Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չվերանորոգվեց Վանաձորի մայր թատրոնը

Սեպտեմբեր 19,2018 19:55

Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 87- 88-րդ թատերաշրջանի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, տնօրեն Ագնեսա Շահնազարյանը խոսեց ոչ միայն թատրոնի ձեռքբերումների ու ծրագրերի, այլ նաեւ իրենց առջեւ ծառացած խնդիրների մասին: Իսկ խնդիրների շարքը գլխավորում է շենքի վերանորոգման հարցը: Դեռ 2017 թվականի վերջին թատրոնի տնօրինությունը տեղեկացրել էր, որ այս տարվա գարնանը կվերանորոգվի շենքի տանիքը, վերանորոգման ու ամրացման աշխատանքներ կիրականացվեն նաեւ շենքի ներսում:

Տանիքի վերանորոգման աշխատանքները կատարվել ու ավարտին են հասցվել: Այն իրականացվել է «Տաշիր» ընկերության կողմից: Իսկ շենքի վերանորոգման հարցը մնում է օդից կախված: Նախագիծ-նախահաշիվը կազմված է, սպասում են ներդնողներին: Նախագծի համաձայն՝ շենքի նորոգման համար անհրաժեշտ է 263 միլիոն դրամ: Գումարի 20 տոկոսը պարտավորվել է տրամադրել քաղաքաշինության նախարարությունը, իսկ մնացած 80 տոկոսը՝ «Տաշիր» ընկերությունը:

«Նախագծման աշխատանքները մի քիչ ձգձգվեցին, բայց հիմա վերջացած են: Մայիսին հանձնվել է փաթեթը, բայց մեր հովանավորի կողմից չի եղել հստակ պատասխան, որ ո՛չ չենք վերանորոգում, կամ այո՛ կվերանորոգենք: Այսինքն, դեռեւս շփում չի հաստատվել: Հստակ չի: Թատրոնը բազմաթիվ խնդիրներ ունի»,- ասում է տնօրենը:

Վերանորոգման կարիք ունի ոչ միայն թատրոնի ընդհանուր շենքը, այլեւ առանձին սենյակները. «Շենքի աջակողմյան հատվածում արդեն փլուզման հետքեր են նկատվում: Չեմ ասում, որ եթե չվերանորոգեցին, մյուս տարի շենքը կփլվի, բնավ: Բայց, եթե խնդրին լուծում չտանք 3-4 տարի հետո շենքի այդ հատվածը պարզապես գոյություն չի ունենա: Շատ վտանգավոր է»,- ասում է Ագնեսա Շահնազարյանն ու հավելում, որ վատ պայմանների պատճառով, ամաչում են դրսից հյուրեր ընդունել. «Սկսած սանհանգույցներից, վերջացրած հարդարասենյակներով, խայտառակ վիճակի մեջ են: Ոչ մարդկային պայմաններ են: Եթե դրսից ուզում ես դերասան հրավիրել, վատ ես զգում: Մենք մերոնցով սովոր ենք, մենք կարող ենք այդպիսի պայմաններում մեր հագուստը փոխել: Բայց երբ որ ասում են, ինչո՞ւ՞ դրսից դերասաններ չեք հրավիրում, հավատացեք ռուսաստանյան որեւիցե թատրոնի դերասան նման պայմաններում երբեւէ չի աշխատի: Կամ, երբ որ հանդիսատեսը մտնում է սանհանգույց եւ նման պատկերի է հանդիպում, շատ տգեղ է: Հարդարասենյակներում չկան լվացվելու տարրական պայմաններ, որն անհրաժեշտ է դերասանի համար: Մի խոսքով շենքը շատ վատ վիճակում է, եւ պետք է ամբողջությամբ վերանորոգել»,- ասում է տնօրենը:

Բացի այդ շենքն ունի նաեւ անհրաժեշտ լուսային ու ձայնային տեխնիկայի կարիք: Արդեն մաշվել ու խունացել է նաեւ թատրոնի գույքը. «Մի այնպիսի հեռակառավարման վահանակ ունենք, որ երբ որ «Չէին սպասում» հաղորդումը մեզ մոտ հյուր եկավ, եւ մտավ այդ սենյակ, որտեղից լույսերն են կառավարում, սկսեցին ծիծաղել: Որովհետեւ դա կարելի է ուղղակի թանգարանում դնել, որպեսզի տեսնեն, թե ինչպես են հին ժամանակներում աշխատել»,- ասում է Ագնեսան:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930