Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՉՃՇՏՎԱԾ ԺԱՆՐՈՎ

Նոյեմբեր 23,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քառասունհինգերորդ

ՉՃՇՏՎԱԾ ԺԱՆՐՈՎ

Եվ  Հարությունյան Հայկունին փռթկացնելով Ջոնին հարցրեց՝ «Արմենն ա ուժեղ նարդի խաղո՞ւմ, թե՞ Սեմերջյան Մանուկը՝ ֆուտբոլ», եւ Ջոնը թարս նայեց Հայկունուն ու լրջանալով ասաց՝ «ձեռ ե՞ս առնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Արմենի զառն ո՞վ բերեր, որ չկրեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ասաց՝ «Սեմերջյան Մանուկն իսկապես 20-րդ դարի լավագույն հայ ֆուտբոլիստն ա», եւ Հարությունյան Հայկունին Ջոնին ասաց՝ «Արմենն իրա վեպի մեջ հենց էդպես էլ գրել ա», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նախ՝ Արմենն իմ անունից ա էդ գրել, եւ երկրորդ՝ ընդգծված իռոնիայով ա էդ գրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «լուրջն ու իռոնիան տարբերում ենք», եւ Ղուշչյանը Ջոնին ասաց՝ «բայց Արմենի վեպը շատ լուրջ վեպ ա», եւ Օրթախը փռթկացնելով Հայկունուն հարցրեց՝ «քո քսանբալանոց սիստեմով Արմենի վեպին ինչքա՞ն ես տալիս», եւ Հարությունյան Հայկունին բավական երկար  մտածեց ու ասաց՝ «մինչեւ Արմենի գրածի ժանրը չճշտեմ, չեմ կարա գնահատական տամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դուք վեպ եք ասում, բայց Արմենի գրածի լիքը բաղադրիչներ դասական վեպի կանոններին չեն համապատասխանում», եւ Ղուշչյանը ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «դասական վեպի կանոնները որո՞նք են», եւ Հայկունին մի քիչ մտածեց եւ ժամացույցին նայելով ասաց՝ «մի օր որ ժամանակ ունենանք, կբացատրեմ», եւ Ղուշչյանը ժպտալով Հայկունուն ասաց՝ «ամեն անգամ ասում ես, բայց չես բացատրում», եւ Հարությունյան Հայկունին արդարանալով ասաց՝ «ես մեղավոր չեմ, որ ժամանակը քչություն ա անում, պարոն Ալեքսանդր Ղուշչյան», եւ Ղուշչյանը ժպտալով ասաց՝ «ես էլ մեղավոր չեմ, պարոն Հարությունյան», եւ, ինչպես երեւի հատուկենտ ու ամենաուշադիր ընթերցողներս նկատեցին, Ալեքսանդր Ղուշչյանը միանգամայն նոր կերպար է օրթախականների շրջապատում, բայց իրականում ոչ թե ինքն է նոր, այլ՝ ես եմ զլացել իրեն անդրադառնալ, եւ մինչ այժմ իրեն չէի անդրադառնում ոչ թե էն պատճառով, որ ինքը երեւելի ու վառ անհատականություն չի, այլ միայն ու ընդամենը էն պատճառով, որ Ալեքսանդր Ղուշչյանը համաձայն չէր, որ էս վեպիս մեջ իր անունը Շուրիկ գրեմ, այլ միայն՝ Ալեքսանդր, բայց ես չէի կարող իր էդ միանգամայն բնական ու մարդկային պահանջը բավարարել, քանի որ մենք իրական ու առօրյա կյանքում իրեն հիմնականում Շուրիկ ենք ասում, եւ երբեք՝ Ալեքսանդր, եւ հիմա իրեն ուրախությամբ անդրադառնում եմ եւ առաջիկայում առավել եւս կանդրադառնամ, քանի որ ինքն արդեն մեծահոգաբար համաձայնվել է, որ իր անունն էս չճշտված ժանրի սահմաններում հենց Շուրիկ էլ գրեմ, եւ պիտի խոստովանեմ, որ չանդրադառնալն ինձնից շատ ավելի մեծ ջանքեր էր խլում, քան՝ եթե անդրադառնայի, որովհետեւ Ղուշչյանը չափազանց վառ անհատականություն է, եւ իմ ու Օրթախի կարծիքով՝ նույնիսկ խարիզմատիկ, եւ Վարոյի կարծիքով էլ է Ղուշչյանը խարիզմատիկ:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930