Լրահոս
Օրվա լրահոսը

Կտավներումս հոգի եմ դնում, սեր ու պատկերում կյանքը իր բոլոր գույներով. Ստյոպա Գրիգորյան

Սեպտեմբեր 16,2017 13:34

Օրերս Էջմիածնում տեղի ունեցավ երիտասարդ նկարիչ Ստյոպա Գրիգորյանի նկարների առաջին անհատական ցուցադրությունը «Հայ միասնության խաչ» հ/կ-ի տարածքում: Նկարչի անդրանիկ ցուցադրությունը նվիրված էր պապիկին՝ Հոմերոս Պետրոսյանին: Այն թոռան նվերն էր պապիկի ծննդյան օրվա առթիվ: Միջոցառմանը ներկա են գտնվել երիտասարդ նկարչի հարազատները, ընտանիքի անդամները, արվեստագետներ, անվանի նկարիչներ, համաքաղաքացիներ, հյուրեր:

Aravot.am-ը զրուցեց տաղանդավոր գեղանկարիչ Ստյոպա Գրիգորյանի հետ ցուցահանդեսի, ապագա պլանների, արվեստի և կյանքի մասին: Մեզ հետ զրույցում Ստյոպան ասաց. «Իմ կյանքի առաջին, մասշտաբային առումով լայնածավալ ու բովանդակալից նկարներիս, քանդակներիս, կոլաժներիս ցուցադրությունն էր: Ստեղծագործական գործունեությանս ողջ գունապնակը ներկայացվեց լայն հասարակության դատին: Շատերը գիտեն, որ նկարում, քանդակում եմ, բայց լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Շատ հաճախ չի լինում, որ ես գոհ լինեմ իմ կատարած աշխատանքից, բայց այս անգամ իսկապես ստացված էր ամեն ինչ»: Նշենք, որ Ստյոպա Գրիգորյանը սովորում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարի բաժնի հինգերորդ կուրսում: Որոշել է ուսումը շարունակել Գեղարվեստի պետական ակադեմիայում: «Ցուցահանդեսը լավ առիթ էր, որ ինքս ինձ ապացուցեմ, որ կարող եմ և պարտավոր եմ ավելին անել…Այն քննություն էր՝ բարդ ու պարտավորեցնող: Ես քաղաքիս առաջ ցույց տվեցի, որ ստեղծագործելը իմ կյանքն է: Նկարելով ես ապրում եմ, և հասկացա նաև, որ ապրեցնում: Կտավներումս հոգի եմ դնում, սեր ու պատկերում կյանքը իր բոլոր գույներով: Որոշել եմ կրթությունս շարունակել ակադեմիայում: Դասախոսներս, որոնք ներկա էին ցուցահանդեսին՝ հավանության արժանացրեցին և գնահատեցին կատարված աշխատանքս»:

Ստյոպա Գրիգորյանը Aravot.am-ին ասաց նաև, որ շատ երջանիկ է, որ ունի լավ ընտանիք: Արվեստը ժառանգություն է ստացել հարազատներից: Մայրը երաժիշտ է: Երիտասարդ նկարիչը ասաց, որ իր բոլոր հաջողությունների համար պարտական է ընտանիքին. «Երազանք թվացող ցուցահանդեսն այլևս իրականություն է: Մենք արեցինք դա: Ասում եմ մենք, որովհետև ընտանիքս միշտ կողքիս է: Նկարելը մի բան է, այն հավուր պատշաճի հանրայնացնելը այլ բան: Ընտանիքս հենարան է, մեծ սյուն: Իմ բոլոր հաջողությունները նաև նրանցն է: Ճիշտ ճանապարհ ցույց տալն, ուղղորդելն ու կողքիս կանգնելը տվել են իրենց ծիլերը: Իսկ ես խոստանում եմ, որ այդ ծիլերը դեռ շատ պտուղներ կտան»: Ստյոպա Գրիգորյանը խոսեց նաև իր կողքին կանգնած մասնագետների, ընկերների ու մտերիմների մասին:

«Երջանիկ բառը շատ եմ գուցե օգտագործում, և նկարներումս էլ երջանկություն շատ կա: Հպարտ եմ, որ կողքիս կան ճիշտ մասնագետներ, որոնք բարձր մակարդակի են դրել իմ նկարելու կարողությունը: Ցուցահանդեսիս ներկա էր իմ շատ սիրելի դասախոսը,իմ ավագ ընկերը: Նկարիչների միության անդամ Արթուր Շարաֆյանը իմ դասախոսը լինելուց բացի, իմ առաջին քննադատն ու իմ հաջողություններով հպարտացողն է: Շնորհակալ եմ նրան՝ ինձ համար այդքան կարևոր օրը կողքիս լինելու, աջակցելու համար»: Ցուցահանդեսը բարձր մակարդակով անցկացվել է «Հայ միասնության խաչ» հ/կ-ի անմիջական աջակցությամբ: Հոգևոր մայրաքաղաքը ևս մեկ անգամ առիթ կունենա հպարտանալու իր քաղաքի պարծանքներով:

Ստյոպա Գրիգորյանը կարևորում, գնահատում է հասարակության կարծիքը, և իր շնորհակալությունը հայտնում իր սիրելի քաղաքացիներին: «Արվեստ ներկայացնելը մի նպատակ է հետապնդում՝ հասարակության արժեհամակարգի բարձրացում, առօրյա կենցաղային միջավայրից կարճ ժամանակով տարանջատում, և ավելի հոգևոր, ավելի բարձր արժեքների հետ ծանոթացում: Այս անգամ նման առիթ ես ընձեռեցի: Համաքաղաքացիներս առիթ ունեցան կտրվել առօրյա հոգսերից և դառնալ իմ տոնի մի մասը: Ես շնորհակալ եմ բոլորին,որ կյանքիս լավագույն օրերից մեկը միայնակ չէի: Այո, ես շատ հարուստ մարդ եմ, որ կողքիս ձեզ ունեմ: Կյանքում հաջողության հասնելու,առաջ գնալու և կայանալու համար պետք է գնահատել ունեցածը: Իսկ դուք իմ օրվա մի մասն եք: Հարգում ,սիրում և ստեղծագործում եմ ձեզ համար: Շնորհակալ եմ,որ կողքիս էիք: Այս ամենը շարունակական է լինելու…Աստծո կամոք առաջ»,-ասաց երիտասարդ գեղանկարիչ Ստյոպա Գրիգորյանը:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930