Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց Աստղաձորում. գյուղացիները փակել էին միջպետական ճանապարհը (Տեսանյութ)

Հուլիս 10,2017 11:53

Այսօր առավոտից Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները փակել էին Երեւան-Վարդենիս-Արցախ գլխավոր մայրուղին: Նրանք պահանջում էին վերջապես կարգավորել ոռոգման ջրի հարցը, քանի որ դեռ հուլիսի 1-ից արդեն նրանց կարտոֆիլի դաշտերը ոռոգելու սեզոնը սկսվել է, բայց ջուր չունեն:

Գյուղացիները Aravot.am-ի թղթակցին ցույց տվեցին ոռոգման ջրի աղբյուրը, որտեղից ջուրը պետք է հոսի դաշտերը եւ ինչպես գյուղացիները նկարագրեցին՝ ջրի հոսքը փոքր է, ճնշում ցածր եւ այն դաշտեր չի հասնում. «Ընդամենը մեկ-երկու դաշտ կջրվի, այն էլ կիսատ-պռատ: 20 հազարից ավելի բնակիչ ունի գյուղը, պատկերացրեք ինչքան շատ են դաշտերը: Բոլորս վարկերի տակ ենք, վարկ ենք վերցրել սերմացու ենք առել, պարարտանյութ, էդքան չարչարվել ենք, ամբողջը չորացել է այս շոգին: Բերքի 60 տոկոսը թափելու ենք, ո՞վ է մեր վարկերը փակելու»:

Աստղաձորցիների բողոքի ցույցին ներկա չէր համայնքապետը, ոչ էլ մարզպետը: Իսկ Մարտունու տարածքի ոստիկանապետը բանակցում էր գյուղացիների հետ, խոստանալով հարցին լուծում տալ: Մինչդեռ գյուղացիները շատ վրդովված են, նրանց համբերության բաժակը լցվել է: Նրանք պահանջում էին Ջրային տնտեսության կոմիտեի ներկայացուցիչները գան եւ իրենց աչքով տեսնեն ինչ է կատարվում:

Գյուղացիների ներկայացմամբ՝ պոմպակայանները, որի միջոցով ջրի ճնշումը պետք է ավելացվի, շատ հին են: Ոլորտի պատասխանատուները տարիներ շարունակ խոստանում են դրանք վերանորոգել, բայց ոչինչ էլ չեն անում եւ ամեն ոռոգման սեզոնին աղավնաձորցիներն այդ խնդրի դեմ են կանգնում:

Ոստիկանապետը գյուղացիների հետ բանակցության ընթացքում վստահեցրեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն մի խումբ մասնագետներ է ուղարկում գյուղ, որպեսզի գան, չափագրումներ անեն պոմպակայանների վերանորոգման համար: Մինչդեռ գյուղացիները դժգոհում էին. «Մինչեւ էդ ամեն ինչը անեն, բերքը լրիվ կչորանա»:

Ի վերջո, բանակցությունների արդյունքում գյուղացիները բացեցին ճանապարհը, կրկին սպառնալով այն փակել, եթե առաջիկա 2 օրում հարցը չլուծվի:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31