Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը շարունակվում է: Ժիրայր Սեֆիլյանը բոյկոտել էր դատական նիստերը:
Նախորդ դատական նիստին նրա եւ Գեւորգ Սաֆարյանի սանկցիայի ժամկետը լրացել էր, նրանց բերել էին դատական նիստին, Սակայն Ժիրայր Սեֆիլյանը կրկին հայտարարել էր, որ բոյկոտում է նիստը եւ հեռանում, քանի դեռ իր ընկերների՝ «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելու պահանջը չի կատարվել:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Սեֆիլյանին չէր թույլատրել հեռանալ, սակայն Սեֆիլյանը, այնուամենայնիվ, լքել էր նիստերի դահլիճը՝ դատավարական կարգը խախտելու համար մի քանի ժամով կրկնի սանկցիայի ենթարկվելով:
Այսօր նրանց պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին նորից ապահովել նրանց մասնակցությունը դատական նիստին: Դատավորը թույլատրեց եւ Սեֆիլյանին ու Սաֆարյանին բերեցին դատական նիստին:
Գեւորգ Սաֆարյանը նախազգուշացվեց՝ դատական նիստին նստած դատավորին դիմելու համար:
Տիգրան Եգորյանը Գեւորգ Սաֆարյանի անունից հայտարարեց, որ նա հրաժարվում է հանրային պաշտպանից: Դատավորն էլ պարզաբանեց, որ ըստ Քրդատ օրենքի, պաշտպանը չի կարող ամբաստանյալի փոխարեն հրաժարվել հանրային պաշտպանից, դա պետք է անի անձամբ Գեւորգ Սաֆարյանը, բայց՝ ոտքի կանգնած: Գեւորգ Սաֆարյանը ոչ մի կերպ ոտքի չէր կանգնում եւ նստած էր խոսում:
Այս պահին Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հարցերին է պատասխանում Պավել Մանուկյանը:
Իր խոսքի մեջ Պավել Մանուկյանն անընդհատ վիրավորական արտահայտություններ էր անում ՀՀ նախագահի հասցեին: Դատավորը հորդորում էր կոռեկտ լինել: Պավել Մանուկյանն էլ կատակեց. «Ձեզ ինչպե՞ս դիմեմ, սիրելիս»: Դատավորը ծանոթացրեց դիմելաձեւերին՝ հարգելի դատարան, Մանուկյանն էլ արձագանքեց. «Հարգելի թողե՞լ եք, որ ասեմ»:
Ավելի ուշ նա դատավորին սկսեց դիմել դու-ով. «Եթե դու հայկական ժողովրդական հերոսին ամբաստանյալ ես համարում, ես համակարգում արդարադատություն բառը եւ դատարան բառը չեմ տեսնում, ելնելով դրանից՝ ես նույնիսկ շատ սիրալիր եմ գտնվում քո հանդեպ, աղջիկ ջան»:
Նա ասաց, որ ինքը մի քանի դատի է մասնակցում ու որեւէ դատավոր չի համարձակվում իրեն ամբաստանյալ բառով դիմել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































