News.am. Հայաստանի նկատմամբ կարելի է սպասել Ռուսաստանի կողմից հետագա տնտեսական էմբարգոներ հայկական արտադրանքի վրա և գազի գների բարձրացում։ Դրա մասին նշվում է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (PISM) հոդվածում։
«2026–2031 թվականների իր արտաքին քաղաքական ծրագրում Հայաստանը նվազեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը՝ դադարելով դրանք անվանել «ռազմավարական դաշինք», ինչպես նախորդ տարիներին, և դրանք վերածելով «կերպափոխվող և խորացող գործընկերության»։
Դա պայմանավորված է քաղաքական, տնտեսական, էներգետիկ և ռազմական ոլորտներում իր հյուսիսային հարևանից առավելագույն անկախության ձգտմամբ։
Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ պահանջելով տնտեսական ինտեգրման ուղու հարցը դնել հանրաքվեի՝ կամ ԵԱՏՄ-ի, կամ ԵՄ-ի շրջանակում, և սպառնում է նրան բացառել ԵԱՏՄ-ից։ Ռուսաստանը հասկացրել է նաև, որ Հայաստանի արևմտամետ կողմնորոշման պահպանումը կարող է հանգեցնել ռուսական գազի նախկինում արտոնյալ գների կտրուկ բարձրացման։
Կարդացեք նաև
Փաշինյանը գիտակցում է, որ իր ձգտումների իրականացումը երկարաժամկետ գործընթաց է, որը կապված է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման զգալի ռիսկի հետ և պահանջում է զգուշավորություն ու գործընկերների մասնակցություն (օրինակ՝ ԵՄ, ԱՄՆ)՝ Ռուսաստանի հետ առկա համագործակցությունը հավասարակշռելու համար։ Սակայն Հայաստանը չի կարող հեշտությամբ դառնալ ամբողջովին անկախ Ռուսաստանից։
Հաշվի առնելով Ռուսաստանից կախվածության մակարդակը՝ դժվար է ենթադրել, որ Փաշինյանը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին որոշում կընդունի նույնիսկ առաջիկա մի քանի տարիներին։ Նա գիտակցում է այն ծախսերը, որոնք կհանգեցնի այդ քայլը։ Սակայն նա կփորձի հայկական արտահանումը վերաուղղել դեպի նոր շուկաներ, ինչին կնպաստի ԵՄ-ի աջակցությունը։ Կարելի է նաև ենթադրել, որ նա կձգտի նվազեցնել Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից՝ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման (Ադրբեջան, Իրան, Թուրքմենստան) և տնտեսության այն հատվածների ազգայնացման միջոցով, որոնք ներկայում վերահսկում են ռուսները կամ նրանց հետ կապված անձինք։ Կարճաժամկետ հեռանկարում վճռորոշ նշանակություն կունենա նոր էլեկտրակայանի կառուցման համար ներդրողի ընտրության որոշումը։ Ռուսաստանից բացի, հետաքրքրություն արդեն հայտնել են Չինաստանը, Ֆրանսիան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ը»,- նշել են փորձագետները։



















































