Լրահոս
Օրվա լրահոսը

70 միլիոն դրամ՝ «սկոչած» դռներով ու վտանգավոր հատակով դպրոցին (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 05,2018 19:07

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից Շիրակի մարզպետարանին հրատապ ծրագրով հատկացված գումարների մեծ մասը ուղղվելու է դպրոցաշինությանը։

«Ամենաուրախալին կարելի է համարել Հացիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը, ինձ հասած տեղեկություններով մոտ 70 միլիոն դրամ է հատկացվելու այս դպրոցին, հույս ունենք, որ մյուս տարվանից կունենանք բարեկարգ, գեղեցիկ դպրոց», -ասաց Շիրակի մարզպետարանի պաշտոնյան։

Aravot.am-ն անդրադարձել էր այս դպրոցի շենքի անմխիթար վիճակին՝ հրապարակելով լուսանկարներ։ Դպրոցի շենքը թեև սեյսմակայուն է, սակայն հիմնովին վերանորոգման կարիք ունի․ պատուհաններն այնքան հին են ու մեծ, որ քամին ամեն վայրկյան ներխուժում է դասարաններ, տանիքը կաթում է, հատակն այնպես է քայքայված, որ ըստ տնօրեն Աստղիկ Սարիբեկյանի, նույնիսկ վտանգավոր է քայլելու համար։ Իսկ որոշ դասարանների դռներն էլ, մեր այցի պահին «սկոչած» էին, դրանք պոկվել էին, ուսուցիչները ստիպված էին եղել «սկոչել», որ բացել-փակելուց երեխաներին գլխին չընկնի։

Մեր հրապարակումից հետո այստեղ երկու սենյակ վերանորոգեց ու մեծ քանակությամբ գույք՝ աշակերտական սեղան-աթոռներ, էլեկտրոնային ու սովորական գրատախտակներ, պահարաններ, ուսուցչանոցի համար աթոռներ, բակի նստարաններ հատկացրեց հոլանդական «Fam to Fam» բարեգործական կազմակերպությունը (տես լուսանկարներում)։ Ճաշասենյակը, խոհանոցն ու պահեստն էլ վերանորոգվեց ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով։

Դպրոցը հիմնովին կվերանորոգվի մեր պետական բյուջեի հաշվին, եթե Մարմաշեն խոշորացված համայնքը նախագծա-նախահաշվարկային աշխատանքները կատարելու համար գումար հատկացնի։

Բանն այն է, որ հատկացվելիք գումարի՝ 70 միլիոնի 4 տոկոսը պիտի հատկացվի դպրոցի կողմից, սակայն, ինչպես մեր հետ ունեցած զրույցում փոխանցեց դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը, բյուջեն շատ սուղ է, ինքը օգնության խնդրանքով դիմել է Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին։

Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանն էլ մեզ տեղեկացրեց, որ մոտ 2 միլիոն 800 հազար դրամ նախագծա-նախահաշվարկայինի արժեք է հաշվարկված։

«Ես այսօր հանդիպում եմ ունեցել պարոն Սարուխանյանի՝ մեր մարզպետի հետ, այդ թեմայով մենք զրուցել ենք։ Պայմանավորվել ենք համապատասխան կազմակերպության հետ, որ նախագծա-նախահաշվարկային աշխատանքները կատարեն, հունվարին մեր բյուջեից այդ գումարը նախատեսեք։ Միակ շանսն է, որ դպրոցը հիմնովին վերանորոգվի։ Ես այս դպրոցի հարցով բազմիցս դիմել եմ թե՛ նախկին, թե՛ ներկա մարզպետին ու այսօր արդեն մեր խնդրանքը իրականացնում են․ հրատապով հատկացրել են 70 միլիոն դրամ։ Ժամկետի մեջ տեղավորվելու ենք ու հնարավոր է ավելի էժան կատարենք այդ աշխատանքները, քան հաշվարկված գումարն է՝ 2 միլիոն 800 հազարը», -ասաց համայնքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930