Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ընկալած կայսրը հարմարվողականության դեմ պայքարը սկսում է հենց իրենից»

Ապրիլ 30,2018 10:30

Ռեժիսոր Տաթեւիկ Հակոբյանը վերադառնում է՝ ցույց անելու

Կան արվեստագետներ, այս դեպքում՝ ռեժիսորներ, որոնք կարիերայի սկզբում ինքնարտահայտման հարթակ են որոնում թատրոնում, տարիներ անց նրանց տեսնում ենք կինոյում կամ՝ հակառակը: Բայց եզակիներին է, եթե չասենք՝ բառացիորեն մեկ-երկուսին, հաջողվում երկու ոլորտում էլ առաջին իսկ աշխատանքներից հետո մասնագետների ուշադրությանն ու հետաքրքրությանը արժանանալ: Նման ռեժիսորներից է Տաթեւիկ Հակոբյանը: Խոսելով այս արվեստագետի մասին, մասնագետները նշում են, թե նա ինքնանպատակ որեւէ բան չի անում, փորձարարությունից չի վախենում, գտնում է նոր, ավելի ուշագրավ արտահայտչամիջոցներ: Ավելին, կրկնօրինակման նշույլ չկա նրա աշխատանքներում: Մինչդեռ մեր իրականությունում փորձարարության ուղիով ընթացող որոշ արվեստագետների աշխատանքները «ողողված» են նատուրալիստական գույներով, սեռական մտահոգվածության կնիքով եւ այլն: Անդրադառնալով Տաթեւիկ Հակոբյանի արվեստի գնահատականին, որոշ մասնագետներ այն հակիրճ բնութագրում են այսպես. նրա աշխատանքները աչքի համար հաճելի են, մտքի համար՝ հետաքրքիր:

«Կալիգուլա» բեմադրության փորձերից:

Ռեժիսորի առաջին աշխատանքը Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացեք» պիեսն էր՝ 2003թ., Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հետո ռեժիսորի ստեղծագործական կյանքում իշխեց լռությունը: Ասում էին՝ արվեստագետը տարվել է կինոյով, ինչը հաստատվեց տարիներ անց՝ նրա սցենարով 2007թ. նկարահանված «Սեւագիր» նկարով: Հետո էլի դադար եղավ, դարձյալ երկարատեւ: Այս դեպքում խոսում էին, թե ռեժիսորը մեկնել է Մոսկվա՝ Ռոման Բալայանի երկամյա բարձրագույն կինոդասընթացներին հաճախելու: Եթե չենք սխալվում, թեեւ այս դեպքում դա էական չէ, մինչ Մոսկվա մեկնելը կամ վերադարձից հետո ՆՓԱԿ-ում կամերային ձեւաչափով անցկացվող «1 քմ» փառատոնում Տաթեւիկ Հակոբյանի՝ Բեքետի «Գոդոյին սպասելիս» ֆիլմը լավագույնը ճանաչվեց: Հիմա էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ռեժիսորը վերադառնում է թատրոն՝ Քամյուի հանրահայտ «Կալիգուլա» բեմադրությամբ:

Կադր «Սեւագիր» ֆիլմից:

«Առավոտի» հետ զրույցում ռեժիսորը նշեց, թե իր նախասիրությունների շրջանակում ոչ միայն թատրոնն ու կինոն են, այլեւ արվեստի բոլոր ճյուղերը: Նրա խոսքերով՝ արվեստի յուրաքանչյուր տեսակ գործիք է ինչ-որ խնդիրներ բարձրացնելու կամ դրանց մասին խոսելու: Հայտնեց նաեւ, որ իր առաջին ֆիլմից հետո 8 տարի դադար է եղել մինչեւ երկրորդ, դարձյալ իր սցենարով «Օտարը» ֆիլմը: Այդ ընթացքում զբաղվել է լուսանկարչությամբ, իրականացրել նաեւ կոլաժների ցուցահանդես:

«Օտարը» ֆիլմից:

Հետաքրքրությանը՝ ինչու է վերադառնում թատրոն, ռեժիսորը նախ ժպտալով նշեց, թե վերադառնում է ցույց անելու, հետո էլ մանրամասնեց. «Ընդվզում եմ այն արտահայտության դեմ, որ երբեմն որակվում է անհնարին: Օրինակ, «Գոդոյին սպասելիս» ֆիլմում անհատի լքված լինելն է արծարծվում, «Սեւագիրը» ավելի շատ անհատի օտարացած լինելու մասին է, հավերժ փնտրտուքի մասին: Խոսքս գլոբալ օտարման մասին է, պատկերավոր ասած՝ տիեզերքում իրեն չգտնելու մասին: «Վերադառնում եմ, մոռացեք» բեմադրության մեջ ղարաբաղյան պատերազմում ամուսնուն կորցրած կնոջ ու հասարակության հարաբերություններն են…»: Հետո էլ տիկնիկային թատրոնում կայանալիք «Կալիգուլա» ներկայացման առիթով ասաց. «Որոշ պատմաբաններ չեն ընդունում Սվետոնիուսի «12 կեսարները» աշխատության հիման վրա Քամյուի «Կալիգուլան»՝ դա համարելով ընդամենը գրական ստեղծագործություն: Նրանք ասում են, թե Սվետոնիուսը նկարագրել է Կալիգուլային որպես խելացնոր, դաժան կայսր ու ստեղծվել է կանխակալ վերաբերմունք նրա հանդեպ: Մինչդեռ այդ կայսրը հանդես է եկել նաեւ ժողովրդահաճո գործերով, ժողովուրդը հարգել է նրան… Ես ցանկություն ունեմ ցույց տալու, որ Կալիգուլան Սենատի հետ լուրջ բախումներ է ունեցել, նրա պայքարը ոչ միայն կառավարիչների հարմարվողականության դեմ էր, նաեւ անհատի: Հենց Կալիգուլան ինքը մարդու հարմարվող տեսակի դեմ է: Այնպես որ, լսելով Կալիգուլա, չպետք է այն կապել խելացնորության հետ: Իմ ընկալած կայսրը հարմարվողականության դեմ պայքարը սկսում է հենց իրենից եւ ցանկանում է տեսնել անհնարինը՝ հնարավոր: Իհարկե՝ այս ամենը հանուն մարդու, ժողովրդի…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

28.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30