Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետարանում սպասվում են կադրային փոփոխություններ

Հոկտեմբեր 10,2018 22:50

Քիչ առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետարանի աշխատակիցներին  ու մարզի համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:

Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանին, ապա շնորհավորեց Անդրեյ Ղուկասյանին: Պապիկյանը խոսեց նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին. «Մեկ անգամ եւս շնորհավորելով պարոն Ղուկասյանին՝ ուզում եմ մաղթել բեղուն գործունեություն եւ ասել, որ Լոռու մարզը, այս կարեւոր մարզը, որը պատվից զատ նաեւ ծանր բեռ է, մենք դնում ենք նրա ուսերին: Միեւնույն ժամանակ ակնկալում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների սերտ համագործակցությունը տարածքային կառավարման մարմնի հետ: Եվս մեկ անգամ հորդորում եմ բոլորին՝ փոխել համայնքի մթնոլորտը, օր առաջ սեր խաղաղություն ու անդորր հաստատեք մեր համայնքներում:

Այժմ հետհեղափոխական Հայաստանը թեւակոխում է մի նոր՝ կարեւոր փուլ: Թե՛ տեղական ինքնակառավարման, եւ  թե՛ տարածքային կառավարման մարմինները, գործադիր իշխանությունը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ՀՀ-ում վերջին 25 տարիների ընթացքում լինի նմանը չունեցող ընտրություն:  Մենք մեզ թույլ չենք տա քայլեր, որոնք դուրս են մեր իրավասության շրջանակներից:  Առաջիկա ընտրությունները փորձաքար են լինելու նոր Հայաստանի, որովհետեւ մենք վստահության խաթարված մթնոլորտը վերականգնելու խնդիր ունենք»:

Լրագրողների հետ զրույցում, խոսելով մարզում առկա խնդիրների լուծման մասին, Պապիկյանը հույս հայտնեց, որ նոր մարզպետի շնորհիվ Լոռիում առաջընթացներ կգրանցվեն. «Պարոն Ղուկասյանի պատասխանատվության բարձր աստիճանը, նաեւ նրա հետեւողականությունն իհարկե մեծ հույսեր են ներշնչում, որ մարզում առկա խնդիրներին հնարավոր կլինի կարճ ժամկետում լուծումներ գտնեն: Որոնք էլ արագ լուծվող չեն, բնականաբար դրանց հիմքերը կդրվեն, եւ մեր միասնական ջանքերի արդյունքում հնարավոր կլինի լուծել»:

Aravot.am-ի այն հարցին, թե ո՞վ կփոխարինի Անդրեյ Ղուկասյանին՝ փոխմարզպետի պաշտոնում, Պապիկյանը պատասխանեց.  «Այս պահին դեռ նոր որոշում չունենք: Իսկ մյուս փոխմարզպետի դիմումն ընդունելը վարչապետի որոշումն է: Երբ կունենանք թափուր տեղ, այդ ժամանակ քաղաքական թիմը կքննարկի եւ վարչապետին կներկայացնի առաջարկություն»:

Իր խոսքում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժգոհեց՝ մարզպետարանում որոշ վարչություններ իրենց գործառույթը լավ չեն իրականացնում. «Այս պահին վարչությունները չեմ նշի, բայց որոշակի կադրային քաղաքականություն կվարվի, փոփոխություններ կլինեն, բայց դրանք կլինեն միայն եւ միայն այդ մարդկանց գործառույթների հետ կապված: Ով կլինի իր տեղում եւ կաշխատի հավուր պատշաճի, կլինի մոտիվացված եւ համահունչ կլինի այս ամեն ինչին, իհարկե նա կաշխատի: Նման մարդիկ մեզ շատ են անհրաժեշտ: Բայց այն մարդիկ, որոնք որ մինչ այժմ մեղմ ասած չեն կատարել իրենց պարտականությունները կամ կատարել են թերի, նրանք, հավանաբար, նոր պայմանների հետ չեն համակերպվի եւ հրաժեշտ կտան իրենց աշխատանքին»:

Ղուկասյանը նշեց, որ մարզում բոլոր ոլորտներում էլ առկա են խնդիրներ. «Կլինի մի փուլ, որ ես կնվիրեմ ոլորտների ուսումնասիրությանը, կհասկանամ ինչ է իրականում կատարվում, եւ դրանից հետո կկայացնեմ որոշակի որոշումներ: Օրինակ` կրթության ոլորտ պետք է փոփոխություններ մտցնել ավելի ակտիվ ձեւով: Դպրոցներում հիմնական խնդիրները կապված են խորհուրդների հետ, որոնցում հիմնականում ընդգրկված են բարեկամական կապերով իրար հետ կապ ունեցող անձիք, որը որ անթույլատրելի է: Խնդիրները բազմաթիվ են: Առողջապահության ոլորտով արդեն զբաղվել եմ, ինձ թվում է մի փոքր դրական տեղաշարժ կարող ենք նկատել:»:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031