Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ մարտի 1-ի մասին. «Իշխանությունները սլաքներն ուղղում են Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ»

Փետրվար 28,2018 14:25

Փետրվարի 28-ին «Հայելի» ակումբում հյուրընկալվել էր ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը: Նա ասուլիսին եկել էր «Մարտի 1-ի ոճրագործությունը» վերնագրով գրքով, որը բաժանեց լրագրողներին: Կոնգրեսը հատուկ հրատարակել է այդ գիրքը, որն իրենց տեսանկյունից օբյեկտիվորեն ներկայացնում է մարտի 1-ի դեպքերի ողջ պատկերը:

«Տասը տարի է անցել այդ սպանություններից, այս գիրքը հրատարակել ենք Մարտի 1-ի ոճրագործության տասնամյակի առիթով, այնտեղ Կոնգրեսի տեսակետներն են, ԵԽԽՎ բանաձեւեր, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները, Փաստահավաք խմբի զեկույցները, բազմաթիվ նյութեր, նաեւ տեսանյութեր, այն ամենը, ինչ կարեւոր է, որ ամբողջական պատկերացում ունենանք Մարտի 1-ի վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ Մարտի 1-ի ոճրագործության նշանակությունը մեծ է Հայաստանի ապագայի վրա»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ անդամի ձեւակերպմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթել էր, սակայն ընտրությունների արդյունքները գողացվել էին, եւ իշխանություններին այլ բան չէր մնում, քան ջարդելը ժողովրդի դիմադրությունը: Նա վկայակոչեց նաեւ Վիկիլիքսի գաղտնազերծած փաստաթղթերում առկա փաստերը:

Մանրամասները՝  տեսանյութում:

«Ըստ էության, իշխանությունը պահվեց ժողովրդի արյան գնով: Մեր նորանկախ պատմության մեջ իշխանություններն առաջին անգամ կրակեցին սեփական ժողովրդի վրա: Ազգի հոգեբանության վրա մի ծանր տրավմա է եղել, որի հետեւանքները պետք է հասկանանք…Եվ արտագաղթի, եւ կոռուպցիայի տեմպերը, եւ տնտեսական այսօրվա վիճակը կապված են դրա հետ, ժողովուրդը հասկացավ, որ օտարվել է սեփական երկրից, ժողովուրդն այլեւս իրեն ազատ տերը չի զգում իր երկրի… 2009 թվականից սկսած՝ մենք մարտի 1-ին երթ ենք անցկացնում, որը միգուցե կդադարեցնենք այն ժամանակ, երբ մեղավորները, կազմակերպիչները կանչվեն արդարադատության եւ ՀՀ իշխանությունները ներողություն խնդրեն սեփական ժողովրդից…

Արդարադատություն, փոխհատուցում մարտի 1-ի զոհերի հարազատներին, նաեւ ներողություն՝ սա է կոմպլեքսը, իշխանությունը ինքը պետք է ներողություն խնդրի սեփական ժողովրդից, դա, իհարկե, ֆանտաստիկայի ոլորտից չէ: Ու քանի դեռ այդ օրը չի եկել, մենք երբեք լիարժեք, ազատասեր իր ճակատագրի տեր ազգ չենք լինելու: Ու թեեւ տասը տարի անցել է մարտի 1-ից, բայց ես վատատես չեմ, որ կարծեմ, թե քսան տարի եւս կպահանջվի»,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով, ցեղասպանությունն ավելի սարսափելի տրավմա էր, բայց մինչեւ չեղավ Ղարաբաղյան հաղթական պատերազմը, մենք չհաղթահարեցինք այդ տրավման, նույնն էլ պետք է կատարվի այս պարագայում:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

«Իշխանությունները փորձում են սլաքները ուղղել Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, այո, այդ օրվա իշխանությունը Քոչարյանն էր, նա է հրամանագիր ստորագրել, ինքն է գլխավոր հրամանատարը եղել այդ բանակի: Չնայած սրան, Սերժ Սարգսյանն էլ է կրում պատասխանատվություն, քանի որ նա այդ թիմի մասն է եղել, եւ կա կոծկման պատասխանատվություն: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին այդ ամենը տասը տարի կոծկվել է: Սերժ Սարգսյանը դեռ հնարավորություն ունի ապացուցելու, որ մեղավորներն այս մարդիկ են»,- ասաց բանախոսը:

Նա անդրադարձավ նաեւ Սամվել Նիկոյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությանը, որը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելուն. «Զարմանում եմ, որ Նիկոյանը նորից խոսելու իրավունք է ձեռք բերել: Նա չհասկացավ, թե ինչ կատարվեց իր հետ, ՀՀԿ-ից ընտրել էին մի անձ, որը քիչ է ենթակա հասարակության ատելությանը, նրան հանձնարարել են անել այդ կեղտոտ գործը: Ինքը չհասկացավ, թե ոնց իրեն փչացրին, չնայած վերջում հասկացել էր: Եթե Կոնգրեսը լիներ Պառլամենտում, ինքը չէր կարող նման կերպ խոսել, իսկ հիմա նրան հակադարձող չեղավ, ոչ ոք չասաց, թե ինչո՞ւ ես քո հնամաշ բառերը նորից ասում…»:

Լեւոն Պետրոսյանի դեմ հնչած մեղադրանքներին էլ անդրադարձ եղավ: «Այս գրքում էլ է գրված, ամերիկյան զեկույցներն էլ են փաստում, որ Տեր-Պետրոսյանը գտնվել է ապօրինի տնային կալանքի տակ, մի բան, որ մեր օրենքով նախատեսված չէ…Եվ ովքեր կասկածի տակ են առնում Լեւոն Պետրոսյանի տնային կալանքի տակ լինելը, ես կասկածում եմ նրանց պարկեշտությանը, համարում եմ դեմագոգիա»,-հայտարարեց ՀԱԿ անդամը:

Նա շեշտեց մարտի 1-ին կազմակերպվելիք երթի մասին, ասաց, որ ամենակարեւոր գործը ժողովրդի ներկայությունն է Ազատության հրապարակում, եւ եթե նրա խոսքով, իշխանությունը տեսնի, որ քիչ մարդ է հավաքվել, կհամարի, որ ժողովուրդը մարսեց մարտի 1-ը: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այդ օրը մարտի 1-ի զոհերի ծնողների հետ գնալու են գերեզման: Ժամը 4-ին պատարագ է նախատեսված, իսկ երեկոյան ժամը վեցին կմեկնարկի երթը:

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728