Լրահոս
Օրվա լրահոսը

«Արյան գնով» իշխանափոխության մասին խոսք չի եղել

Սեպտեմբեր 29,2017 16:33

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվող 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով վկայություն տվեց Իշխան Քիշմիրյանը: Վերջինիս հարցաքննությունը տեւեց երկու ժամից ավելի: Վկան ամբաստանյալներից  ճանաչում էր Արթուր Վարդանյանին եւ Արա Պողոսյանին: Արա Պողոսյանի հետ ծանոթացել է ֆեյսբուք սոցիալական ցանցով:

Իշխան Քիշմիրյանն արդեն մի քանի տարի է ծրագիր ունի` Արեւմտյան Հայաստանում ֆիլմ նկարահանել «Ազգային դիվանագիտության պատմության» մասին: Ֆիլմում պետք է ներկայացվեն այն վայրերը եւ իրադարձությունները, որտեղ Հայաստանի համար կարեւորագույն որոշումներ են կայացվել, նաեւ`դրանց նախորդող իրադարձությունները: Իր ծրագրի իրականացման համար ֆինանսավորում է փնտրել:

Արա Պողոսյանն իր գաղափարներն է ներկայացրել`Հայաստանում դիմադրության ճակատ ստեղծելու մասին: «Ճակատ» ձեւակերպումն Իշխան Քիշմիրյանին դուր չի եկել, քանի որ այդ բառի տակ կան թաքնված իմաստներ, որոնք երկիրը կարող են պառակտման տանել: Նա էլ իր հակընդդեմ առաջարկով է հանդես եկել`եթե խնդիրը «մարդկանց մատից փուշ հանելն է», իր ծրագիրը կյանքի կոչել: Արան Իշխանին խոստացել է ծանոթացնել մարդկանց հետ, ովքեր կարող են ֆինանսավորել իր ֆիլմաշարի նկարահանումները: Արդյունքում, Իշխան Քիշմիրյանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ: Ֆինանսավորում նա չի ստացել, բայց հանդիպումներ ու զրույցներ է ունեցել Արթուր Վարդանյանի եւ Արա Պողոսյանի հետ`ծախսերի նախահաշվարկ են կազմել, քննարկել են նկարահանումների տարբեր ուղղությունները:

Ըստ վկայի, Արթուր Վարդանյանը հույսեր է կապել Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հետ: Զրույցներում Արթուր Վարդանյանը ասել է, որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել Արցախը Հայաստանին միացնելու վերաբերյալ: Ասել է նաեւ, որ Արցախը և Սփյուռքը սպասում են դրան ու դրական կարձագանքեն: Դա, ըստ վկայի, պետք է տեղի ունենար Սփյուռքի ճնշման տակ`խաղաղ ճանապարհով: «Արյան գնով» իշխանափոխության հասնելու մասին խոսակցություններ չեն եղել, հնչել է ժամանակավոր կառավարություն ձեւավորելու մասին կարծիք: Թե հատկապես ի՞նչ մեթոդներով, վկան չի հետաքրքրվել: Լսել է բոլոր այդ խոսակցությունները, ինչպես նաեւ տարբեր սրճարաններում, ճաշի սեղանների շուրջ նրանց հայրենասիրական ճառերը, իշխանություններից դժգոհությունները եւ հայհոյանքներն իշխանության հասցեին եւ սպասել, թե երբ են ֆինանսավորելու իր ծրագիրը:

Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտության մասին խոսակցություններում, խոսք է գնացել Սփյուռքի ճնշման տակ, խաղաղ ճանապարհով իշխանափոխության մասին: Վարդանյանն ասել է նաև, թե այլ երկրներում Հայաստանի դեսպանատները զբաղված են կոռուպցիայով, դա դիվանագիտություն չէ: Նա առաջարկել է, որ ստեղծվի երիտասարդ դիվանագետների ակումբ, նոր դիվանագիտական կադրեր պատրաստելու համար:

Պաշտպաններից մեկը վկայից հարցրեց`իսկ իր կարծիքով Հայաստանում կոռուպցիա կա՞, իշխանությունը թաթախվա՞ծ է կոռուպցիայի մեջ: Վկան ասաց` ինքը այն կարծիքին է, որ մեր իշխանավորները բոլորը մաքուր են: Նա այդ կարծիքին է, քանի որ կոռուպցիայի մասին փաստեր չունի: Երբ պաշտպաններից մյուսն էլ նույնաբովանդակ հարց վեց, վկան նկատեց. «Ձեր հարցը սադրիչ է»:

Արթուր Վարդանյանը ասել է նաև, թե Հայաստանը 37 երկրների հետ կարող է հակաահաբեկչական կոալիցիա կազմել: Սկզբում կոալիցիան պետք է պայքարեր Սիրիայում, հետո Թուրքիայի դեմ, բայց քանի որ ներկա իշխանությունները դրան չեն գնում, դրա համար էլ էր պետք իշխանափոխություն: Վկան Արթուրի ասածները լուրջ չի ընդունել, մտածել է`մարդը կարծիք ունի, արտահայտում է:

Մեղադրող դատախազը վկայից նաեւ հետաքրքրվեց`ի՞նչ է զգացել, երբ իմացել է զինված խմբի ձերբակալման եւ Արթուր Վարդանյանի եւ Արա Պողոսյանի`այդ խմբի հետ կապի մասին: «Շոկ ապրեցի»,- եղավ պատասխանը:

Առհասարակ, վկային ուղղված հարցերը հիմնականում վերաբերվում էին ոչ թե փաստերին, այլ այս կամ այն բանի վերաբերյալ նրա կարծիքին:

Հրապարակվեց նաեւ վկայի նախաքննական ցուցմունքը: Դատական ցուցմունքում նա ասել էր, որ ժամանակավոր կառավարության մեջ իրեն պաշտոն տալու մասին խոսակցություն չի եղել: Ըստ նախաքննական ցուցմունքի, Արա Պողոսյանը կարծիք է հայտնել, որ վկան լավ կաշխատեր դիվանագիտական ոլորտում, դեսպանի պաշտոնում:

Վերջում, պաշտպաններից մեկը հետաքրքրվեց`արդյոք վկայի հանդիպումները խոսակցությունները գաղտնի ձայնագրվել են իր կողմից, կա՞ն ձայնագրություններ: Վկան զարմացավ. տպավորություն էր, որ նույնիսկ չհասկացավ թե ի՞նչ հարց եւ ի՞նչ նպատակով է իրեն տրվում:

Նիստը կշարունակվի հոկտեմբերի 6-ին, ժամը 11. 00-ին: Դատարանն ավարտեց այս փուլը: Հաջորդ նիստում կքննվեն գործում առկա փաստաթղթային իրեղեն ապացույցները:

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930