Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում սեւ ցուցակում հայտնված հայերի հարցը՝ ԱԺ-ում. Փաշինյանը ՌԴ-ից դեպորտի ենթարկված հայերին օգնելու մասին

Սեպտեմբեր 14,2017 11:42

ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի կառավարության միջեւ ստորագրված ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու հարցն է քննարկվում խորհրդարանում:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց արձանագրության բովանդակությունը: Նա ասաց, որ սա գործիք ծառայող փաստաթուղթ է, որտեղ սահմանվում են դետալներ, տեխնիկական հարցեր են լուծվում, մասնավորապես՝ ովքեր են կոնտակտային մարմինները, հասցեները, ֆինանսական հարցերը, ինչ ճանապարհներով պետք է իրականացվի ուղեկցումը եւ այլն:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Եգանյանին հարցրեց Ռուսաստանից դեպորտի ենթարկված քաղաքացիների մասին. «Մենք ի՞նչ մասշտաբի խնդրի հետ գործ ունենք, ինչքանո՞վ է այդ գործընթացը համապատասխանում ԵԱՏՄ շրջանակներում գործող իրավակարգավորումներին: Ինչպե՞ս կարող ենք մենք այդ մարդկանց օգնել: Խոսքը այն մասին է, որ երկար ժամանակ ՌԴ-ում բնակվող քաղաքացիները գալիս են Հայաստան, այց են կատարում եւ երբ հետ են վերադառնում, պարզվում է, որ իրենց մուտքը Ռուսաստան փակ է: Ընտանիքի մի մասը այստեղ է, մի մասը այնտեղ եւ տարիներով իրար չեն տեսնում»:

Եգանյանը պատասխանեց. «Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք կամա թե ակամա, մեծ կամ փոքր խախտումներ են թույլ տվել՝ գտնվելով ՌԴ-ում: ՌԴ-ն օրենսդրորեն բավականին պատժամիջոցներ է սահմանել, որը գործում է, երբ անձը դուրս է գալիս ՌԴ տարածքից: Սա միայն ՀՀ քաղաքացիների համար չէ, բոլոր օտարերկրացիների համար է: Երբ 2014-ին սկսեց գործընթացը, 3 մլն-ի հասնող օտարերկրացիներ կային, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ, որոնք հայտնվեցին սեւ ցուցակներում»:

Եգանյանն ասաց, որ երբ քաղաքացին դիմում է իրենց ծառայության, Միգրացիոն ծառայությունը հավաքում է դիմումները եւ խնդրում, որ Միգրացիոն ֆեդերալ ծառայությունը պատժամիջոցները մեղմի. «Շուրջ 6000 դեպքում մեր խնդրանքը բավարարվել է: ՌԴ-ում գտնվողները, որոնք ունեն նման խնդիր եւ վախենում են դուրս գալ, եթե նրանց խախտումները համապատասխանում են իրենց օրենքի 26 հոդվածին, պատժամիջոցները մեղմվում են»:

Եգանյանն ասաց, որ օրական իրենց ծառայությանը դիմում էր 100-150 անձ, հիմա դիմողների թիվը կրճատվել է, ինչը խոսում է այն մասին, որ խնդիրը ինչ-որ չափով լուծվել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930