Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբը` որպես խորհրդանիշ

Օգոստոս 04,2017 10:04

Վարչապետը վերջերս մի քանի անգամ խոսել է աղբի խնդրի վերաբերյալ, ինչի համար արժանացել է հեգնական մեկնաբանությունների` իբր արժե՞ արդյոք խոսել նման երկրորդական հարցի մասին: Բայց այս խնդրի հանդեպ վերաբերմունքը մեր հասարակական մտածողության, կարելի է ասել, մանրակերտն է: «Կեղտի մեջ ապրում ենք, բազմաթիվ բաներ ունենք տեղում անելու, բողոքում ենք փողից, մյուսից, մյուսից, երբ որ ալարում ենք մի հատ կռանանք, մի հատ էստեղի քարը, որ անընդհատ ոտերիս տակ ընկնում է, քցենք մի կողմ»,- Տավուշի մարզի ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Կարեն Կարապետյանը:

«Ձեռքիցդ եկածը» չանելը եւ միայն օդի մեջ բողոքելը գալիս է մեր հասարակական մտքի «թարս» տրամաբանությունից: Ըստ այդմ, թիվ մեկ խնդիրն է ունենալ լավ համակարգ (եւ այդ հարցը, շատերի կարծիքով, լուծվում է «լավ» նախագահ, «լավ» վարչապետ, «լավ» նախարարներ եւ պատգամավորներ ինչ-որ մի անհայտ տեղից «պեղելով»), իսկ երկրորդ խնդիրն է՝ որ քաղաքացիներն այդ համակարգում իրենց դրսեւորեն որպես քաղաքացի, ոչ թե որպես լյումպենացված զանգված: Այս՝ Հայաստանում տարածված տրամաբանության շրջանակներում երկրորդ խնդիրը պայմանավորված է առաջինով:

Եթե փոքր-ինչ պարզեցնենք, ապա սխեման հետեւյալն է՝ տվեք ինձ նորմալ համակարգ, եւ ես ինձ մարդավարի կպահեմ, չեմ գողանա, չեմ սպանի, քաղաքը եւ երկիրը չեմ աղտոտի եւ բոլոր տեսակի դատապարտելի արարքներ չեմ արդարացնի:

Այդ տրամաբանությունն, ինձ թվում է, սխալ է, եթե թույլ տրվի ասել՝ դիալեկտիկական չի: Որովհետեւ համակարգը ստեղծվում է ամեն մեկիս վարքով եւ գնահատականով: Դատարկ շիշը փողոցում չես շպրտում, շպրտածը բարձրացնում ես, շպրտողին «ռեժիմի արատներով» չես արդարացնում՝ փողոցն, ի վերջո, մաքրվում է աղբից: Ոչ մեկին չես վիրավորում, վիրավորանքները, ում հասցեին էլ լինեն, ջնջում ես քո էջից՝ քո էջում տեղ են գտնում միայն կոռեկտ արտահայտություններ: Դատապարտում ես ցանկացած բռնություն եւ բռնության ցանկացած կոչ, եւ ոչ թե ամեն մի հանցագործության առիթով ասում ես՝ «դե, մարդկանց հասցրել են, այլ ելք չէին տեսնում», եւ բռնության մակարդակն իջնում է: Կաշառք չես վերցնում եւ չես ասում՝ «դե ինչ արած, մարդն ընտանիք է պահում», եւ կոռուպցիան նվազում է:

«Աղբաստեղծ» համակարգերը գոյություն ունեն հասարակության մեծամասնության ջանքերով եւ խրախուսմամբ: «Աղբից մաքուր» համակարգերը ստեղծվում են հասարակության մեծամասնության կամքով եւ պայքարով: Խաղաղ պայքարով, բնականաբար: Որովհետեւ զինված պայքարը, իմ կարծիքով, ամենա-«աղբաստեղծն» է: Մանավանդ` երբ հաջողության է հասնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Հա մտածում եմ, տեսնես աղբն ինչի՞ խորհրդանիշն է: Միակ պատասխանը՝ժամանակակից հայկական ժուռնալիստիկայի:

  2. Լավատես says:

    Ազգ բանակ՝ քաղաքացի զինվոր: Բանակում ծառայած քաղաքացին պետք է ունենա քաղաքացու ավելի բարձր վարկանիշ կամ կոչում, քան ոչ ծառայածը, մենք շատ ներդաշնակ ու սրընթաց պետք է կառուցենք քաղաքացիական բանակ, որը կարճ կոչվում է ազգ: Շարքային քաղաքացուց մինչեւ գնդապետ քաղաքացին ու բարձր՝ այդ կոչումներին ու քաղաքացիական պաշտոններին արժանանալու համար քաղաքացին նույն ճանապարհը պետք է անցնի, ինչ անցնում է շարքային զինվորը մինչեւ գնդապետ ու բարձր բանակում:
    Աղբը՝ դա անդաստիարակության նշան է, դա բնական է նորակոչիկ՝ դեռեւս երիտասարդ քաղաքացու դասընթացներն ու դաստիարակությունը չստացած քաղաքացու համար, բայց ինքն իրեն նորակոչիկը չի դաստիարակվի, նրան պետք է դաստիարակել քաղաքացիական բանակում:

  3. Սիմոն says:

    Հարգելի Արամ, մի քիչ այդպես չէ: Ամենամեծ ուսուցիչներն ու դաստիարակիչները հենց ամենամեծ դիրքերում գտնվողներն են: Ֆրանսիայում մի կաղ թագավոր են ունեցել, եւ բոլոր պալատականներն սկսել են կաղալով քայլել՝ անկախ իրենց կամքից: Հայտնի է նաեւ որ «ձուկը գլխից է հոտում», որտեղից էլ պարզ հետեւում է որ հենց «գլխից էլ պետք է բռնել»: Եւ շատ ավելի վատ է, որ դա ասվում է իսկ բռնողը չի երեւում: Այնպես որ «մեծ էշն ախոռոմ է թողնվում»: Դեռ շատ բաներ կարելի ասել, սակայն վերջացնենք հռետորական հարցով – կեղտոտ ձեռքերով ի՞չպես մաքուր ճաշ եփես:

  4. Գեւորգ says:

    Մի բան էլ ես ավելացնեմ: Իմ ծանոթ ղեկավարն աղքատ գյուղացիների «ճանկն» է ընկել, որոնք աղիողորմ բողոքել են, թե «էս չունենք, էն չկա» եւ այլն: Ղեկավարը մի սրամիտ բան է արել՝ ցույց է տվել մի փնթի երեխա եւ հարցրել՝ «այ ձեր տունը չքանդվի, բա էս երեխի խլինքը ի՞նչու չեք մաքրում»: Սրանք էլ այսպես են պատասխանել – «քիթ սրբելու սիրտ չի մնացել»:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031