«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի դեմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն քաղաքացիական հայց է ներկայացրել: «Դա վերաբերում է այն գույքի ոչնչացմանը, որը տեղի է ունեցել 2016 թ դեկտեմբերի 13-ից 15-ը ընկած ժամանակահատվածում»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը:
Ըստ հայցադիմումի՝ Հովհաննես Հարությունյանը վնասել է թիվ 4 հիվանդասենյակի պատուհանի ապակին, կոտրել է աթոռի հենակը, պահարանի դուռը, դրանով հարվածել պատուհանին, վնասել է նաև բացվող պատուհանի փեղկի ապակին։ Հասցված վնասի չափը, ըստ փորձագետի, կազմել է 54975 դրամ: 1500 դրամ էլ ՔԿՀ-ն պահանջել է որպես հայցի համար վճարված պետական տուրքի գումար:
«Հայցադիմումի մեջ նշել են, որ այդ ժամանակահատվածում Հովհաննես Հարությունյանը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսեւորել: Միաժամանակ անձը չի կարող եւ ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորել, եւ միտումնավոր ինչ- որ գործողություն իրականացնել: Նման վիճելի պարագայում ոչնչացված գույքի համար վնասի փոխհատուցում պահանջելը ոչ այլ ինչ է, քան անմտություն»,- ասում է Հայարփի Սարգսյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































