Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Խոշտանգման մեջ մեղադրվողը տուժողի մասին. «Ես իրեն նայում, ասում եմ՝ սուտ ես ասում»

Սեպտեմբեր 11,2018 23:33

Սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության հերթական նիստը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրական կողմը ներկայացնում է ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը : Ժ. Սիմոնյանի շահերը դատարանում ներկայացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը, որը սեպտեմբերի 11-ի նիստին ներկա չէր:

Սեպտեմբերի 11-ի նիստի սկզբին դատավոր Զոյա Զաքինյանը Գերասիմ Մարդանյանին բացատրեց, որ նա իրավունք ունի ցուցմունք չտալու, սակայն վերջինս մանրամասն ցուցմունք տվեց գործի հանգամանքների վերաբերյալ, պատասխանեց իր պաշտպան Ռոբերտ Ալիխանյանի հարցերին: Մարդանյանը հայտնեց, որ 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Իջեւան քաղաքի «Խոլարքեր» սարամասին հարակից անտառում Իջեւանի անտառտնտեսության անտառապետերից մեկը անօրինական կարգով անտառանյութ է բաց թողել: Դրանից հետո Գ. Մարդանյանը ոստիկանության 2 աշխատակիցների հետ մեկնել է այդ անտառամաս: Մարդանյանի խոսքերով` հետո իրենք իմացել են , որ այդ օպերատիվ տեղեկության արտահոսքի հետեւանքով «ԳԱԶ-66» ավտոմեքենայի փայտը անտառում թափել են, եւ մեքենան դատարկ է անտառից դուրս եկել, Գ. Մարդանյանը եւ 2 ոստիկանները չեն խոչընդոտել բեռնատարի անտառից դուրս գալուն: Գ. Մարդանյանը ոստիկանության 2 աշխատակիցների ցուցում է տվել աննկատ հետեւել բեռնատարի շարժին, որպեսզի պարզեն գործի հետ կապված հանգամանքները:

Այդ մեքենան, որը վարել է տուժող Ժորա Սիմոնյանի եղբայր Վահրամ Սիմոնյանը, գնացել է Այգեհովիտ գյուղ: Որոշվել է այդ բեռնատարը բերել ոստիկանության Իջեւանի բաժին, Վ. Սիմոնյանի եղբայր Ժորա Սիմոնյանը ցանկություն է հայտնել, որ ինքը բեռնատարը տեղափոխի ոստիկանության Իջեւանի բաժին:

Գ. Մարդանյանն ասաց, որ ժորա Սիմոնյանի հոր` Գարսիկ Սիմոնյանի եւ վերջինս որդիներից մեկի հորդորով Իջեւանի բնակիչ Ալբերտ Գրիգորյանը, իսկ ոստիկանության շենքի բակում՝ Գարսիկ Սիմոնյանը, հեռախոսազանգերի միջոցով` Այգեհովտի բնակիչ Սամվել Ղարագեդյանը իրեն հորդորել են բաց թողնել «ԳԱԶ-66» -ը, սակայն ինքը մերժել է, քանի որ դա իրավասության շրջանակներում չէ: Գ. Մարդանյանն ասաց, որ ինքը ժորա Սիմոնյանին հարվածելու պատճառ չի ունեցել , վերջինս սուտ է ասում, Ժորա Սիմոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի շենքից դուրս գալով իմացել է, որ իր հայրը՝ Գարսիկ Սիմոնյանը Գ. Մարդանյանի դեմ բողոքել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, եւ հոր բողոքին սատարելով`իր դեմ շինծու մեղադրանք է ներկայացրել: Գ. Մարդանյանն ասաց ,որ Ժ. Սիմոնյանը հայտնել է, որ ինքը նրան հարվածել է նրա վարած բեռնատարը չկանգնեցնելու համար, մինչդեռ իրենք անտառի եզրին կարող էին միակողմանի ճամփան փակել, կանգնեցրել ավտոմեքենան, կարող էին դեպի Այգեհովիտ տանող ճանապարհին ճանապարհային ոստիկանության միջոցով կանգնեցնել բեռնատարը:

Գ.Մարդանյանը հայտնեց, որ մինչեւ ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում Ժ. Սիմոնյանին հանդիպելը, ինքը բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հ. Խանզրատյանի աշխատասենյակում լսել է Ժորայի եղբոր՝ Վահրամի բացատրությունը, որ «ԳԱԶ-66» բեռնատարը Վահրամն է վարել, կողքին եղել է վերջինիս հարեւանը, ինքը անտառի եզրին տեսել է, որ բեռնատարը Վահրամն է վարել: Ամբաստանյալը հայտնեց, որ Սիմոնյանների ընտանիքը ապրում է ապօրինի անտառհատումներով, իսկ ինքը անմեղ լինելով՝ Գարսիկ Սիմոնյանին է ցույց տվել ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարները, ասելով, որ նա կարող է իր դեմ բողոքել:

Գ. Մարդանյանը հայտնեց, որ գործը վարող քննիչին չի վստահել, քանի որ նա իրեն սպառնացել է կալանավորումով, հորդորելով, որ ինքը խոստովանի տուժողին հարվածելու հանգամանքը: Ամբաստանյալը հայտնեց, որ մեղադրանքի բովանդակության մեջ ավելացում է կատարվել, տուժողին ապտակելու հանգամանքը քննիչը ավելացրել է իբր իրեն գաղտնալսման արդյունքում, սակայն այդ գաղտնալսումն այդպես էլ ի հայտ չեն եկել, ինքը նման բովանդակությամբ հեռախոսազրույց չի ունեցել:

Քրեական գործով մեղադրող Վարդգես Սարգսյանը դատարանից խնդրեց ամբաստանյալի, նախորդ դատական նիստերում վկաների, տուժողների ցուցմունքների ձայնագրությունները եւ ժամանակ խնդրեց նախապատրաստվելու, հաջորդ նիստում ամբաստանյալին հարցեր ուղղելու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 4-ին, ժամը 12-ն անց 30-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930