Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ բանակցությունները կակտիվանան և մաքսիմալ կառուցողական դաշտում կշարունակվեն, կամ Ադրբեջանը, Աստված մի արասցե, նորից կգնա հերթական արկածախնդրության

Մարտ 12,2019 22:28

Ստեփանակերտում տեղի ունեցած երկու հայկական պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը առաջին հայացքից թվում է թե սովորական արարողակարգային միջոցառում էր, բայց, ըստ էության, արձանագրենք, որ երբևէ երկու հայկական պետությունների ազգային անվտանգության խորհուրդները համատեղ նիստ չեն նախաձեռնել, ավելին` միասնական հասկացված ու երկուստեք ընդունելի օրակարգ չեն ունեցել:

Սա հատկապես հետաքրքիր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության համատեքստում: Մյուս կարևոր փաստը, որի վրա պետք է պատշաճ ուշադրություն դարձնենք այն է, որ Անվտանգության խորհուրդների նիստը հրավիրվել էր, ոչ թե Երևանում, այլ հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Արցախի մայրաքաղաքում: Այս իմաստով, պետք է նկատի ունենալ, որ սա բազմիմաստ քաղաքական մարտավարություն էր, որը և ուղղված էր Հայաստանի և Արցախի ժողովրդին, և Ադրբեջանի իշխանություններին և հասարակությանը և, իհարկե, միջազգային հանրությանը` ի դեմս համանախագահ երկրների:

Նիկոլ Փաշինյանի այս քայլը ներքին լսարանին համախմբելու, Արցախի քաղաքական վերնախավին համերաշխություն հայտնելու լավ մտածված ժեստ էր, իսկ արտաքին աշխարհին հստակ ուղղված ուղերձ` ցույց տալու, որ Հայաստանն ու Արցախը մեկ օրակարգ ու դիրքորոշում ունեն հակամարտության կարգավորման հարցում: Քննության պետք է առնվի նաև վարչապետի ելույթը ԱԱԽ-երի նիստի ժամանակ, որտեղ նա վերահաստատեց նախկին դիրքորոշումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան:

Բանակցություններին Արցախի իշխանությունների ներգրավման անհրաժեշտությունը մշտապես օրակարգում է եղել նաև նախկինում, և սա գաղտնիք չէ, այստեղ նորությունն այն է, որ առաջին անգամ է պետության առաջին դեմքի մակարդակով հայտարարվում այն մասին, որ Հայաստանի վարչապետը չունի Արցախի Հանրապետության անունից բանակցելու մանդատ: Սա ճշմարտություն է և իրավական և քաղաքական և բարոյական տեսակետից:

Փաշինյանի ուղերձը վերաբերվում է բանակցությունների էֆեկտիվությանը և հակամարտության վերջնական կարգավորմանը, ինչին, անշուշտ, պետք է մասնակցի Արցախի իշխանությունը:

Հղում անելով համանախագահների վերջին հայտարարությանը, որտեղ նրանք անընդունելի են համարում Արցախի` բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ըստ էության Փաշինյանը կրկնելով իր դիրքորոշումը վատ վիճակի մեջ դրեց համանախագահներին, հաշվի առնելով նաև այն, որ հստակ հայտարարեց, որ Արցախի վերադարձը բանակցային գործընթաց, Հայաստանի կողմից չի դիտարկվում որպես պայման կամ նախապայման Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու համար:

Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Արցախի ժողովրդի թիվ 1 անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ մյուս կողմից խոսելով հակամարտության սկզբունքների մասին՝ նկատեց, որ հայկական և ադրբեջանական կողմերի դրանց վերաբերյալ մեկնաբանությունները տարբեր են և Հայաստանը չի էլ ցանկանում մտնել այդ լեզվակռվի մեջ:

Վարչապետի ելույթում մեզ համար անհասկանալի միակ բովանդակային խնդիրը «խաղաղության նախապատրաստելու» մասին խոսքն էր: Ուզում ենք ընդգծել, որ այն ոչ թե խնդրահարույց է, որովհետև մենք պատրաստ չենք կամ չենք ցանկանում խաղաղություն, այլ ճիշտ հակառակը` այդ խաղաղության կոչերին ու հորդորներին անհաղորդ է Ադրբեջանը, վառ օրինակ նույնիսկ այն կարևոր փաստը, որ վարչապետ Փաշինյանը 1 տարի առաջ ԱԺ ամբիոնից խոսելով հակամարտության կարգավորման մասին իսկապես ոչ օրդինար թեզ առաջ քաշեց, որ կարգավորումը նույնքան շահեկան ու ընդունելի պետք է լինի և Հայաստանի ու Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս պարագայում կարծում ենք պետք է քաղաքական ու դիվանագիտական խողովակներով ճնշել Ադրբեջանին, որ նա էլ համապատասխան քայլեր ձեռնարկի, այլապես խաղաղությունը երբեք միակողմանի չի լինում:

Հատկանշական է, որ հաշվի առնելով Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը և ԱԱԽ համատեղ նիստն ու դրա ընթացքում Հայաստանի վարչապետի ելույթը` ենթադրվում են կամ բանակցությունները կակտիվանան և մաքսիմալ կառուցողական դաշտում կշարունակվեն, կամ Ադրբեջանը Աստված մի արասցե նորից կգնա հերթական արկածախնդրության` փորձել ստուգելով մեր ազգային և համազգային դիմադրողականությունը և միասնությունը:

ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման եւ հանրային քաղաքականության ամբիոնի մագիստրանտ Սմբատ Ղահրամանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031