Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Հոկտեմբեր 12,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ երեսունիններորդ

ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Հիմա սկսում եմ մտածել, որ «որտեղ հաց, էնտեղ կաց»-ը զուտ հայկական խոսք ու ասացվածք է, եւ, պարզվում է, էս  չափազանց հայեցի ասացվածքը չափազանց հետաքրքիր, բովանդակալից եւ գեղարվեստորեն կատարյալ ու ամբողջական շարունակություն էլ ունի, որից առ էսօր զարմանալիորեն անտեղյակ էի եւ որը վերջերս կարդացի Ալեքսանյան Աշոտի գրքում, եւ էդ ամբողջական տարբերակը հետեւյալն է՝ «որտեղ հաց, էնտեղ կաց. որտեղ հաց ու պանիր, էնտեղ կաց ու բանիր», եւ Ալեքսանյան Աշոտի չափածո երգերի ու արձակ երկերի չափազանց հետաքրքիր ու յուրահատուկ ժողովածուում էդ ամբողջական տարբերակը կարդալով՝ սկզբում մտածեցի, որ անձամբ Ալեքսանյան Աշոտն է էդ «որտեղ հաց, էնտեղ կաց»-ը շարունակել, բայց հետո մտածեցի, որ էդ շարունակության ու ամբողջական տեքստի հեղինակն էլ է ժողովուրդը, եւ հիմա էլ եմ էդ կարծիքին, որովհետեւ Աշոտն ինչքան էլ տաղանդավոր լինի, դժվար թե էդքան դիպուկ ու էդքան ճշգրիտ շարունակեր էդ «որտեղ կաց, էնտեղ կաց»-ը, եւ ընդհանրապես՝ բաներ կան, որոնք միայն ժողովուրդն է ի վիճակի արարել, եւ հիմա նաեւ մտածում եմ, որ միայն «որտեղ հաց, էնտեղ կաց» եւ «որտեղ հաց ու պանիր, էնտեղ կաց ու բանիր» բստրած ժողովուրդը կարող էր աշխարհին էսքան գաղթական պարգեւել, բայց, այսուհանդերձ, հեչ պարզ չի՝ էդ ասույթն է պատճառը, որ աշխարհին էսքան գաղթական ենք պարգեւել, թե, ընդհակառակը, էսքան գաղթական ենք համայն աշխարհին պարգեւել եւ էդ պատճառով ու դրա շնորհիվ ենք էդ ասույթը հղացել, բայց, այդուհանդերձ, գաղթական բառը մեզանում բացասական եւ նույնիսկ ողբերգական զգացողություն ու տպավորություն է առաջացնում, եւ մենք գաղթական ենք համարում արեւմտահայության՝ եղեռնից մազապուրծ հատվածին, ինչպես նաեւ՝ ղարաբաղյան պատերազմի տարիներին Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից ու Ադրբեջանի այլ տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին, մինչդեռ, ըստ էության, գաղթական  են նաեւ խաղաղ պայմաններում իրենց իսկ բնօրրաններից   տեղահանվածները, որոնք իրենց իսկ բնօրրաններից իրենք իրենց տեղահանել են՝ «որտեղ հաց, էնտեղ կաց» եւ «որտեղ հաց ու պանիր, էնտեղ կաց ու բանիր» նշանաբանով, եւ եթե հաշվի առնենք, որ գրեթե բոլոր գաղթականներն են իրենց  բնօրրանները լքելով՝ բարօրության եւ հատկապես կենցաղային բարօրության ձգտում, պիտի առձանագրենք, որ մեր գյուղերից մեր մայրաքաղաք տեղափոխվողներն էլ են իրենց կյանքն ու կենցաղը բարելավելու նպատակով մեր գյուղերից մեր մայրաքաղաք տեղափոխվում, եւ եթե հաշվի առնենք, որ հատկապես մեր մայրաքաղաքում լավ կյանքի գրավականը պաշտոնն է, պիտի ընդունենք նաեւ, որ էդ է պատճառը, որ գյուղից քաղաք  տեղափոխվածները սովորաբար ավելի են բարձր պաշտոնների ձգտում, քան՝ բնիկ քաղաքացիք, եւ քանի որ ձգտում են, հիմնականում հասնում են:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել