Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պիտի արտադրի աշխարհում ամենաթանկ կոշիկն ու ամենաթանկի տակ էլ վաճառի»․ Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2018 21:50

«Մենք» դաշինքը գլխավորող Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր գյումրեցի լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի ողջ տարածքով խնդիրները գրեթե նույնն են, դրանք պետք է լուծել ամբողջական՝ առանց տարածաշրջանների բաժանելու։

«Ապարանում էլ, Ամասիայում էլ գլխավոր թեման գործազրկությունն է, երկրորդ տեղն անվտանգության հարցն է, Ղարաբաղի հիմնահարցը, զինվորների ծառայության հարցը, կառավարման հարցն է շատ խոսվում, կադրերի, երիտասարդ մարզպետների, քաղաքապետերի, կրթության հարցն է։ Շատ-շատ խոսվում է առողջապահությունից, սրանք թեմաներ են, որոնք գլոբալ լուծում են պահանջում։

Մենք եվրոպական մոդելի պետության կողմնակից ենք, գտնում ենք, որ մեր զարգացումը պիտի լինի այդ ուղղությամբ և այդ առումով չկա որևէ ուժ, որ այդ թեմաներից կխոսի։ Մենք նաև երկրի տնտեսության զարգացման նշված խնդիրների լուծման մեր մոտեցումն ունենք, որը հիմնականում վերաբերում է արդյունաբերությանը։ Ես օրինակ ասում եմ՝ երկրում աշխատատեղեր ստեղծելու միակ հնարավորությունն արդյունաբերությունը զարգացնելն է՝ ծանր և նաև թեթև արդյունաբերությունն ինչ-որ տեղերում։ Ես գտնում եմ, որ այն երկիրը, որ պատերազմող երկիր է, ունի փակ սահմաններ, նման երկրները չեն կարող իրենց բնական ռեսուրսներից չօգտվել և պիտի նայենք, թե մենք ինչ հանքահումքային ռեսուրսներ ունենք և դրանք ոչ թե վաճառենք անկանոն, այլ վերածենք լուրջ վերջնական արտադրանքի։ Ու դա է, որ կդառնա այն լոկոմոտիվը, որն իր հերթին կշարժի մնացած բոլոր ոլորտները և կլինեն իրական, ռեալ աշխատատեղեր։

Այսօր նաև Ամասիայում խոսվեց տեղի ոսկու հանքի մասին, էդպիսի խնդիր կա նաև Լոռիում, Դիլիջանում, Քաջարանում, Ղափանում, Ագարակում, իրենց գործարաններն աշխատում են ու հումքանյութ են վաճառում։ Վաղուց ժամանակն է այդ հումքանյութը մաքուր պղնձի, մաքուր ոսկու վերածելու, դրանից կաբել վերածելու, ռադիոտեխնիկական արտադրանք դարձնելու, սրանք ահռելի աշխատատեղեր են և շատ լուրջ գումարներ։ Հավատացեք որևէ երկիր չի պատերազմում գյուղատնտեսության գումարներով  կամ տուրիզմի գումարներով։  Եթե ուզում ես երկիրդ պահես, այո, բնական ռեսուրսներդ պիտի օգտագործես։ Հասկանում եմ, որ բնությունը լավ բան է, թիթեռ էլ ենք սիրում, բայց ամենաշատ սիրում եմ էդ զինվորին, որը սահմանին կանգնած է։

Իմ պարտքն եմ համարում իրեն ինժեներական պահպանված կառույց տալ, որ էդ Սմերչները իրենց վրա չազդի»,- ասաց Արամ Սարգսյանը։

Ըստ նրա, Հայաստանը պիտի ռեսուրսներ ստեղծի, բարձրորակ արտադրանք տա, հայկական տրիկոտաժը պիտի տարբերվի չինական ու թուրքական տրիկոտաժից։

«Պիտի լինի անհամեմատ ավելի լավ ու եռակի անգամ ավելի թանկ, մենք պիտի էդ արտադրենք եվրոպական շուկաների համար, ոչ թե եվրասիական, որ ասեն՝ այ, դա է մեր շուկան, մեր ապրանքն էլ ուրիշ տեղ չեն գնում։ Էդ շուկայում պահանջարկն էդ է՝  ինչքան էժան, ինչքան գույնզգույն, էնքան․․․Մեր վարպետները, հենց Գյումրվա վարպետներն իրենց ոսկերչությամբ զարմացրել են ամբողջ աշխարհին, ամբողջ աշխարհը օգտվում է հայկական ոսկերչությունից, հայ ժամագործների արտադրանքից, նույնը պետք է լինի նաև կոշկագործության մեջ։ Մենք ամենաթանկ կոշիկը պիտի արտադրենք ու ամենաթանկի տակ էլ վաճառենք, մեր կոշկագործները կարող են, ադրբեջանցին էդ չի կարող, վրացին էդ չի կարող, աշխատատեղերը էստեղ են»,-ասաց Արամ Սարգսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930