Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխականների եւ հակահեղափոխականների պայքար Արմավիրում

Հոկտեմբեր 12,2018 18:30

Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիր քաղաքում եվս հոկտեմբերի 21-ին քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: Այս քաղաքը 15 տարի ղեկավարած ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմում ներկայացրեց հունիսի 22-ին, երբ Հայաստանում կայացած թավշյա հեղափոխությունից հետո Արմավիրում իր դեմ նույնպես բողոքի ցույցեր սկսվեցին:

Ի սկզբանե, այս քաղաքի ղեկավարի պաշտոնի համար, պատրաստվում էին պայքարի ելնել հանրությանը հայտնի նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը եւ ներկայումս «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:

Սակայն, ինչ-ինչ պատճառներով, քաղաքապետի պաշտոնի հավակնորդների թիվը նվազեց: Այդ պաշտոնում մրցապայքար մտած թեկնածուներն են գործող քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը: Նա Արմավիրի բնակիչ չէ, հարակից գյուղերից մեկի բնակիչ է: Դավիթ Խուդաթյանը շատ թե քիչ հայտնի դարձավ հանրությանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա այս տարածքում առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով «Ելք» դաշինքի կողմից: Ի դեպ, այն ժամանակ ընդդիմադիր դաշինքի ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է`800-ից քիչ ավելի ձայն: Դավիթ Խուդաթյանը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, ինքնաառաջադրվել է: Կարգախոսը հեղափոխության տրամաբանության մեջ է`«Քայլ արա, Արմավիր»: Իսկ նախընտրական բուկլետի վրա նաեւ վարչապետի նկարն է ու Ազատության հանրահավաքներից նկար: Կենսագրականում գրված է, որ իշխող ուժի հիմնադիր անդամ է: Ինքն էլ, ըստ տեղացիների, սիրում է ներկայանալ իբրեւ վարչապետի հովանավորյալ:

Ինքնաառաջադրված հաջորդ թեկնածուին`Ժիրայր Աբրահամյանին, Արմավիրում այդքան էլ չեն ճանաչում: Շատերն ասում են, որ նա իր թեկնածությունն առաջադրել է` մյուս թեկնածուներից տարբեր առաջարկներ ստանալու համար:

Կրկին ինքնաառաջադրված Օհան Հարությունյանին այստեղ նույնիսկ շատ լավ են ճանաչում: Նա ավագանու անդամ է: Կարգախոսն է`«Նոր Հայաստան, բարեկեցիկ Արմավիր»: Նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի օգնականուհու եղբայրն է: Նրան, ըստ Արմավիրում շրջանառվող լուրերի, ոչ հրապարակային, սատարում են Ռուբեն Խլղաթյանը`յուրայիններով, ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը եւ ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը: Օհան Հարությունյանը Արմավիրի էլցանցի պետ Վարդան Ներսիսյանի մտերիմ-հովանավորյալն է, իսկ Վարդան Ներսիսյանն էլ հայտնի քրեական հեղինակություն նորագյուղցի Բոգոյի մտերիմներից է:

Արմավիրի քաղաքապետի չորրորդ հավակնորդը Սեւակ Մինասյանն է: «Պահանջիր քո քվեով» կարգախոսով: Անկուսակցական է: Սեւակ Մինասյանը 2011-ին նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը Արմավիրի քաղաքապետի պաշտոնում`ընդդեմ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի: Նա ՀՀԿ-ական թեկնածուին զիջեց շուրջ հազար ձայնով: Սեւակ Մինասյանի թիմակիցները ողջ ընթացքում բարձրաձայնում էին զանգվածային խախտումների եւ ընտրության արդյունքն անվավեր համարելու անհրաժեշտության մասին:

Նրանք նույնիսկ բողոքի ցույցի էին դուրս եկել եւ փակել Արմավիր – Երեւան մայրուղին, ծեծկռտուք էր սկսվել ոստիկանների հետ, ինչի հետեւանքով Սեւակ Մինասյանի թիմակիցներից ոմանք նույնիսկ կալանավորվեցին: Ընտրություններից մեկ տարի անց, Արմավիրի «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրում հնչած կրակոցների արդյունքում Սեւակ Մինասյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց`ՀՀ ՔՕ-ի 258 հոդվածի 4-րդ մասով: Միջադեպից հետո Սեւակ Մինասյանն անձամբ էր ներկայացել ոստիկանություն: Սեւակ Մինասյանի թիմակիցները պնդում էին, որ ռեստորանային համալիրում տեղի ունեցածը «սարքած» էր եւ Սեւակի նկատմամբ մարզային իշխանությունները կողմից նրա նատմամբ հաշվեհարդար էր իրականացվում:

Այսօր Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը քաղաքապետի թեկնածուներին հրավիրել էր բանավեճի: Ժիրայի Աբրահամյանն ի սկզբանե հրաժարվել էր բանավեճից: Օհան Հարությունյանը վերջին օրն էր հայտարարել, որ չի մասնակցելու բանավեճին: Իսկ Դավիթ Խուդաթյանը վերջին պահին էր հրաժարվել բանավեճից`պատճառաբանելով, որ ինքը կբանավիճի միայն այն դեպքում, երբ բոլոր թեկնածուները կմասնակցեն դրան: Հրավերն ընդունել էր միայն Սեւակ Մինասյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031