Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում հենց հիմա նշանակվում են մարզպետներ, և դա մեզ բոլորիս հայտնի անհանգստությունն է». Տիգրան Խզմալյան

Հոկտեմբեր 26,2018 16:29

«Իմ տպավորությամբ՝ առնվազն 50.000-100.000 հայ առանց որևէ տատանումների համոզված է, որ ՀՀ-ն պետք է լինի եվրոպական պետություն և եվրոպական ընտանիքում»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց նորաստեղծ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նա նշեց՝ իրենց կուսակցությունն ընդգծված եվրոպական է և մանրամասնեց. «Մենք համարում ենք՝ ՀՀ-ն արդեն 98 տարի զավթված, օկուպացված է, և մեր բոլոր քաղաքական, տնտեսական, մշակութային, քաղաքակրթական խնդիրների առանցքը հենց դա է: Օկուպացման պայմաններում մենք լուրջ չենք ընդունում որևէ բարեփոխում՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատական, իրավական, տնտեսական բարեփոխման փորձերը, քանի որ դրանք չեն պատասխանում միակ կարևորագույն հարցին»:

Տիգրան Խզմալյանը նշեց, որ կուսակցությունների ցանկում փնտրում էին մի այնպիսի քաղաքական ուժ, որը հանդես գար հենց այս դիրքերից. «Թեև մեր գործընկերների մեջ կան նվիրյալ ազգային գործիչներ՝ Շանթ Հարությունյան, Պարույր Հայրիկյան, որոնք թանկ են վճարել անկախացման գաղափարախոսության համար, այնուամենայնիվ, մենք անհրաժեշտ համարեցինք ստեղծել կուսակցություն, որն ընդգծված եվրոպամետ ուղղությամբ կզարգանա»:

Ըստ Տիգրան Խզմալյանի՝ մեր երկիրը ոչ թե պետք է հերթական անգամ ցնորքներով առաջնորդվի, որ մենք կարող ենք ապրել, զարգանալ վակուումի մեջ, այլ մենք վստահ ենք, որ ՀՀ-ն եվրոպական պետություն է, որ մշակութային, քաղաքակրթական առումով մենք ոչ միայն եվրոպական ենք, այլև առանցքային մշակույթ ենք Եվրոպայի համար»:

Տիգրան Խզմալյանն ասաց՝ իրենք ապագայի կուսակցություն են, համարում են, որ իրենց սերունդը պարտավոր է կառուցել այն տապանը, որում փրկվելու է մեր երիտասարդությունը:

Տիգրան Խզմալյանը մտահոգություն հայտնեց, թե հիմա էլ Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք չեն բխում եվրոպական սկզբունքներից և գաղափարներից. «Հայաստանում հենց հիմա նշանակվում են մարզպետներ, և դա մեզ բոլորիս հայտնի անհանգստությունն է: Մենք կարող ենք Եվրոպայի մաս լինելով՝ անել այն, ինչ համարում ենք ճիշտ, բայց մենք անցնում ենք սահմանները»:

Կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս, ազատամարտիկ Արամ Ավետիսյանը հավաստիացրեց, եթե չհասցնեն էլ մասնակցել ընտրություններին, իրենց առաջ քաշած խնդիրները լուրջ և հիմնավոր են. «Իհարկե, լինելու ենք ընդդիմություն, քանի որ այն հարցերը, որ կարծում ենք այսօր քաղաքական օրակարգի առաջնահերթություններ պիտի լինեն, ցավոք, առաջնահերթություններ չեն: Բայց, անշուշտ, փորձելու ենք ինչ-որ ձևաչափով մասնակցել ընտրություններին: Աչքակապություն է հայտարարել, որ ԵԱՏՄ-ի նման կոռումպացված համակարգի մի առանձին հատվածում կարելի է պայքարել և հաղթել կոռուպցիան, կարելի է ավտորիտար համակարգի առանձին հատվածում ստեղծել ժողովրդավարության կղզյակ: Համարում եմ՝ առնվազն ազնիվ չէ մեր կողմից կանգնել մեր հայտարարած օլիգարխների կողքին ու հայտարարել, որ ՀՀ-ում օլիգարխներ չկան, որ հանցագործներ չկան, երբ մեր պայքարի, մեր կողմից քաղբանտարկյալ հայտարարած ընկերոջը ոչ թե ազատել են, այլ քրեական հանցագործի նման նրան ներում են շնորհել»:

Կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ալեք Պողոսյանի վստահեցմամբ՝ ցանկացած երկրի ներքին քաղաքականությունն արտաքին քաղաքականության շարունակությունն է. «Ինչպիսի արտաքին քաղաքականություն ունենք, շարունակությունը կունենանք ներքին քաղաքականությունում: Եվրոպական արժեքները մեզ համար դոգմա չէ, քարացած չեն, որ ամեն ինչ, ինչ եվրոպական է, բերենք մեր ներքին կյանքում օգտագործենք: Եվրոպան միշտ փոփոխվող արժեքներ է ունեցել»:

Հարցին՝ ի՞նչ շանսեր ունի իրենց քաղաքական ուժը, կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ինժեներ-կիբեռնետիկ Լուսինե Ազնաուրյանցը նշեց. «Երիտասարդության և ՏՏ ոլորտի մեծամասնության կողմից, այո, ձգտումը եվրոպական է՝ առաջադիմություն, սոցիալական, տնտեսական զարգացում. այն ամենը, ինչի հնարավորություն չենք ունեցել՝ սկսած ՀՀ սովետականացումից երբևէ փոխվող իշխանությունների, հասարակարգերի դեպքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031