Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւի վրա մատ թափ տալը մեր գործը չէ, մեր զինվորը այդ մատը՝ զենքը թափ է տալիս սահմանի վրա». Աշոտյան

Փետրվար 28,2018 12:54

Վիճծառայության պետ Ստեփան Մնացականյան ԱԺ-ում պատասխանեց Նաիրա Զոհրաբյանի քննադատությանը, որ մարդիկ չեն հավատում իր ներկայացրած որեւէ թվի, քանի որ նա ապրում է ասես վիրտուալ Հայաստանում, իրականությունից կտրված է: Նա ամոթանք էր տվել Մնացականյանին՝ ասելով, որ անհարմար է 2,6 տոկոս գնաճ ներկայացնել:

Ստեփան Մնացականյանը պատասխանեց, որ ինքն իրեն անհարմար ու վատ է զգում, որ Նաիրա Զոհրաբյանի մոտ նման կասկածներ են կուտակվել. «Վիճակագիրների համար երջանկությունը հենց հասկացված լինելն է»: Նա ներկայացրեց, թե սպառողական գների ինդեքսի կառուցվածքը ինչպես է պարզվում: Սկսեց բացատրել, թե ինչքան բարդ է տվյալները արագ հավաքել, որ հրատապությունը չկորի, միջինը հանել:

Խորհրդարանում քննարկվեց նաեւ սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը: Այն ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա ասաց, որ սա այն կարեւոր հարցերից է, որտեղ ներքաղաքական տարաձայնությունները մղվում են երկրորդ պլան, բոլոր խմբակցությունները միացել են նախագծին եւ դարձել են համահեղինակ:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, որ գալիս են պատգամավորները ԱԺ ամբիոնից, սկսում են Ալիեւի վրա մատ թափ տալ ու հոխորտալ, դա իրեն հիշեցնում է «Քաջ Նազարին»՝ թախտի տակ մտած: Ըստ նրա, Ալիեւի դեմ պետք է այլ տեղերում հոխորտալ. «Հակահայ, հայատյաց քաղաքականությամբ իրենք զբաղվում են ամեն օր ու ամեն ժամ: Ցանկացած հարթակ, բայց ամենավերջինը մեր հարթակը մենք պիտի օգտագործենք մեր խնդիրները բարձրացնելու համար: Մենք պիտի կարողանանք միջազգային կառույցների հետ ճիշտ աշխատենք, որ ունենանք իրական հաջողություններ՝ հիբրիդային պատերազմում»:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ նրան նրբորեն դիտողություն արեց, որ եթե մարդիկ լսեն նրա ելույթը, պիտի ասեն՝ «Աշխատեք, դուք եք միջազգային կառույցներում»: Նա ասաց, որ իհարկե, ԱԺ-ում էլ պետք է հայտարարություններ անեն, եթե պահը գա՝ ուրիշ տեղերում էլ կռիվ պետք լինի՝ կռիվ էլ կանեն:

Արմեն Աշոտյանն ասաց. «Մատ թափ տալը մեր գործը չէ, մեր զինվորը այդ մատը՝ զենքը թափ է տալիս սահմանի վրա: Մեր խնդիրը քաղաքական փաստարկների, ինտելեկտուալ աշխատանքի, ասելիքի եւ ասելիքի ձեւերի բազմազանության մեջ հասցնել իրականությունն ու արդարությունը միջազգային մեր գործընկերներին: 6-րդ գումարման ԱԺ-ն բավականին խոստումնալից է սկսել իր աշխատանքը»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ մեր հակառակորդները Խոջալուն են դրոշակ սարքել՝ Սումգայիթը թողած ու հիմա էլ փորձում են ներկայացնել, թե իբր Սումգայիթը հայերն են սարել. «Մի հատ ստահակ հայ են գտել՝ Էդուարդ անունով, իբր թե այդ ստահակների ոհմակում եղել է, դարձրել են այնպես, թե մենք իբր իրենց քաղաքում մեր դեմ ցեղասպանություն ենք կազմակերպել: Այս այլանդակություններին պետք է վերջ դրվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728