Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ո՞ւ էին ուղղված Նիկոլ Փաշինյանի ակնարկները. «Ընտրությունների ժամանակ տեղի է ունենում ոչ այնքան քաղաքական, որքան անձնական հարաբերությունների վրա հիմնված ընտրություն»

Հունիս 16,2019 13:25

Այսօր ընթացող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  համաժողովում ունեցած իր ելույթում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ անցած տարի կայացած թավշյա հեղափոխության օրերին իրենք չգնացին ընդդիմադիր կոալիցիաներ ձևավորելու ճանապարհով՝ գործընթացի ողջ պատասխանատվությունը վերցնելով ՔՊ –ի եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության վրա: Նա հավելեց, որ արտաքին ոչ մի ուժի թույլ չեն տվել միջամտել հեղափոխությանը եւ թույլ չեն տալու միջամտելու երկրի ներքին գործերին:

«Մենք իսկապես ժողովրդավարական կուսակցություն ենք: Սա չի նշանակում, թե մեր կուսակցությունում բոլորի ասածը հավասարապես ազդեցիկ է: Սա նշանակում է, որ բոլորը այստեղ իրենց ասելիքն ասելու հնարավորություն ունեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն իր հետ բերում է նաև մարտահրավերներ, քանզի հաճախ մեր կուսակցությունը և կուսակցականները զերծ չեն եղել հանրության շրջանում առկա միտումներից, երբ, օրինակ, ընտրությունների ժամանակ տեղի են ունենում ոչ այնքան քաղաքական, որքան անձնական հարաբերությունների վրա հիմնված ընտրություն»-ասաց Փաշինյանը՝ խնդրելով վարչության կազմի ընտրության ժամանակ սա հաշվի առնել:

Հիշեցնենք, որ վերջերս Աբովյան քաղաքում կայացած ընտրությունների ընթացքում եւ հետո, մամուլը բազմիցս անդրադարձավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հակադրություններին եւ հակասություններին: Այդ ընտրություններում, Սասուն Միքայելյանը չաջակցեց կուսակցության թեկնածուին, իսկ ավելի վաղ, Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ Ռոմանոս Պետրոսյանը չէր աջակցել Սասուն Միքայելյանի որդի Սեւակ Միքայելյանին:

Ի դեպ, կուսակցության վարչության անդամի համար Սասուն Միքայելյանը թեկնածություն առաջադրել է, սակայն կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ նա կարող է անհրաժեշտ ձայներ չհավաքել:

Արդեն ընդմիջման ժամանակ, լրագրողները փորձեցին վարչապետից ճշտել`ո՞ւմ էին ուղղված իր ակնարկները: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր ոչ մի հարցի չի պատասխանելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930