Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վարդանյան. Մատուցողին էլ բերեք թող վկայություն տա, որ «իրենց օբյեկտում օրը հարյուր անգամ հաց եմ կերել»

Սեպտեմբեր 29,2017 12:52

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Հիշեցնենք, գործը վկաների քննության փուլում է:

Այսօր դատարանը լսեց վկա Տիգրան Սարգսյանի ցուցմունքները: Նա սկզբում ասաց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում: Հետո հիշեց՝ Արման Հայրապետյանին ճանաչում է, աշխատանքի բերումով. միասին աշխատել են հանրային հեռուստաընկերությունում: Ինքը ծառայություն է իրականացնում գլխավոր մուտքի մոտ:

Վկան ասաց, որ չի հիշում, որ Արմանը 2017 թվականի նոյեմբերի 14-ին իր հետ հեռուստաընկերություն բերած լինի որեւէ կնոջ: Բայց ասաց, որ տեսականորեն հնարավոր է, որ հեռուստաընկերության շենք մարդ ներս տարվի մեքենայում թաքցրած, առանց անցագրայինում գրանցելու:

Ամբաստանյալ Արթուր Վարդանյանը վկային հարց տվեց այդ օրվա տեղի ունեցածի վերաբերյալ: Վկան ասաց, որ ինքը ոչինչ չգիտի, այդ օրը հերթապահել է եւ ոչինչ չի նկատել: Արթուր Վարդանյանը զայրացած արձագանքեց. «Եթե գործի հետ ոչ կապ ունես, ոչ բան, ըստ քեզ քո վկայությունն ի՞նչ կապ ունի: Կարող են մատուցողի էլ բերել, որ վկայի, որ իրենց օբյեկտում օրը հարյուր անգամ հաց եմ կերել»:

Դատավորը սաստեց ամբաստանյալին`նկատելով, որ ոչ թե ինքը, այլ դատարանն է որոշում`ո՞ւմ կանչել վկայություն տալու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930