Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշերը Գյումրիի մեծ շենքերի պատուհանների 70 տոկոսում լույս չի վառվում»․ Շիրակի նախկին մարզպետի մտահոգությունը

Դեկտեմբեր 06,2018 22:50

Այսօր ՀՅԴ-ն իր քարոզարշավն անցկացրեց Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի դահլիճում։ ՀՅԴ-ի ծրագիրը ներկայացնում էր Շիրակի՝ թավշյա հեղափոխության ժամանակ հրաժարական ներկայացրած մարզպետ Արթուր Խաչատրյանը, որը մոտ մեկ տարի պաշտոնավարելով այս տեղանքում՝ մեծ արագությամբ յուրացրել էր բոլոր խնդիրները։

Նա խոսեց տնտեսական հեղափոխությունից, գյուղատնտեսական խնդիրներից, հասարակությանը սև ու սպիտակի բաժանելուց,  հատուկ անդրադարձ կատարեց Գյումրիին։

«Մեր հիմնական կոչերն են՝ ազատ մարդ, համերաշխ հասարակություն։ Այդ համերաշխ հասարակությունը մեր ազգային անվտանգության գրավականն է, եթե հասարակության մեջ մարդիկ իրար հետ համերաշխ չեն, այդ հասարակությունը երբեք թշնամու դիմաց չի կարողանա կանգնի։ Իսկ թշնամին այնպես չէ, որ բարի է դարձել, մենք 15 թվին մի անգամ խաբվեցինք, ասացինք՝ սուլթանը չկա, արդեն եվրոպականացված երիտասարդ թուրքերն են։ Մենք այդ սխալները տեսել ենք, հիմա ուզում ենք, որ այդ սխալը այլևս չկրկնվի։ Նույն հեղափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանի ապրիլ-մայիս ամիսներին, շատ ողջունելի էր, վերջապես ժողովուրդը հուսալքված վիճակից դուրս եկավ և մարդկանց մոտ նոր հույսեր ծագեց։ Մենք չենք ուզում, որ այդ հույսերը կորեն, այս վերջերս ամերիկյան մի կազմակերպության կողմից սոցիալական ուսումնասիրության ներկայացում էր և ասում էին՝ այս վիճակը, որ մենք այսօր Հայաստանում տեսնում ենք, շատ նման է 2004 թվականի Վրաստանի վիճակին, երբ տեղի ունեցավ վարդերի հեղափոխությունը։

Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանում ահագին բան փոխվեց, այն ժամանակակից, դրական պետություն դարձավ, բայց այդ հեղափոխությունից հետո իրենք կորցրեցին Աբխազիան և Օսեթիան։ Մենք ուզում ենք, որ այս հեղափոխության դրականը մնա Հայաստանում, դրական արդյունքը մենք քաղենք, բայց բացասականից խուսափենք, որովհետև Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար շատ ավելի մեծ է, քան Աբխազիայի նշանակությունը Վրաստանի համար, Օսեթիայի նշանակությունը Վրաստանի համար կամ Ղրիմի նշանակությունը Ուկրաինայի համար։ Եթե ինչ-որ բանի համար քննադատում ենք, մեր քննադատությունը դրական բանին է միտված, որ սխալի հանկարծ էլի չգանք։

Կորցնելու իրավունքը մենք չունենք։ Էսօր դրական ֆոն է, մարդիկ հույսով են, բայց պետք է հասկանանք, որ եղավ հեղափոխությունը, փոխվեց իշխանությունը, կարգերը փոխվեցին, բա դրանից հետո ի՞նչ է լինելու։ Այդ հետոյի մասին է , որ խոսակցությունները շատ քիչ են, ինչը մեզ համար շատ մտահոգիչ է, ներառյալ երեկվա բանավեճը երկու կողմերի միջև։

Իհարկե, այսօրվա իշխանություններին ձեռնտու կլինի, որ Հանրապետականը լինի ընդդիմություն, որովհետև հենց իշխանությունը մի վատ բան անի, Հանրապետականները կսկսեն քննադատել, ՔՊ-ն կասի՝ բա ձեր ժամանակ ավելի վատ էր, նրանք կասեն՝չէ, մեր ժամանակ ավելի լավ էր, ու ամբողջ խոսակցությունը գնալու է՝ ձեր ժամանակ էր վատ, թե՞ հիմա է վատ։ Նոր խոսքի կարիք ունեք, նոր մոտեցման կարիք ունենք»։

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև պետական ապարատից աշխատակիցներին կրճատելու մասին խոսակցություններին։

«Կրճատվեցին, ի՞նչ ենք անելու էդ մարդկանց, ճամպրուկներն առնելու են, երկրից գնան, մեր ժողովուրդն էդ պրոբլեմը չունի, մենք ֆրանսիացիների նման չենք, որ բենզինի համար կռիվ կանենք, մենք ուղղակի կասենք թանկություն է, պայուսակները կհավաքենք և կգնանք։ Ազատանցիք կգնան Յակուտիա, գյումրեցիք կգնան Սարատով, Սամարա, Ռոստով, Վորոնեժ, տաշիրցիք կգնան Կալուգա, ու ամեն ինչ թամամ իր տեղ կընկնի։ Տիգրան Սարգսյանի ասածը՝ բա ինչ է մարդկանց պահենք, որ հեղափոխություն լինի՞»։

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև աղետի գոտուն։ Նա ասաց, որ Գյումրիում ահագին տներ կան, որոնք բնակեցված չեն, և եթե , ըստ բանախոսի, անօթևանների համար նոր բնակարաններ կառուցեն, բնակարանների գինը կընկնի, պահանջարկը շատ չի լինի։ Ըստ նրա, ավելի լավ է անօթևաններին բնակարանների գնման վկայագրեր տալ, որպեսզի կարողանան երկրորդական շուկայից տուն գնել, այս ձևով և՛ տուն վաճառողի հարցը կլուծվի, և՛ տուն չունեցողի։

«Ցերեկները Գյումրին շատ սիրուն քաղաք է, գիշերներն է պրոբլեմ, որ տեսնում ես մեծ շենքում պատուհանների 70 տոկոսում լույս չի վառում», -ասաց նախկին մարզպետը։

Նա խոսեց նաև Գյումրու վթարային շենքերի մասին, որոնք մոռացության են մատնվել։

«Ասում են Ղափանում էլ կան վթարային շենքեր, ընդունում եմ, բայց Գյումրիում շենքը դարձել է վթարային երկրաշարժի հետևանքով։ Եթե մենք ասում ենք երկրաշարժի հետևանքով տուն կորցրածին պետք է տանք բնակարան, բա երկրաշարժի հետևանքով վթարային տներում ապրող մարդկանց ինչի՞ չպետք է տանք։ Էդ մարդիկ երկրաշարժի հետևանքով են տուժել, չէ՞։ Իրենց նույնպես պետք է ԲԳՎ-ներ տրվեն։ Էն շենքերը, որոնք պատմական, ճարտարապետական նշանակություն ունեն, իհարկե, այդ տները պետք է վերակառուցվեն, ամրացվեն։ Բայց կան շենքեր, որոնք Սովետական տարիներից մնացած 40 թվականի տներ են ասենք Տեքստիլում, դրանք պետք է քանդես, մարդկանց բնակարանի գնման վկայագիր տաս, տեղում էլ նորմալ տուն կկառուցես։ Բայց մենակ տնով չես պահի, մարդիկ տունը կծախեն, կգնան, պետք է նաև ձեռնարկություններ ստեղծես»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա, պետության ընդգծված աջակցությամբ արտադրական ձեռնարկություններ պետք է ստեղծվեն, քանի որ հույս դնել, թե մասնավորը կգա ու ձեռնարկություն կստեղծի, չեն գա, 30 տարի շարունակ չի եղել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31