Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մահացած ծննդկանի հարազատները դիմում են Նիկոլ Փաշինյանին

Մայիս 15,2018 22:10

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվեց մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով դատավարությունը: Պատճառն այն է, որ այս անգամ էլ դատին չէր ներկայացել ամբաստանյալ Դավիթ Շահվերդյանի պաշտպանը: Վերջինս էլ չցանկացավ առանց իր պաշտպանի շարունակել դատավարությունը:

Հիշեցնենք, որ Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը երեխայի ծնունդից հետո մահացել է 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը: Նրա մահվան համար մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին ու մանկաբարձ-գինեկոլոգ, ներկայումս հանգուցյալ Արսեն Բալայանին: Նրանք մեղադրվում են մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի համար, որի հետեւանքով անզգուշությամբ առաջացել է Հռիփսիմե Նազլուխանյանի մահը:

Նիստի ընթացքում լրագրողներին թույլ չտվեցին լուսաբանել այն: Դատականի նիստից հետո Դավիթ Շահվերդյանն էլ դիմեց դատավոր Սուսաննա Գզոգյանին, ասելով, որ չի ցանկանում, որպեսզի այսուհետ լրագրողները ներկա լինեն նիստերին:

Հերթական անգամ նիստի հետաձգումն առաջացրեց հանգուցյալի հարազատների զայրույթը, «Ես էս որբ երեխուն ամեն օր վերցնեմ գամ ու հետաձգեն: Բոլորը կաշառակեր են՝ դատավոր, ոստիկան, քննիչ, ոչ մի բան չկա: 50.000 դրամի բողոք եմ գրել Երեւան, որ հարցին ուշադրություն դարձնեն, ոչ մի բան չեն անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հռիփսիմեի սկեսուրը՝ տիկին Քնարիկը, հավելելով, որ առաջիկայում պատրաստվում է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ես խնդրում եմ, ես ուզում եմ գամ քո մոտ: Օր նշանակի գամ հանգիստ խոսամ: Էս էրեխի խնամքը մնացել ա իմ վրա, հերը ներվեր չունի, որ պահի, ես էլ եմ շաշացել: Փաշինյան ջան, խնդրում եմ տեր դառ, սաղ կաշառակեր են, ստեղ էլ դատախազ չկա, մարդ չկա, խնդրում եմ էլի փոխի սրանց: Համ սպանելա հարսիս, համ էլ դատ չի լինում»:

-Ես ամեն անգամ, որ գալիս եմ այստեղ, իրան տեսնում եմ, ինձ շատ վատ եմ զգում, ամեն անգամ այդ նույն ապրումներն եմ ունենում: Ինչքան կարելի է: Չի կարելի մարդու զգացմունքների հետ խաղալ: Մենք ուզում ենք, որ ամեն ինչ օրենքով լինի, բայց օրենքը չի ուզում հասկանա, որ մենք մարդ ենք,- ասում է Հռիփսիմեի մայրը՝ տիկին Մարիետան:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 5-ին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031