Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին էր». Վարչապետի այս հայտարարությունը փոխնախարարը գնահատում է քաղաքական

Ապրիլ 02,2019 13:07

«Այս օրն ունի ամբողջ հայ ժողովրդի համախմբվելու խորհուրդ՝ դիմագրավելու այն մարտահրավերներին, որն ունենք»,- այսօր Եռաբլուրի պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Հարցին՝ ի՞նչ դասեր քաղեցինք մենք եւ հիմա ինչքանո՞վ ենք պատրաստ պատերազմի, քանի որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր զինանոցը մերկ է՝ փոխնախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող կիսել ձեր կարծիքը, որ հայկական զինանոցը մերկ էր, մենք պարտվողի կարգավիճակով դուրս չենք եկել քառօրյա մարտական գործողություններից, այլ կարողացել ենք ցույց տալ այն ոգու խիզախությունը, այն զենքի ճշգրտությունը, որը հայոց բանակը ուներ եւ հիմա էլ ունի: Մենք վերջին մի քանի տարիներին կարողացել ենք լրացնել ե՛ւ մեր զինանոցը, ե՛ւ մարտական պատրաստվածության աստիճանը բերել շատ ավելի զգոն վիճակի: Արդեն իսկ սկսել ենք այդ շրջափուլը, երբ քանակականը փոխարինում ենք որակականի: Մենք որակական լուրջ փոփոխություններ ենք այս ընթացքում կրել՝ անձնակազմի մարտական պատրաստվածության, այդ թվում սպառազինության եւ ռազմամթերքի, նաեւ տեխնիկական միջոցների մասով»:

Aravot.am-ը հարցրեց՝ ապրիլյան պատերազմը նաեւ մի շարք հարցեր առաջացրեց, որոնց պատասխանը մենք մինչ օրս չունեն, ի վերջո հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ չի իմացել, պայմանավորվա՞ծ է սա եղել, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին է, հիմա հաստատվո՞ւմ է՝ ԵԱՏՄ մտնելու մասի՞ն էր, թե՞ դրա մասին չէր, այս հարցերի պատասխանը դուք ունե՞ք, մենք ե՞րբ կարող ենք պատասխանը ստանալ: Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Եվ պարոն վարչապետը, ե՛ւ ՊՆ նախարարը մի քանի անգամ առիթ ունեցել են ասելու, որ այո, հետախուզական մի քանի տվյալներ եղել են, թե ինչ տվյալներ են եղել, ցավոք, չեմ կարող բացահայտել, որովհետեւ օրենքով պահպանվող տեղեկատվություն է: ԵԱՏՄ մտնելու հետ կապված ձեր ասածը ավելի շատ քաղաքական հայտարարություն է, ես չեմ կարող խոսել մի բանից, որի մասին տեղեկատվություն ունեմ մակերեսորեն: Վարչապետը եթե այդպիսի հայտարարություն արել է, ես համոզված եմ, որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում է արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930