Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կա պետություն

Օգոստոս 25,2017 10:00

Մեր դժվարությունների պատճառներից մեկն այն է, որ անցած դարաշրջանի մոտեցումները, նախորդ դարերի արժեքները մենք առանց վերապահումների փորձում ենք կիրառել մեր այսօրվա Հայաստան պետության իրականության պայմաններում:

Ահա դասական օրինակը:Հաճախ կարդում եմ, որ Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում գործած մարդիկ մերօրյա Սողոմոն Թեհլերյանն են: Արդյո՞ք դրանից կարելի է եզրակացնել, որ այն ոստիկանները, որոնց խմբի անդամները սպանել են, Թալեաթ փաշան են: Ես կզգուշանայի նման զուգահեռից: Նախ՝ այն պատճառով, որ դա վիրավորական է, մասնավորապես, Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքի համար:

Բայց եթե բոլոր մնացած տարբերությունները չնշենք, ապա հիմնական եւ ամենասկզբունքային հարցն, իմ կարծիքով, հետեւյալն է. Սողոմոն Թեհլերյանի ժամանակ չկար հայկական անկախ պետություն, իր բանակով, ոստիկանությամբ եւ պետական այլ ատրիբուտներով: Իսկ եթե լիներ, ես բացառում եմ, նման հրաշալի մարդը զենք բարձրացներ Հայաստանի Հանրապետության ոստիկանության վրա՝ որքան էլ կոռումպացված, անտաշ եւ ոչ պրոֆեսիոնալ լինեն մեր ոստիկանները: Բացառում եմ, որ նման բան անեին Նժդեհը կամ Մոնթեն, որոնց օրինակները նույնպես բերվում են:

Վրիժառությունը, ֆիդայությունը, ազգային-ազատագրական պայքարն՝ իրենց ամբողջ ռոմանտիկայով, ավարտվում են այն պահին, երբ կա պետություն՝ լավ թե վատ, այս պարագայում կարեւոր չէ: Պատրոնդաշները կապած, մորուքներով, հաճախ ինքնագործունեությամբ զբաղվող ֆիդայիները իրական հերոսներ են՝ փառք ու պատիվ նրանց: Բայց նրանք նախորդ դարաշրջանից են: Այսօրվա հերոսները 20 տարեկան երիտասարդներ են՝ սափրված, միանման համազգեստով, պետության կողմից իրենց հատկացված զենքով, վերադասի հրամանները կատարող: Մի խոսքով, նրանք կանոնավոր բանակի զինվորներ են: Մնացածը մեր պատմությունն է, որը պետք է հարգել, ուսումնասիրել, գուցե պատմական օրինակներով ոգեւորվել, բայց երբեք չմոռանալ, որ դրանք «նախապետական» դարաշրջանի օրինակներ են: 90-ականների կեսերին այդ «ֆիդայականությունը» արմատախիլ չարվեց. հակառակը՝ ստեղծվեց «կռված տղերքի» քաղաքականացված զինված ջոկատ, որի անդամներին թույլատրված էր արհամարհել պետության օրենքները: Բայց քանի պետությունը կա, երբեք ուշ չէ սխալն ուղղելը: Մենք հայրենասեր ենք, ազգասեր ենք, «հողուջրասեր», եւ դա շատ լավ է, բայց մենք չենք սիրում պետությունը, դա մեզ համար ինչ-որ անհասկանալի, վերացական բան է: Կատարել այդ կարեւոր անցումը՝ ծանր, մեծ ջանքեր պահանջող քայլ է: Բայց՝ անհրաժեշտ քայլ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Zaven says:

    Ես չգիտեմ,Դուք մարտի մեկին որտեղ եք եղել,բայց եթե եղած լինեիք այնտեղ, մեր ոստիկանության մասին այդքան բարձր կարծիքի չէիք լինի։Ժողովուրդը ինքնաբուխ , օպերայի տարածքի ջարդից հետո, հավաքվել էր մի շարք դեսպանատների արանքում,հույս ունենալով,որ այստեղ իրեն չեն կոտորի,բայց գիշերը սկսվեց կոտորած,լռիվ թուրքի նման,ոստիկանությունը բացեց անկանոն կրակ,որտեղ երեխաներ, կանայք և անզեն տղամարդիկ էին,մեքենաներով բարձր արագությամբ սկսեցին մխրճվել բազմության մեջ,մարդիկ երեք կողմից շրջափակման մեջ էին,բայց քանի որ ամեն կողմից կրակ էր թափվում ,կանայք ու երեխաները չգիտեին որ կողմից փախչեին,մայրերը գրկել եին իրենց երեխաներին,տղա երեխաները փորձում էին վախ չցուցաբերել,բայց իրոք վախենում էին,15 թվականը կարծես նորից իջել էր հայ ժողովրդի վրա։ Ժողովրդի միջով ,տեղում պատրաստված պատգարակների վրա,երեխաների ու կանանց աչքի առաշ, վազացնում էին մահացած, կամ ծանր վիրավոր մարդկանց։10 հոգի զոհվեց,1000 ից ավել վիրավորվեց,ամբողջ ՀԱՅ ազգը անհետադարձ ոսոխով լցվեց դեպի թուրքը։Իսկ հիմա ասում եք,որ մեր ոստիկանները թայլատ չեն,ես 100 տոկոս համոզված եմ եթե այդ օրը նրանք հրաման ստանային սպանել բոլորին,թե մեծ թե փոքր՝ նրանք կանեին դա։։Դա նաև հասկացավ մեր Հայ ազգը։Ես սիրում եմ իմ ազգը,որը երբեք չի ներում վայրագություն իր նկատմամբ,չի ներում ,հասկանում ես Արամ,Հայ ազգը չի ներում։Ու խնդրում եմ էլ մի գրեք նման թեմաներ,մի բորբոքեք մարդկանց սիրտը,մի երկու ավել քոմենթի համար չարժէ փչացնել հարաբերությունները հայերի հետ։

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    Մնում է ավելացնել, որ մենք սիրում ենք պետությունը, բայց վիրտուալը /վանոյաբար ստացվեց/:

  3. Լևոն Մելքումյան says:

    Անկեղծ ասած՝ Ձեր հոդվածից բխում է 2 հետևություն․
    կամ մեր այսօրվա ՚լավ՚, թե ՚վատ՚ պետությունը թողել է այն փոխելու, պատկերավոր ասած՝ (լավացնելու) ինչ-որ հնարավորություն,
    կամ ժողովուրդը պետք է համակերպվի իր իսկ ստեղծած այս որակի պետական կառուցվածքի գոյության հետ:
    Ենթադրվում է, որ մենք այնքան և այնպես ենք զարգանալու, կամ առաջադիմելու, որ որոշ ժամանակ անց, իրերի բնական ընթացքով,- ինչ-որ տեղ ակամայից, կառուցելու ենք առաջադեմ, արդարացի,․․․և այլն պետություն՝ իր ժողովրդավար, ազգանվեր, առաջադեմ, զարգացած իշխանությամբ:
    Այդ դեպքում, հարգելի պ-ն Աբրահամյան, գուցե Ձեր հոդվածաշարերում Դուք մատչելի և հիմնավորված ձևով ընթերցողին ներկայացնեք․
    կամ մեր այսօրվա ՚լավ՚, թե ՚վատ՚ պետությունը փոխելու, պատկերավոր ասած՝ ՉլավացնելուՃ
    այդ հնարավորությունը,
    կամ մեր ժողովրդի զարգանալու, կամ առաջադիմելու ճանապարհն ու քայլերը, որոնք այդպես էլ համառորեն չենք կատարում:
    Համաձայնեք, որ դա շատ ու շատ ավելի արդյունավետ կլիներ:
    Ի դեպ, համոզված եմ, որ մեր այսօրվա իշխանությունները ի զորու են նույնիսկ Նժդեհին ու Մոնթեին էլ հասցնել ծայրահեղ քայլերի դիմելուն:

  4. երբեք ուշ չէ սխալն ուղղելը says:

    Բայց քանի պետությունը կա, երբեք ուշ չէ սխալն ուղղելը:
    Ամենամեծ չարիքներից մեկն այն էր, որ նոր Հայաստանում հիմնովին ու ամբողջական լուստրացիա տեղի չունեցավ: Դրա համար թաքնված գողերն ու դավաճաններն ամենաբարձրն են բղավում. գողացա՜ն, թալանեցի՜ն: Հայաստանում պարտադիր պետք է հիմնովին ու ամբողջական լուստրացիա կատարվի, և նախկինում ու այսօր վնասատու անձիք պետք է նվազագույնը ներկայիս Հայաստանի պատասխանատու աթոռներին մոտ չգան: Այսօր էլ դեռևս ուշ չէ, քանի պետությունը կա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031