Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի նախագահը համեմատություն է արել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ

Հոկտեմբեր 31,2017 18:20

2018թ.-ի հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները, և հավանական քաղաքական ուժը, որ փորձելու է պայքարի մեջ մտնել իշխող նախագահի կամ նրա պաշտպանած թեկնածուի դեմ, կարող է լինել «Ազգային խորհուրդ» ընդդիմադիր մի քանի քաղաքական ուժերի դաշինքը (2013թ.-ի ընտրություններում «Ազգային խորհրդի» թեկնածուն եղել է Ջամիլ Հասանլին)։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Նրա բնորոշմամբ՝ ժողովրդի համեմատաբար ակտիվ ընդդիմադիր հատվածին այս պահին իր շուրջը համախմբելու և աստիճանաբար՝ մեկ տարվա ընթացքում, ժողովրդական ավելի լայն զանգվածների մոբիլիզացնելու փորձեր, թերևս, անում է հենց այդ դաշինքը՝ հաշվի առնելով, որ մոտ մեկ ամսվա ընթացքում` սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 28-ը, Բաքվի Յասամալ թաղամասում գտնվող «Մահսուլ» մարզադաշտում այն անցկացրել է 3 հանրահավաք։

«Նշված հանրահավաքներն աչքի չեն ընկել մասնակիցների մեծ քանակով, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունների համար նույնիսկ 2000-3000 հոգին չգերազանցող ցույցերն ու հանրահավաքները պարունակում են «վտանգավորության տարրեր». վերջին երեք հանրահավաքներից առաջինի ժամանակ տեղի են ունեցել երիտասարդ քաղաքացիների ձերբակալություններ, երկրորդի ժամանակ՝ աշխատանքից հեռացվել են դրանց մասնակցած մշակութային գործիչները, որոնք ճանաչված և սիրված են քաղաքացիների շրջանում, իսկ երրորդի նախօրեին հայտարարություն տարածվեց, որ Ադրբեջանի Լոքբաթան ավանում այդ երկրի Պետական Անվտանգության ծառայության կողմից վնասազերծել են «Ադրբեջանի սահմաններից դուրս գործող ծայրահեղ կրոնական խմբավորման հրահանգներով գործող խմբի պարագլուխը և ևս երկու անդամներ»՝ գործողության ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանելով նրանց։ Հայտարարության մեջ նշվեց, որ վնասազերծված մարդիկ մտադրվել էին Ադրբեջանում  կայունությունն ու անվտանգությունը խաթարելու, հասարակական-քաղաքական պառակտում ստեղծելու նպատակով կազմակերպել ահաբեկչական գործողություն՝ հոկտեմբերի 28-ին Բաքու քաղաքում անցկացվելիք հանրահավաքի ժամանակ»,- տեղեկացրեց Արտյոմ Տոնոյանը:

Նա նկատեց՝ ընդհանուր առմամբ, վերջին հանրահավաքից առաջ նշյալ տեղեկատվության տարածումը ևս, ըստ ադրբեջանական հասարակության ընդդիմադիր հատվածի, միտված է եղել հասարակության մեջ առկա վախի մթնոլորտի խորացմանը և այս անգամ արդեն ահաբեկչության վտանգի առկախմամբ մարդկանց՝ հանրահավաքին մասնակցելուց զերծ պահելուն։

«Հանրահավաքների ժամանակ քննադատության հիմնական թիրախում եղել է ադրբեջանական իշխանությունների վարած ներքին և տնտեսական քաղաքականությունը: Մասնավորապես, շատ են շեշտվել Ադրբեջանում աշխատատեղերի բացակայությունը և գործազուրկների մեծ թիվը, համատարած կոռուպցիան, խոսքի ազատության բացակայությունը, մեծ թվով քաղբանտարկյալների առկայությունը, Ադրբեջանի ֆինանսական կապիտալի օֆշորացումը, ոչ նավթային արտահանման ցածր ցուցանիշները։ Մեր տեսակետից հետաքրքիր է այն, որ Ադրբեջանի ոչ նավթային արտահանման ցուցանիշները թե՛ վերջին հանրահավաքի, և թե՛ դրա նախօրեին «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քարիմլիի կողմից համեմատության մեջ են դրվել հայաստանյան նույն ցուցանիշների հետ(համեմատելի են այնքանով, որ Հայաստանը չունի նավթային արտահանում, հետևաբար ցանկացած արտահանում Հայաստանի պարագայում ոչ նավթային է):

Արձանագրվել է, որ տարածքով և բնակչության թվաքանակով Ադրբեջանից փոքր Հայաստանն այդ առումով 50%-ով գերազանցել է Ադրբեջանին, իսկ մեկ շնչին բաժին ընկնող չափաբաժնով հաշվարկի պարագայում գերազանցել է Ադրբեջանին 4.5 անգամ։ Առկա միտումները հուշում են, որ ադրբեջանական ընդդիմության քննադատության թիրախում լինելու է նաև գործող նախագահի կրոնական քաղաքականությունը, քանի որ վերջինս հատկապես իր վերջին 5 տարիների գործունեությամբ ստեղծել է այդ ուղղությամբ քննադատության բավարար հիմքեր»,-փաստեց մեր զրուցակիցը:

Նա պատահական չի համարում այն իրողությունը, որ վերջին հանրահավաքից առաջ ադրբեջանցիներին ակտիվ մասնակցության կոչ արեց նաև Ադրբեջանի հայտնի կրոնական գործիչներից, այժմ Ղոբուստանի կալանավայրում գտնվող Թալեհ Բաղիրզադեն՝ ուղերձում իր և իր հետևորդների ուղին համեմատելով բռնության դեմ պայքարում շիայական իսլամի առանցքային կերպարի՝ Իմամ Հուսեյնի նահատակության ուղու հետ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031