Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նախկին նախագահի կարծիքով` Սահմանադրությունը թույլ է տալիս հաղթահարել ընթացիկ քաղաքական ճգնաժամը

Հոկտեմբեր 13,2018 15:28

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (ԲԴԽ), ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կարծիքով Հայաստանի Սահմանադրությունը ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու տարբերակ ունի: «Լուծումներ կան Սահմանադրության մեջ, եւ այդ լուծումներով պետք է առաջնորդվել, ոչ թե ավելի շատ քաղաքական աղմուկ բարձրացնել»,- այսօր Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին նախագահը:

Նա ճգնաժամի գլխավոր խնդիր համարում է այն, որ ԱԺ-ում չկա կայուն խորհրդարանական մեծամասնություն: «Փաստն այսօր այն է, որ մեր խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, այս խնդիրը պետք է հաղթահարվի»,- ասաց Հարությունյանը:

Նրա մեկնությամբ` «խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը ստեղծում է ինստիտուցիոնալ լուրջ խնդիրներ ԱԺ- կառավարություն եւ ԱԺ-այլ ինստիտուտներ հարաբերություններում, ԱԺ ներքին կառուցվածքն է խաթարվում եւ այլն: Հայաստանի համար այս կառավարման ձեւի պարագայում անհրաժեշտ է, որպեսզի մշտապես կայուն խորհրդարանական մեծամասնությունը առկա լինի, այսինքն, եթե դա բացակա է, պետք է գտնել լուծումը»:

«Սահմանադրությունն ունի 89-րդ հոդված, որի առաջին նախադասությամբ ասվում է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական կարգով, եւ երկրորդ նախադասությամբ ասում է, որ պետք է ապահովել ԱԺ-ում կայուն մեծամասնություն: Սա խորհրդարանական կառավարման առանցքային լուծումներից մեկն է՝ կայուն մեծամասնության երաշխավորությամբ»,- ասաց ԲԴԽ նախագահը եւ նշեց, որ 2017-ի ընտրություններից հետո ԱԺ-ում եղած կայուն մեծամասնությունը հիմա փլուզվել է:

«Այ խնդիրը, արմատն այստեղ է: Ի՞նչ անել»,- հարցրեց Գագիկ Հարությունյանն ու ինքն էլ պատասխանեց իր հարցին: «Պետք է Սահմանադրության 92-րդ հոդվածում լրացում կատարվեր հենց խորհրդարանի կողմից, որտեղ ասվում է, որ 92-րդ հոդվածը տալիս է հիմքերը, երբ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է: Այնտեղ նախատեսված 149 եւ 151 հոդվածներով նախատեսված դեպքերին ես կավելացնեի հետեւյալը՝ ԱԺ-ն իրավունքի ուժով կարող է արձակվել խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում»,- ասաց ՍԴ նախկին նախագահը:

Ավելի մանրամասնելով՝ նա ասաց. «Հայաստանի համար խորհրդարանական կառավարման ձեւի պարագայում անհրաժեշտ է, որ մշտապես կայուն խորհրդարանական մեծամասնությունը առկա լինի, այսինքն եթե դա բացակա է, պետք է գտնել լուծումը: Լուծումը այս պահին երկուսն է՝ Սահմանադրության 149 եւ 151 հոդված: Բայց ես կարծում եմ, որ ԱԺ-ն, եթե իսկապես առաջնորդվեր Սահմանադրության տրամաբանությամբ եւ կայուն խորհրդարանական մեծամասնություն ապահովելու անհրաժեշտությամբ, կարող էր հավաքվել եւ 92 հոդվածում փոփոխություն կատարել, որովհետեւ այդ հոդվածի փոփոխությունը հանրաքվեով նախատեսված չէր: Շատ հետաքրքիր էլ լուծում էր տրված, որ ԱԺ-ն կարող է փոփոխությունը կատարել, ընդ որում՝ դիմող սուբյեկտները կարող են լինել ինչպես կառավարությունը, այնպես էլ 150 հազար ստորագրություն հավաքած քաղաքացիները: Ընդ որում, եթե ԱԺ-ն 2/3-ով փոփոխությունը չի կատարում քաղաքացիների դիմումի վրա, այս պարագայում 3/5-ով կարող է դրվել հանրաքվեի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031