Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ սիրում, երբ հոբելյարը նստում է բեմում՝ բազկաթոռի մեջ ու գալիս, մահախոսականներ են կարդում»․ Նիկոլայ Ծատուրյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2017 23:33

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց ռուս-իսրայելցի դրամատուրգ և գրող Վալենտին Կրասնոգորովի (նրա իսկական ազգանունը Ֆայնբերգ է) «Սիրո CASTING» կատակերգությունը, որի ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն է։ Այն ներկայացվում էր հենց նրա հոբելյանի շրջանակներում։

Ինչպես մեկ ամիս առաջ իրենց ասուլիսում խոստացել էին աճեմյանցիները, Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանը նշվելու է ինքնատիպ ձևով․ ոչ թե «աթոռ դնելով, նրան մեծարելով, հետո էլ ուտել-խմելու գնալով ու կենաց ասելով», այլ նրա ներկայացումները խաղալով։ Նոյեմբերին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանը կնշի մայրաքաղաքում՝ նրա ներկայացումներով։

Նիկոլայ Ծատուրյանն այսօր բեմ բարձրանալով ու տեսնելով լեփ-լեցուն դահլիճը՝ հումորով, անկեղծ զրույցի բռնվեց հանդիսատեսի հետ։ «Ես երջանիկ եմ լինում, երբ տեսնում եմ լեփ-լեցուն դահլիճ Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։ Սիրելի հանդիսատես, ես 72 տարեկան եմ, բայց իմ 70-ը նոր ենք նշում, երկու տարի հանել եմ։ Եվ միշտ դեմ եմ եղել այն ավանդույթին, որ էդ հոբելյարը խիարի պես նստում ա բեմում՝ բազկաթոռի մեջ, հետո գալիս են, մահախոսականներ են կարդում, նվերներ են տալիս։ Հիմար բաներ են․․․ Դրա համար ես այսօր իմ հոբելյանը նշում եմ իմ ստեղծագործություններով։ Ամենաշքեղ սիրամարգի պոչի տակ թաքնված է սովորական հավի հետույք, էնպես որ առանց պաթոսի, պարոնայք», -ասաց Նիկոլայ Ծատուրյանը՝ խոսելով այսօրվա ներկայացման բովանդակության մասին։

Նա ասաց, որ Վալենտին Կրասնոգորովի այս ստեղծագործությունը երեք տարեց կանանց մասին է, որոնք զույգ ունենալու հույսը չեն կորցնում։ «Ես զարմանում եմ հայ դրամատուրգների վրա, որովհետև այդ թեման այնքան մեր հայ իրականությանը բռնող է․ շատ-շատ կանանց ամուսիններ ռուսաստաններում են, և փաստորեն կանայք միայնակ իրենց երեխաներին են դաստիարակում։ Այս թեման ճիշտ կլիներ Հայաստանում լիներ»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը։

Մոտ 2 ժամ տևած կատակերգությունը գյումրեցի հանդիսատեսը դիտեց հաճույքով՝ ինչպես միշտ, նստած տեղից արձագանքելով, կարծիքներ հնչեցնելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031