Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆլեշ մոտորս» ընկերության նախկին տնօրենի պնդմամբ՝ Բարսեղ Բեգլարյանի ցուցումով իր նկատմամբ բռնություն են կիրառել. «Հետք»

Դեկտեմբեր 20,2018 23:23

«Ֆլեշ մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանը պնդում է, որ ընկերության «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել ընկերության նախագահ, «Ֆլեշի Բարսեղ» անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի ցուցումով և նրա ներկայությամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր նշանակված էր Բարսեղ Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստ, որին ներկայացած տուժող Արման Մկրտումյանը լրագրողների հետ զրույցում պատմեց իր հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները:

Ըստ Մկրտումյանի՝ «Ֆլեշ մոտորս» ընկերության երկու մենեջեր ընկերությունից յուրացում են կատարել, որի համար այս պահին արդեն մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել:

Յուրացման դեպքի մասին հայտնի դառնալուց հետո, ըստ Մկրտումյանի խոսքի, իր նկատմամբ բռնություն է գործադրվել ընկերության կոնֆերենս սրահում:

««Ֆլեշ մոտորս» ընկերության Քանաքեռ բազայի պետ Հրայր Հովսեփյանն իմ նկատմամբ բռնություն է գործադրել Բարսեղ Բեգլարյանի ցուցումով և նրա ներկայությամբ: Հրայր Հովսեփյանը հարվածել է իմ ուսերին, գցել է գետնին, և այլն, և այլն… չմանրամասնեմ»,- ասաց տուժող Մկրտումյանն ու նշեց, որ այդ բռնությունների հետևանքով է, որ գրավադրել է իր բնակարանը:

Հարցին՝ Մկրտումյանն առձե՞ռն է հանձնել գումարը Բեգլարյանին, տուժողը պատասխանեց, որ ինքը բնակարանը գրավադրել է «Արարատ» բանկում և դրանցից հետո, փաստացի, գումար չի ստացել:

«Այդ գումարը ես չեմ ստացել, քանի որ Բարսեղյանն, այսպես ասած, «Արարատ» բանկի տերն է, հետևաբար այդ գումարը անուղղակի ձևով փոխանցվել է նրան»,- նշեց տուժող Մկրտումյանը:

Վերջինս խոսքով՝ գումարը վերցնելուց հետո Բարսեղ Բեգլարյանն իր վերաբերյալ հաղորդում է տվել Քննչական կոմիտեում և 6-7 ամիս գործը քննելուց հետո որոշել է կայացվել իր՝ Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով:

Տուժողը նշեց, որ ընկերությունից յուրացում չի կատարել: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են հենց իրեն պարտադրել, որ գրավադրի իր բնակարանը, Մկրտումյանը պատասխանեց՝ որովհետև ինքն է եղել յուրացման մեջ մեղադրված անձանց ղեկավարը:

Տուժողը նշեց նաև, որ իր գործողությունները վարչական դատարանը գնահատել է որպես հասարակ անզգուշություն և իր նկատմամբ վարչական տուգանք է նշանակել 280 հազար դրամի չափով, ինքը որոշումը բողոքարկել է, Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքն, ու եթե դատական ակտն օրինական ուժ ստանա, ապա կվճարի նշված գումարը:

Հարցին՝ գործի քննության ընթացքում Բեգլարյանի կողմից ճնշումներ եղել ե՞ն տուժողի նկատմամբ, թե ոչ, արդյոք առաջարկե՞լ են ետ վերցնել բողոքը, Մկրտումյանը պատասխանեց,որ ճնշումներ չեն եղել, սակայն պատրաստակամություն են հայտնել գումարը փոխհատուցելու:

Իսկ հարցին, թե անձամբ Բարսեղյա՞նն է առաջարկել, որպեսզի փոխհատուցի գումարը, Մկրտումյանը պատասխանեց, որ առաջարկը եղել է նրա փաստաբան Կրոմվել Գրիգորյանի միջոցով, սակայն ինքն այդ առաջարկը մերժել է:

Մկրտումյանը հույս հայտնեց, որ արդար դատաքննություն կլինի, ու դրա արդյունքում Բարսեղ Բեգլարյանը կդատապարտվի:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Հետք»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31