Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. Մենք չհասկացանք և չգիտակցեցինք ազգային պետության կարևորությունը` որպես ազգի գոյության երաշխիք (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2017 12:39

 «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի 21.09.2017թ. ուղերձը 

Հայ ազգի երկու հատվածներին` հայկական պետականության ներքո ապրող և անդրսահմանային հայ ազգին

«Հայաստանի նորովի արդիականացում. հայերի մրցունակություն»

Անկախության քառորդ դարը դարձավ հայ ազգի համար այնպիսի շրջան, որի ժամանակ միայն հայտարարվեց անկախության մասին և գրվեցին օրենքներ ազատությունների մասին, որոնք ի զորու չեղան կազմակերպել հանրային կյանքը ի շահ հայ ազգի:

Ըստ էության այս տարիները ազդարարեցին հայկական պետականության մասին, սակայն չծառայեցին իրավական և ազգային պետություն կառուցելու գործին:

Այս տարիները՝ իհարկե, խախտեցին Հայոց Բագրատունյաց և Կիլիկիայի թագավորությունների անկումից հետո հայոց անկախ պետականության քաղաքական հայտի մասին մոռացությունը և աշխարհին ի ցույց դրեցին հայ ազգային-ազատագրական պայքարի կենդանությունը և բեկումը` Արցախի ազատագրումը:

Սակայն մեր հանրային կյանքի անկազմակերպվածությունը (քաղաքացիական և քաղաքական իրավունքներից լիարժեք չօգտվելը) մեր ազգային պետականության ներքո, մեզ զրկեց քաղաքական գործոն և քաղաքականության լիարժեք սուբյեկտ լինելու հնարավորությունից:

Ոչ հայ ազգի ներկայիս քաղաքական վերնախավը, ոչ ընդհանրական հայ ազգը` իր բովանդակ հատվածով, չկարողացան զարգացնել հայկական պետականության կառավարումը` այն դարձնելով արդյունավետ համակարգ: Քառորդ դար այս համակարգը աշխատեց բռնի ուժի միջոցով՝ ամրագրելով համակարգային ավտորիտարիզմ (վերահսկվող ժողովրդավարություն):

Նորագույն հայկական պետականության քառորդ դարը արձանագրեց հայ ազգի և նրա ազգային պետականության երկակի քաղաքական կարգավիճակ:

Ունենք երկու հայկական պետականություն. մեկը մյուսին պաշտոնապես չի ճանաչել, պաշտոնապես չեն միացել, մեկը մյուսի անունից նրա կարգավիճակի և տարածքների հանձնման վերաբերյալ թշնամու հետ բանակցություններ է վարում ու պայմանավորվածություն ձեռք բերում:

Հայ ազգի երկու հատվածներից`

համասփյուռ հայությունը, որն ապրում է աշխարհի բազմաթիվ երկրներում և մի քանի անգամ ավելին է քան հայկական պետականության ներքո ապրող հայ ազգը, հայկական պետականության կառավարման հարցերում զրկված է քաղաքական իրավունքներից,

հայ ազգի փոքր հատվածը, որն ապրում է հայկական պետականության ներքո, նույնպես զրկված է հայկական պետականության կառավարման հարցերում քաղաքական իրավունքներից:

Հիմնական պատճառը հայկական պետականությունում քաղաքական մենաշնորհի առկայությունն է և համասփյուռ հայության քաղաքական իրավունքների սահմանափակումները:

Չնայած նրան, որ ունենք քառորդդարյա անկախ Հայկական պետականություն` Արցախի և Հայաստանի Հանրապետություններ, հայ ազգը չկարողացավ ապահովել քաղաքացիական, քաղաքական, մշակութային, տնտեսական, գիտական և ռազմական վերելք Հայկական պետականության ներքո:

Ազգային քաղաքական միտքն էլ զարգացման առումով մնաց սաղմնային վիճակում:

Համասփյուռ հայ ազգը չբարձրացրեց իր քաղաքակրթական մակարդակը և դուրս չեկավ այն նեղ կաղապարից, որի մեջ ապրում էր երկար դարեր:

Մենք չհասկացանք և չգիտակցեցինք ազգային պետության կարևորությունը` որպես ազգի գոյության երաշխիք:

Հայ քաղաքական մտքի զարգացումը և գործնական քայլերի նախաձեռնությունը սփյուռքահայ համայնքներում ավանդական հայկական կուսակցությունների, կրթօջախների և հոգևորական կառույցների կողմից առավելագույնը սահմանափակվեց Հայոց ցեղասպանության ճանաչմամբ:

Սփյուռքահայությունը և Արցախի ու Հայաստանի Հանրապետություններում ապրող հայերս ի վիճակի չեղանք զարգացնելու քաղաքական միտքը, ինչը հանգեցրեց ազգային քաղաքական ոգու ճահճացման:

Համասփյուռ հայության զգայուն, պատրաստակամ ու պարտաճանաչ մասնակցությունը հայ ազգի քաղաքական կյանքում դարձել է պարտադիր և անփոխարինելի գործառույթ:

21-րդ դարի հայի քաղաքական փիլիսոփայության անկյունաքարը պետք է լինի անդրսահմանային հայ ազգի ներկայացուցիչների ուղղակի քաղաքական ներգրավվածությունը Հայկական՝ իրավական, ազգային կատարյալ պետականություն կառուցելու քաղաքականությունում:

Հայերը, ունենալով զգալի դիրքեր ժամանակակից աշխարհի պետություններում, ունենալով ահռելի նյութական և ոչ նյութական կարողություններ, ունեն հնարավորություն և պարտավոր են ստեղծել ազգային քաղաքացիական և քաղաքական համագործակցության աշխարհասփյուռ ցանց (ենթակառուցվածքներ), որոնց միջոցով հնարավոր է կենսակոչել ազգային հեռանկարային նշանակալի ձեռքբերումը` իրավական և ազգային` կատարյալ անկախ պետականության ստեղծելը և տեր լինելը պատմական Հայրենիքին:

Յուրաքանչյուր ազգի կայացման գործում էական է նրա գաղափարական արժեհամակարգը, որի ներքո ապրում և արարում է ժողովուրդը:

Մենք` 21-րդ դարի հայերս, ազգային քաղաքական կառույցի կողմից դեռ չենք հռչակել մեր ազգային գաղափարախոսությունը, չենք ընդունել մեր համազգային զարգացման ծրագիրը:

Ներկայիս համասփյուռ հայության կապիտալն ազգային պետության վերստեղծմանը չծառայելու պատճառն ամենևին հայերի հայրենասիրության պակասը կամ ազգային ծրագրերի հաշվին խնայողություններ անելը չեն:

Դարեր շարունակ ողջ հայոց մշակութային, կրթական և հոգևոր կյանքը կազմակերպվել է հենց հայրենասեր հայերի տեսակի նյութական միջոցներով, ինչը, սակայն, բավարար չէ ազգային և գաղափարական առումով պատմական Հայրենիքում ազգային կատարյալ պետականության վերածննդի համար:

Հայոց հոգևորական կառույցների` եկեղեցու, դերակատարությունը սահմանափակվել է միայն հայապահպանության և հայկական ավանդույթներին հետևելու քաղաքականությամբ:

Հետևաբար, առանց ազգային զարգացման քաղաքական ծրագրի` գործող համասփյուռ հայկական համայնքները, ժամանակի մեջ կտարաձուլվեն և նրանց կարողությունները կծառայեն օտար պետությունների զարգացման ծրագրերին:

Ի վերջո հայ ազգի այս երկակի քաղաքական կարգավիճակը՝ որն ի ցույց է դրել աղետալի հետևանքները, պետք է վերացնել:

Այն որ կարիք կա այս համակարգի ապամոնտաժման, կարծում ենք միանշանակ է: Այն որ կարիք ունենք նոր համակարգի ներդրման և նոր քաղաքական ընտրանու ձևավորման` նույնպես միանշանակ է: Բայց ամենակարևորը` մենք կարիք ունենք մեր գիտակցության մեջ փոփոխության իրականացման` մենք չենք կարող շարունակել այսպես ապրել:

Մենք` Հայաստան և Սփյուռք.

–         պարտավոր ենք հաղթել քառորդդարյա համակարգային ավտորիտարիզմին,

–         պարտավոր ենք կյանքի կոչել համահայկական միացումը` դառնալ Հայաստան և Սփյուռք մեկ քաղաքական մարմին,

–         պարտավոր ենք կյանքի կոչել առաջնային քաղաքական օրակարգը` անցկացնել հայկական պետականության քաղաքական մարմինների օրինական ընտրություններ` խորհրդարան, նախագահ, կառավարություն, այնպիսի քաղաքական ինստիտուտի ներդրմամբ, ինչպիսին է ազատ, հավասար և թափանցիկ պայմաններում ընտրությունների անցկացումը համասփյուռ հայության մասնակցությամբ:

Այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները`

1.     Ձևավորել անդրսահմանային հայ ազգի քաղաքական կառույցների ցանց Հայաստանի, Արցախի և աշխարհի հայաշատ քաղաքներում:

2.     Մշակել և ընդունել համազգային զարգացման ծրագիր:

3.     Ընտրել պատվիրակներ հայ ազգի երկու հատվածներից (հայկական պետականության ներքո ապրող և անդրսահմանային հայ ազգի ներկայացուցիչներից) Գլոբալ հայկական համազգային համաժողով հրավիրելու համար:

4.     Մշակել Գլոբալ հայկական համազգային համաժողովի օրակարգը:

5.     Գլոբալ հայկական համազգային համաժողովում առաջադրել և ընտրել ժամանակավոր կառավարության կազմ, որը պետք է նախապատրաստի համասփյուռ հայության մասնակցությամբ հայկական միասնական պետականության քաղաքական մարմինների ընտրությունները:

6.     Հաստատել ժամանակավոր կառավարության գործունեության սկզբունքները և նրա գործունեության կանոնակարգը:

7.     Հաստատել ժամանակավոր կառավարության գործողությունների ծրագիրը և ժամկետը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930