Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Մանուշակ Պետրոսյանի եւ Ռուզաննա Բարսեղյանի որոշմամբ հետաձգվեց Նոր Հայաստան ընդդիմադիր շարժման անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին միջնորդություն առնչությամբ որոշման հրապարակումը։ Դատարանը հետաձգումը պատճառաբանեց այն փաստով, որ վերաքննիչ բողոքի քննությունը դեռ ընթացքի մեջ է, եւ վերաքննիչ բողոքի քննության ավարտին միայն դատարանը կանդրադառնա խափանման միջոցին։
Հիշեցնենք, որ Սաֆարյանը Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալներից է եւ մեղավոր է ճանաչվել 2015թ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Սաֆարյանի, ինչպես եւ Սեֆիլյանի եւ մյուսների վերաքննիչ բողոքի քննությունը, որով նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Սեֆիլյանը մեղավոր էր ճանաչվել զինված խումբ ստեղծելու, ապօրինի զենք պահելու եւ ռազմավարական նշանակության շենք շինություններ զավթելու փորձի համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































