Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիս-Արցախ ճանապարհը փակած գյուղացիների պահանջը կատարվում է

Հուլիս 13,2017 17:37

«Երեկ ամբողջ օրը ջուր չկար, էսօր էլ մեկ կա, մեկ՝ չկա: Հողն էնքան ա չորացել, որ հենց ջուր ա լինում հողը միանգամից կլանում ա, բայց էլի չոր ա մնում: Մեր բախտից անձրեւ էլ չկար: 1 հեկտարից ավելի հողատարածք ունեմ, բրոկոլի, կաղամբ, կարտոֆիլ ենք ցանել, հիմա չեմ կարում ջրեմ: Լավ, էսօր էլ կհամբերենք, գոնե վաղը տան ջուրը՝ բերքը չփչանա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին վաղ առավոտյան աստղաձորցիները բողոքի ցույց էին անում, նրանք փակել էին Երեւան-Վարդենիս-Արցախ միջպետական ճանապարհը եւ իրենց համայնքը սպասարկող ջրօգտագործողների ընկերությունից պահանջում էին կարտոֆիլի ցանքատարածություններն ապահովել ոռոգման ջրով: Գյուղացիներն Aravot.am-ի հետ զրույցում վրդովված պատմում էին, որ ամեն տարի նման խնդրի առջեւ են կանգնում: Աստղաձորցիների ներկայացմամբ՝ ջրի բարձր ճնշումն ապահովող պոմպակայանները սարքին չեն, եւ դրանք ժամանակ առ ժամանակ նորոգվում են, բայց հետո էլի շարքից դուրս գալիս, ինչի արդյունքում էլ գյուղացիների հողատարածքները մնում են անջրդի:

«Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության ղեկավար Ռոբերտ Մինասյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ խնդիրը կարգավորվում է, պոմպակայանը նորոգվել է ու դաշտերը կապահովվեն ոռոգման ջրով:

«Իմ վերահսկողության տակ եմ վերցրել Աստղաձոր համայնքը, տարին չորային էր ու ջրի պահանջարկն ավելի շատ էր այս տարի: Մենք գտանք այլընտրանքային ուղիներ, Վաղաշեն համայնքից ինքնահոս ջուր մղեցինք դեպի Աստղաձոր, Զոլաքարից, նույնպես, որոշակի քանակի ջուր է մղվում Աստղաձոր: Պոմպերն էլ հզորացրեցինք, որպեսզի ավելի շատ ջուր մղվի: Հանձնարարական եմ իջեցրել, որ մի հատ լրացուցիչ պոմպ ավելացվի: Սա մեծ գումարների մոտ 10 միլիոն դրամի հասնող ծախս է, բայց այս խնդիրն էլ կլուծենք: Այս պահին ոռոգման ջրի խնդիր չունենք, պոմպակայաններն ամբողջ հզորությամբ աշխատում են»,-ասաց պարոն Մինասյանը: Մեր դիտարկմանը, որ գյուղացիներն ասում են երեկ ջուր չեն ունեցել, պարոն Մինասյանը վստահեցրեց, որ այդ ընթացքում պոմպակայանների վրա աշխատանքներն էին կատարում, ուստի ջուրը մի քանի ժամով անջատել էին:

Մինասյանը նաեւ տեղեկացրեց, որ անցյալ տարի սպասարկել են 90-100 հեկտար հողատարածք, իսկ այս տարի գյուղացիները ցանկանում են 400-500 հեկտար սպասարկվի. «Որպեսզի կարողանամ սպասարկել այդքան տարածք, պետք է վերլուծություն անեմ, տեսնեմ՝ կարո՞ղ եմ, թե՝ ոչ»: Պարոն Մինասյանի ներկայացմամբ՝ գյուղացիների մեծ մասի հետ ջրամատակարարման պայմանագրեր չկային, ցույցի օրն ընդամենը 46 հեկտարի համար է պայմանագիր եղել կնքված ՋՕԸ-ի հետ. «Կային մարդիկ, որոնք ասում էին՝ ամբողջությամբ պիտի սպասարկեք: Իսկ դրա համար պայմանագիր պիտի ունենաք ու պատրաստ լինենք նման ծավալի տակ մտնել»:

Մեզ հետ զրույցում գյուղացիներն ասացին, որ իրենց ոչ ոք չի տեղեկացրել պայմանագիր կնքելու մասին, մինչդեռ իրենք պատրաստ են պայմանագիր կնքել ու նորմալ ջրամատակարարում ունենալ:

Որ պայմանագրեր չեն կնքվել, պարոն Մինասյանն ասաց ՋՕԸ աշխատակցի թերացումն է.«Ներկայումս արագ տեմպերով կնքվում են պայմանագրերը: Ոռոգման ջրի խնդիրն էլ լուծվում է, այս պահին դժգոհող գյուղացի չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31