Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ մենք հասանք տեղ՝ իրային պահեստի ղեկավարությունն անհետացել էր». Անդրանիկ Քոչարյանը՝ 0038 գաղտնի հրամանի մասին

Փետրվար 23,2018 14:47

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու, փաստահավաք առաքելություն իրականացնելու համար ստեղծված փորձագետների փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանին այսօր ԱԺ-ում «Ելք» դաշինքի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ փաստահավաք խմբի գործունեության ընթացքում որեւէ փաստ, ապացույց ի հայտ եկա՞վ, որ ցուցարարների կողմից օգտագործվել է որեւէ զենք, զինամթերք, ոստիկանության դեմ:

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ոչ, փաստահավաք խումբը որեւէ տեղեկություն չկարողացավ հայտնաբերել, որ ցուցարարների կողմից կիրառվել է զենք, զինամթերք, նռնակներ: Այդպիսի բան գոյություն չուներ, որովհետեւ փաստահավաք խումբը միայն ՀԱԿ-ի, «Ժառանգության» փորձագետները չէին, եթե կային այդպիսի փաստեր, կարող էին խմբին ներկայացնել նաեւ իշխանությունը ներկայացնող մյուս երկու փորձագետները, առավել եւս, երբ Գեւորգ Թովմասյանը դատախազությունում աշխատանքի մեծ փորձ ուներ եւ նույնիսկ ինքը չկարողացավ: Ամեն ինչ արվում էր, որ առաջին զեկույցը հնարավորինս ձգձգվի, կամ գոնե իրականություն չդառնա: Փաստահավաք խմբի հետ կապված կար թյուր կարծիք, թե 5 հոգով ոչինչ չեն կարող անել, բայց սխալվեցին, խմբի աջակիցների թիվը անսահման մեծ էր եւ խումբը նյութեր ունենալու խնդիր չուներ»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պահանջում էին իրենց ներկայացնել տեսագրություններ, նյութեր, դատախազության տրամադրած նյութերը բավականին կրճատված էին, դրա համար իրենք չէին շարժվում միայն պաշտոնական այդ մարմիների տրամադրած նյութերով:

Անդրանիկ Քոչարյանը խոսեց նաեւ գաղտնի հրամանի՝ 0038-ի մասին: Նա ասաց, որ 00 արդեն նշանակում է խիստ գաղտնի, բայց այն դուրս է եկել ՊՆ շրջանակներից: Դրա համար առնվազն 2 անձ է դատապարտվել՝ գնդապետ Արմեն Սարգսյանը եւ վարչության աշխատակիցը: 2010-ի մայիսին նրանք կալանավորվել են, ինչը ապացուցում է այդ հրամանի առկայությունը, որը հրապարակվել էր: Որեւէ մեկը չի հերքել այդ հրամանը: Այդ հրամանը թույլ է տվել ՊՆ-ին ներգրավել Մարտի 1-ին ոչ միայն արտակարգ դրության ժամանակ, որի իրավունքը չունեին, նաեւ դրանից առաջ ԶՈՒ-ն օգտագործվել է ներքաղաքական գործընթացների ժամանակ: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տրամադրված համազգեստների հետ կապված զեկույցում կա, բայց ունեցել են այլ տեղեկատվություն եւս, որը իրենց թույլ չեն տվել ստուգել. «Հստակ տեղեկատվություն ունեինք եւ Վահե Ստեփանյանին ես տեղյակ եմ պահել այն մատյանի եւ մատյանում գրանցված այն գրառման տեղը, որի տեղեկատվությունը մենք ունեինք…Բայց պարզվեց, որ մինչեւ մենք հասանք տեղ՝ իրային պահեստի ղեկավարությունն անհետացել էր, միաժամանակ նաեւ անհետացել էր թիկունքի գնդի ղեկավարությունը: Մենք որոշել էինք, որ եթե այստեղ որեւէ բան հնարավոր չլինի պարզել, պետք է գնայինք թիկունքի գունդ»:

Փաշինյանի հարցին՝ ինչո՞ւ ի վերջո սպանությունները չեն բացահայտվում, որովհետեւ պաշտոնական տեսակետ է, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել տասնյակ տեսախցիկների ներքո, հազարավոր մարդկանց ներկայությամբ տեղի ունեցած սպանությունները այդքան դժվա՞ր է բացահայտել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ չի բացահայտվում, որովհետեւ խոչընդոտները բավական մեծ են այն պաշտոնյաների մոտ, որոնք այսօր շարունակում են պաշտոնավարել: Իսկ փաստահավաք խմբի իմաստն ու ուժը նրանում էր, որ ինքը կաշկանդված չէր:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հարցրեց՝ ես արխիվների հետ աշխատող մարդ եմ, գիտեմ ինչպես կարող են անհետանալ որոշ նյութեր, դուք ձեր ձեռքի տակի փաստերը տվել եք ինչ-որ մի տեղ, ունե՞ք պատճեններ, հնարավո՞ր է հետեւել այդ նյութերի պահպանությանը:

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ նյութերը պահվել են խմբի չհրկիզվող պահարանում. «Նյութերը պարոն Վահե Ստեփանյանի կողմից հանձնվել են պարոն Նիկոյանին, Նիկոյանը այդ ամբողջ ձայնագրությունները, նյութերը պետք է հանձնած լինի նախաքննական մարմնին»:

Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հարցրեց, թե հնարավո՞ր է Չերյոմուխա-7-ը չկարողանան նույնականացնել, ՄԻԵԴ-ում զարմացել են: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ իրեն զարմացրել է գնահատականը գործարանային արտադրողի, որ Չերյոմուխա 7-ը կարելի է կիրառել բաց տարածությունում, դա այդպես չէ: Չերյոմուխա 4-ն է դրա համար նախատեսված եւ ոստիկանական զորքերն այդ զենքն ունեին, որտեղ կիրառել են 4-ը, զոհեր չեն եղել, իսկ Չերյոմուխա 7-ը նախատեսված է փակ տարածքներում թաքնված, պախկված հրոսակախմբերին, հանցագործներին հանելու համար: Ինքը բացվում է, երբ արգելք է լինում, բայց  մենք տեսանք, որ մեր զոհվածների մարմինների միջից են հանել նռնակները, նշանակում է՝ եղել է նշանառու կրակոց: Կիրառման կարգը խախտված է, մենք լսել ենք նրանց, որոնք անմիջական հրաման են տվել: Չերյոմուխա 7-ը մենակ չեն կիրառում, պետք է լինի 2 անձնավորություն եւ մեկը պետք է լինի ենթասպա: Եթե այս պայմաններում չբացահայտեն ում կրակելու արդյունքում է տեղի ունեցել մահը, պարզապես շատ պիտի ցանկանալ, գնահատել անփութություն, սխալ կիրառում, ու ում կրակոցն էր՝ մինչեւ հիմա բացահայտված չի: Նա վստահեցրեց, որ այսօրվա տեխնիկական միջոցները նույնականացման հնարավորություն տալիս են, հարեւան երկրներում էլ կարող են դա անել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Արման ՎԵԶԻՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728