին են նաև սպառնում, թե գլուխդ կպոկեմ, հայտնի պատգամավորներն էլ ինչ ասես ասում են լրագրողներին, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում:

Արթուր Սաքունցի հարցով էլ պարոն Իշխանյանն առանձնապես լավատես չէ. «Թող ինձ ապացուցեն ՀՀ իշխանությունները, որ Արթուր Սաքունցի հասցեին սպառնալիքը եղել է հորիզոնական հարթության վրա, որ ինչ-որ մեկը տանը նստած համակարգչի մոտ հանկարծ պետականամետ է եղել, և նրան դուր չի եկել Սաքունցի ասածներն ու գնացել է այդ քայլին: Չեմ բացառում, որ նա ինքնուրույն գործած լինի, բայց որ նա իշխանության հովանու ներքո գործող անձնավորություն կամ խմբավորման մաս է, դրանում համոզված եմ: Եթե հրահրված էլ չի եղել, ապա դա հետագայում պաշտոն ստանալու լավ գրավական է: Կապացուցեն իրավապահները հակառակը, ես ներողություն կխնդրեմ: Լավագույն դեպքում, եթե այդ անձը հայտնաբերվի, ձևական պատիժ կկրի»:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը վստահեցրեց, թե պատիժը ձևական չի լինի ու նշեց նաև պատժաչափի մասին. «Եթե նախաքննության ժամանակ պարզվի անձի ինքնությունը, ապա նա պատասխանատվության կենթարկվի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի պատժի սահմաններում. օրենքով սահմանված է ժամկետը՝ կալանքով առավելագույնը երկու ամիս և ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի: Սահմանված է նաև տուգանք նվազագույն աշխատավարձի 50-150-ապատիկի չափով»:

Նա նաև շեշտեց, թե անհրաժեշտ էր ունենալ Արթուր Սաքունցի դիրքորոշումը քրեական գործ հարուցելու համար: Հիմա, երբ արդեն քրեական գործ է հարուցվել, գործը պետք է ուղարկվի ՀՀ քննչական կոմիտե:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Արթուր Սաքունցի գործը մշտական ուշադրության ներքո է, և հարցումներ են ուղարկվելու իրավապահ մարմիններին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանի բնորոշմամբ՝ Արթուր Սաքունցի հետ կատարվածն ընդամենը դրսևորումն է այն անհանդուրժողական միջավայրի, որ երկար տարիներ գործում է Հայաստանում իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի և կազմակերպության նկատմամբ. «Թե՛ դիտորդի, թե՛ ցանկացած խախտում հայտնաբերող անձի կողմից տրված հրապարակման առնչությամբ վերջին շրջանում ականատես ենք լինում պատժիչ գործողությունների: Իշխանության կողմից զսպող դերակատարումը բացառապես չի իրականացվում: Անձը, որը հանդես է գալիս նման գրառմամբ, ունի այն վստահությունը, որ ինքը՝ որպես այդպիսին, պատասխանատվության չի ենթարկվելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930